ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.03.2013
Մարտի 5-ն կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2012թ արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2010 թվականից: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ իրականացվել է «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները: Մրցույթին մասնակցել է 144 սփյուռքահայ անհատ և Սփյուռքի հայկական կազմակերպություն, որից 121-ը արժանացել է մրցանակի:
Միջոցառման մասնակիցներին իր օրհնանքը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը. «Աստծուց օրհնություն խնդրենք այս ծրագրի նախաձեռնողներին և մրցույթի մասնակիցներին՝ հայապահպանությանն ուղղված ջանքերի և հայրենանվեր գործունեության համար»:
Ողջունելով և շնորհավորելով մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հաղթել են բոլոր մասնակիցները, հաղթել են, որովհետև դժվարին պայմաններում իրենց ժամանակը նվիրաբերել են և ջանք չեն խնայել տարբեր մշակույթներ կրող երկրներում պահպանել հայոց լեզուն ու մշակույթը և դրանով կառչած մնալ իրենց արմատներին, քանի որ հայրենիքից դուրս ապրողի համար այսօր ամենահզոր թշնամին ուծացումն է»:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ովքեր, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը արդյունավետ համագործակցության համար, նշեցին, որ յուրահատուկ կամուրջ է ձևավորվել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության միջև: Համահայկական կառույցների հետ համագործակցությամբ մրցանակաբաշխությունը շարունակական բնույթ է կրելու, և ընդլայնվելու են հայապահպանությանն ուղղված համատեղ ծրագրերը:
Մրցանակակիրներին հանձնվեցին 1-ին, 2-րդ, և 3-րդ կարգի դիպլոմներ, դրամական և խրախուսական պարգևներ: Մրցույթից ստացած դրամական պարգևը Նիդերլանդների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու դպրոցը տրամադրեց սիրիահայ ուսանող Վանես Աղճոյի ուսման վարձավճարի փոխհատուցմանը, իսկ «Դոնի Նախիջևան» թերթի խմբագրությունը գումարը փոխանցեց Արագածոտնի մարզի Արագած գյուղի դպրոցին:
Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 սփյուռքահայ մրցանակակիրներ և նրանց ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներին իրենց գործունեությունը բարձր գնահատելու համար:
Նշվեց նաև, որ 2013թ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվելու են մրցույթներ «Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ստեղծագործությունների, «Մա´յր իմ անուշ ու անգին» շարադրությունների, ինչպես նաև «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Մայրենիի պաշտպան», «Համայնքային կառույց» անվանակարգերում:
|