Jueves
21.11.2024
13:08
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Diciembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 3
    Invitados: 3
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Diciembre » 27 » ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
    20:36
    ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ


    ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

    Քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել «արաբական գարունը» ծառայեցնել սեփական քաղաքականության նպատակներին

    2013-ի շեմին հետահայաց անդրադառնալով ավարտվող տարվա իրադարձություններին, դրանցից թերեւս պետք է առանձնացնել խստաշունչ ձմռան վերածված «արաբական գարնան» սիրիական արձագանքները, Հունաստանում սկզբնավորված, ապա նաեւ Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի պես Եվրոմիության երկրներում տարածված ֆինանսատնտեսական ճգնաժամը, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները եւ Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի ձախողումից հետո ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակի շնորհումը:

    «Արաբական գարնան» սիրիական արձագանքների պարագայում խոսքը «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանների եւ նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի միջեւ ընթացող ավերիչ եւ արյունահեղ պատերազմի մասին է, որի վերջը, անկախ Արեւմուտքի իշխանափոխության նկրտումներից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի դիպուկ արտահայտությամբՙ դեռեւս չի երեւում:

    Կնշանակիՙ ռազմական գործողությունները Սիրիայում ամբողջ թափով կշարունակվեն նաեւ առաջիկա տարում: Եթե դրանք, ունենալով անկանխատեսելի բնույթ, չհանգեցնեն երկրում ուժերի հավասարակշռության փոփոխությանը, միեւնույն է, բերելու են տարածաշրջանում լարվածության հետագա սրման: Քանի որ տարածաշրջանային երկրներն ուղղակի կամ անուղղակի ներգրավված են Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում, իսկ միջազգային ուժերը քաղաքական զարգացումների նախաձեռնությանը տիրելու համար հետնաբեմից ուղղորդում են դրանց ընթացքը, ուստի այդ գործողությունները պատճառ են դառնալու, որ խորանա տարածաշրջանային երկրների բեւեռացումը ու անհաշտ բնույթ ստանա մեծ տերություններիՙ Սիրիայով պայմանավորված մրցակցությունը:

    Թեեւ ԵՄ-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը սկզբնավորվեց այս տարի, սակայն դրա գլխավոր պատճառը Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի անհաշվենկատ կառավարումը չէ, այլ անկառավարելի դարձնելու համար եվրոպական այս կառույցն աննախադեպ ընդարձակելու ամերիկյան հաշվարկներն ու անդամակցող երկրների զարգացման մակարդակի տարբերությունները:

    Այլ կերպ, ԵՄ-ի ճգնաժամի համար նախադրյալներ Վաշինգտոնի օրհնությամբ դեռեւս ստեղծվել էին անկախ զարգացման մակարդակից, քաղաքական նկատառումներով կառույցի մեջ նախկին սոցճամբարի երկրների ընդգրկմամբ: Պարզապես առկա ճգնաժամը սահմանափակել է Սիրիայի քաղաքական զարգացումներում ԵՄ-ի առավել ակտիվ ներգրավվածությունը, այնպես ինչպես նախագահական ընտրություններըՙ ԱՄՆ-ի պարագայում, դա միաժամանակ Սիրիայի շուրջը Ռուսաստանի հետ ծավալվող մրցապայքարում կաշկանդել է եվրոպական այս կառույցին:

    ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վերընտրվեց Բարաք Օբաման: Որքան էլ պաշտոնավարման առաջին ժամկետում նախագահ Օբաման նոր պատերազմ չսանձազերծի Մերձավոր եւ Միջին Արեւելքում, չունենալով ըստ երեւույթին դրա հնարավորությունը, որովհետեւ ֆինանսատնտեսական ճգնաժամ է ապրել նաեւ նրա երկիրը, այնուամենայնիվ, նա չի կատարել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու դեռեւս 4 տարի առաջ տված իր խոստումը, ոչ էլ հաշտվել է իսլամական աշխարհի հետ:

    Օբամային, ամենայն հավանականությամբ, հետաքրքրում էր ոչ այնքան տարածաշրջանի լարվածության թուլացումը, որքան ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության շարունակականության ապահովումը: Այդ նպատակով որպես արդյունավետ միջոց դիտարկվեց եւ շրջանառության մեջ դրվեց «արաբական գարունը»: Եթե այս գարունը ի սկզբանե վերածվել է խստաշունչ ձմռան, ապա դրա պատճառը ամերիկյան քաղաքականությունը առաջնահերթ նշանակությամբ Իսրայելի ազգային անվտանգությանը ծառայեցնելն է:

    Ակնհայտ է, որ այսպիսի առաջնահերթ առաջադրանքով ամերիկյան քաղաքականությունը չէր կարող նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Ավելին, չնայած Վաշինգտոնի եւ դաշնակիցների ջանքերին, ԱՄՆ-ն չկարողացավ նույնիսկ կանխել ՄԱԿ-ում Պաղեստինի դիտորդ-պետության կարգավիճակի հասնելը: Գուցե այդ կարգավիճակը անդամակցություն չի ենթադրում, սակայն անդամակցության ճանապարհին լուրջ հայտ է եւ անկախության նախադրյալներ է ստեղծում Պաղեստինի համար:

    Օբամայի պաշտոնակալությունը նախատեսվում է հունվարի 20-ին: Հետեւաբար նա դեռ պաշտոնավարման 2-րդ ժամկետի համար որեւէ խոստում չի տվել: Սակայն ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունը «արաբական գարնան» միջոցով ապահովելու Վաշինգտոնի առաջադրանքը, առավել եւս Իսրայելի անվտանգության առաջնահերթությունը այդ քաղաքականության մեջ անհնար է դարձնում լարվածության թուլացումը տարածաշրջանում:

    Սա նշանակում է, որ առաջիկա տարում Վաշինգտոնը կրկին հետամուտ կլինի որդեգրած դիրքորոշմանը, Սիրիայում ռազմական գործողությունների ծավալմանը զուգընթաց, լարվածությունը տարածաշրջանում հետեւողականորեն կսրվի, կսրվեն տարածաշրջանային երկրների հարաբերությունները, իսկ դա կհանգեցնի տարածաշրջանում բեւեռացման հետագա խորացմանը: Այսպիսի իրավիճակում առաջիկա տարին չի կարող խոստումնալից լինել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հարաբերությունների համար:

     
    Visiones: 811 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: