ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՆՁ
Հայոց Ցեղասպանությունը քաղաքական մրցավազքի աներևույթ արագաչափ է դարձել գերտերությունների և մեղսակիր պետության ձեռքին, որոնք ժամանակ առ ժամանակ, իրենց շահերին հագուրդ տալու համար, հանում են այն գրպանից և ցինիկաբար ահաբեկում միմյանց: Սակայն հաջորդ պահին կրքերը հանդարտվում են, երբ մյուս գրպանից դուրս է բերվում 30 արծաթ պարունակող քսակը: Քաղաքական կեղտոտ մի խաղ, որով գիտակցաբար ու մշտապես անգիտակից ձևական ժպիտները դեմքներին՝ նույն այդ տերությունները խաղում են մի ողջ ազգի զգացմունքների ու ճակատագրի հետ:
Հնագույն քաղաքակրթությունների մշտական կիզակետում
գտնվող հայ ժողովուրդը ներկայիս անօրինական այս մրցավազքում վերածվել է սովորական մի
հանդիսատեսի, որը զորու չէ անգամ պայքարել հանուն արդարության, ժողովրդավարության
և քաղաքական կամքի:
Բոլորիս է հայտնի, որ գոյություն ունեն բազմաթիվ դեռ չլուսաբանված փաստաթղթեր,
որոնք, չգիտես ինչու, պահվում են արխիվներում և չեն ներկայացվում միջազգային հանրության
դատին: Ինչո՞ւ: Հարմար առիթի՞ են սպասում, թե՞ կլոր-ամյակի: Միգուցե
չբացելու համար ամսեկան միլիոննե՞ր են հոսում մեր հարևան պետությունից, որոնք բավարարում
են Արևմուտքին ինչ-որ մի բաց փակելու համար: Այլապես, ժամանակ առ ժամանակ, ինչո՞ւ են
նույն այդ կառավարությունները վախեցնում Թուրքիային՝ սպառնալով բացել արխիվները: Վերջինս
էլ սպառնում է նրանց՝ փակել առևտրի ուղիները կամ ռազմական բազաները: Այնպիսի տպավորություն
է ստեղծվում, որ այս ձիարշավում ասպետի և նժույգի տեղերը հաճախակի փոխվում են, որոնք,
իրադարձությունների բերումով, մեկը մյուսին կամ սանձահարում են կամ՝ սանձը քաշում:
Եվ ընդհանրապես, մեր հարևաններն այս տեսակ ժողովրդավարության թույլ կողմը լավ գիտեն.
փաստերն այնքան սառեցնել, մինչև որ կրքերը հանդարտվեն կամ մոռացության տրվեն: Սակայն
պետք է հիասթափեցնեմ մեր հարևաններին. մենք արդարադատության համար պայքարում ենք ոչ
թե կրքերով ու զգացմունքներով, այլև փաստերի և իրականության հարթակներից: Այս առումով,
կցանկանայի կոչ հղել մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը,
ոգեկոչումները, դատապար-տումն ու դրանցից բխող պահանջատիրությունը օրակարգ դարձնել
ոչ միայն ապրիլի 24-ին ու դրան մոտ ժամանակահատվածում, այլև ողջ
տարվա ընթացքում, եթե հարկն է՝ ամեն օր: Եվ եկենք չվախենանք դրանից կամ, նույնիսկ,
չամաչենք: Եթե մեզ հիշաչար կանվանեն Եվրոպայում կամ Ամերիկաներում, ապա մենք բազմաթիվ
ոչ դրական ածականներ ունենք պահած նրանց համար, ովքեր չեն դատապարտում մարդկության
դեմ ամենադաժան ոճրագործությունը: Նշեմ դրանցից մի քանիսը. խոստումնազանց, սնափառ,
խաբեբա, քծնող, շահամոլ, մարդասպանապաշտ... Ցանկը կարելի է շարունակել, սակայն հուսանք,
որ դրա կարիքը չի ստեղծվի. և մեղավորը վերջապես, մոտ 100 տարի հետո, կհասկանա, կդատապարտի
իր նախնիների կատարած հանցանքը և ներողություն կխնդրի դրա համար:
Ի լուր Թուրքիայի կառավարության, նշեմ, որ Կոլումբոսի
հայտնաբերության և դրան հետևած ցեղասպանության համար իսպանացիները մինչ օրս ներողություն
են խնդրում լատինոամերիկյան ժողովուրդներից: Իրականում դա հայտնագործություն չէր, քանզի
այն վաղուց հայտնաբերված էր, և այնտեղ խաղաղորեն մարդիկ էին բնակվում՝ փոխադարձ սիրո
ու հարգանքի մթնոլորտում, մարդիկ, ովքեր սիրում էին կյանքը, աշխատում իրենց ընտանիքների
համար, շենացնում իրենց երկիրը: Ու հանկարծ եկան իսպանացիները և ոսկու մոլուցքով պաշարված՝
սկսեցին բռնի քրիստոնեականացման ու ստրկացման երկարատև, անխնա ու բարբարոսական պրոցեսը,
որին զոհ գնացին հազարավոր մարդիկ: Արդեն քանի՜ սերունդ է փոխվել այդ հեռավոր ժամանականերից,
սակայն այն չեն մոռացել ոչ ցեղասպանների սերունդերը և ոչ էլ ցեղասպանվածների:
Եվ հետաքրքրականն այս բոլորիս հայտնի պատմության
մեջ այն է, որ եվրոպացիներն օվկիանոսի ուղին բռնեցին, քանի որ թուրքերը 1453 թ. գրավել
էին Կոստանդնուպոլիսը: Փաստորեն նույնիսկ XV դարի
այս ցեղասպանության դրդա-պատճառը երկրագնդի հիվանդություն հանդիսացող Թուրքիան էր:
Քանի՜ դար է անցել այդ անհիշելի ժամանակներից,
սակայն ոչ միջազգային հանրությունը ձեռնամուխ եղավ բուժել այդ հիվանդությունը՝ հանուն
խաղաղասեր ու համերաշխ Երկիր մոլորակի, ոչ էլ հիվանդն է ցանկություն հայտնում բուժվելու:
Դեռ ավելին, երկուստեք այս ու այնտեղ դաշինքներ են կնքում, որոնցից կցանկանայի անդրադառնալ
«Քաղաքակրթությունների Դաշինք» կոչվածին, որի պարագլուխներն են Իսպանիան և Թուրքիան:
Եվ հարցնում եմ ես, ի՞նչ քաղաքակրթության մասին կարող է խոսք լինել, երբ XIII դարում նոր միայն քոչվորացեղ պետականություն կազմած այդ «քաղաքակիրթ» կոչվածները,
ընդամենը մի քանի տարի առաջ համաշխարհային հանրության աչքի առաջ և այդ հանրության անդամ
մի քանիսի բարձր հովանու ներքո, մի ողջ քաղաքակրթություն ջնջել ուզեցին:
Այլևս ի՞նչ դաշինքի մասին կարող է խոսք լինել՝ մեկը մյուսի սև գործերն
ու ցեղասպանու-թյունները կոծկելու և չդատապարտելո՞ւ, թե՞ այդ արարքներով մեկը մյուսի
սանձը քաշելու: Ես իսպանական կառավարության անդամներին խորհուրդ կտայի ուսում-նասիրել
Բագրատունյաց Հայաստանի և նրա ծաղկուն քաղաքների՝ Դվինի, Կարսի, Անիի պատմությունը,
այցելել իր «քաղաքակիրթ» դաշնակից Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստան և
համեմատել անցյալն ու ներկան: Կարծում եմ, որ նրանք կհամոզվեն, որ 1000 տարի առաջ այդ
նույն վայրերում ապրող մարդիկ ավելի քաղաքակիրթ ու զարգացած էին, քան հիմա՝ XXI դարում:
Ահա թե ինչպիսի զարգացում ունեցավ այն ժանտախտը,
որը դարեր առաջ կախվեց աշխարհի գլխին: Եվ այդ նույն աշխարհը, փոխանակ բուժելու այդ
վտանգավոր ու վարակիչ հիվանդությունը, թողել է այն ճակատագրի քմահաճույքին՝ հույս ունենալով,
որ մի օր ինքնստինքյան կբուժվի, անտեսելով այն բոլոր ոճրագործությունները, որոնք մի
բան են ապացուցում. թուրքը երբեք չի փոխվի, նա նույնն է եղել XIII, XIX, XX և այս «ժողովրդավարական» կոչվող XXI դարում: Եվ եթե
շարունակվի այս բարցիթողի քաղաքականությունը, հիվանդությունն այնքան կխորանա, որ այլևս
հնարավոր չի լինի բուժել այն և, որ ամենավտանգավորն է, մեր՝ քաղաքակրթության հիմնադիր
հայերիս, համբերության բաժակը կլցվի՝ ստիպելով մեզ արդեն ոչ միայն դատապար-տել սամաստների
ու սաֆարովների նման մարդասպաններին, այլև, ի վերջո, մոտ 1000 տարի հետո, վերջնականապես
դառնալ հակաթուրք:
Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում ժողովրդավարական
հիմունքների վրա կառուցված այն բոլոր երկրներին, որոնք սովոր չեն իրերն իրենց անունով
կոչել, ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ ամենադաժան հանցանքը՝ ցեղասպանությունը,
և չօգտագործել այն որպես քաղաքական սանձ: Միայն այս միջոցով աշխարհը կարող է բուժել
իր իսկ հիվանդությունը, միայն այս միջոցով կարելի է փոխել թուրքական հասարակությունն
ու նրա ժխտողական գաղափարախոսությունը: Միայն դրանից հետո, հարգելի իսպանացիներ, կարելի
է իրապես ձեռք բերել քաղաքակիրթ դաշնակից:
Իսկ սպասելն ու հուսալը, կներեք, բայց դա հանցանքի
շարունակություն է ու նրա ազդակը: Օրինակներ՝ ինչքան ուզեք. սումգայիթյան ջարդեր, Գուրգեն
Մարգարյանի և Հրանտ Դինքի սպանությունները, բազմաթիվ մահացու հետևանքներով դիվերսիաներ
հայ և ղարաբաղա-ադրբեջանական սահմանների երկայնքով, հայկական բազմադարյա մշակույթի
բառացի ոչնչացում թուրք-ադրբեջանական տարածքում և այլն, և այլն և այլն: Ո՞վ է պատասխան
տալու այս ամենի համար, Թուրքիա՞ն, որ լսել անգամ չի ուզում, որ մարդասպանի հետևում
հանցակիցների մի ողջ բանակ կա, թե՞ Ադրբեջանը, որ ողջ աշխարհի աչքի առաջ հերոսացրեց
մարդասպանին, որին սկզբնապես հոգեկան հիվանդ էր համարում: Չէ՛, սպասելով ու հուսալով,
վախենամ՝ այս հայատյացատենդ հիվանդությունը դառնա վարակիչ:
Եվ մի՞թե մեր, հայերիս սպասածը քիչ է թվում միջազգային
հանրությանը: Մի՞թե քիչ ենք հանդուրժել՝ ընդառաջ գնալով ժողովրդավարության սկզբունքներին:
Եվրոպայի և աշխարհի այսօրվա հորդորները, որոնցով զսպվածություն են ակնկալում մեզանից,
ինձ հիշեցնում են այն բազմաթիվ չիրագործված ու պարտադրված պայմանագրերի մասին, որոնք
մեկը մյուսի հետևից կնքվում էին գերտերությունների միջև 1800-ական թթ. սկսած: Դրանցում
Հայաստանը մերթ որպես դիտորդ էր հանդես գալիս դռներից այն կողմ, մերթ կողմերը դրժում
էին նրա հետ ստորագրած պայմանագիրը, իսկ որ ամենասարսափելին է, շատ դեպքերում նրա փոխարեն
մեկ ուրիշն էր դնում իր ստորագրությունը՝ առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:
Եվ նույնիսկ այն պետությունները, որոնք հանդես էին գալիս Հայաստանի շահերից, ստորագրում
էին պայմանագիրը և ձեռքերը լվանում՝ չհետևելով դրանց կետերի պատշաճ իրագործմանը: Փորձը
ցույց է տալիս, որ չի կարելի հույս փայփայել, որ մի օր Թուրքիան կկատարեր իր խոստումները:
Եվ դրա վառ ապացույցը երեք տարի առաջ Ցյուրիխում ստորագրած հերթական խոստումնադուրժ
արձանագրություններն են՝ հերթական մշուշը, որով Թուրքիան ցանկացավ երկարացնել դարերի
խորքից եկող գերտերու-թյունների և հայերիս սպասումները: Հետաքրքիր է, մինչև ե՞րբ: Մինչև
ե՞րբ պետք է աշխարհը, այդ թվում նաև մենք՝ հայերս, հավատանք ստահոդ խոստումներին: Հաճախ մտածում եմ, որ աշխարհը թաքուն զարմանում
է հայի տեսակի, նրա ծայրահեղ հանդուրժող, հյուրընկալ և դրականորեն դյուրահավատ բնավորության
վրա, որը ոչ թե պայմանավորված է Հայաստանի փոքր, կամ նրա կառավարության թույլ լինելով,
այլև հայի չափազանց համեստությամբ ու քաղաքակրթությամբ: Հենց սա է պատճառը, որ մենք
կառուցեցինք 400.000 կմ2 բարեբեր տարածք, դրեցինք այն համաշխարհային քաղաքակրթույթան
հարթակին, ապա մեր սեփական օջախում հանդուրժեցինք անաշխատունակ թափառական ցեղերին,
տեղ տվեցինք նրանց և երբ գլուխներս դրեցինք բարձին, որպեսզի փոքր-ինչ հանգիստ առնենք,
մեզ կացնահարեցին: Եվ դա այնքան ժամանակ, մինչև որ այդ հսկայական տան մեջ կուչ եկանք
մի անկյունում՝ չուզենալով վերջնականապես կտրվել նրանից, արմատախիլ լինել այն հողից,
որի տերն ենք ի սկզբանե:
Կարծում եմ, որ այս տեսակ միջազգային հանրությանը
պետք է անընդհատ հիշեցնել մարդկության դեռ չսպիացած վերքերի մասին, քանի դեռ մեր շրջապատում
ապրում են սաֆարովներ ու սամաստներ, որոնք հերոսացվում են մտավորական, խաղաղասեր, անզեն,
քնած մարդ, հայ սպանելով: Պետք է հիշեցնել և պահանջել արդարադատություն, որպեսզի ցեղասպանի
ուրվականն ի սպառ ջնջվի աշխարհի երեսից: Հիշեցնել, որ հենց հայերիս հանդուրժողականության
հետևանքով է, որ թուրք կոչված ցեղն արդեն 100 տարի է, ինչ բնակվում է մեր տանը, մեր
իսկ ձեռքերով կառուցած օջախներում, մեր հազարամյակների խորքից եկող հայրենիքում: Եվ
այլևս անհանդուրժելի է մեր բարյացակամ հյուրընկալության չարաշահումը, հյուրընկալություն,
որն օգտագործվում է հայկականության անգամ ամենաչնչին հետքը ջնջելու համար: Մի՞թե այդքան
դժվար է ընդունել, որ ոչ 100 տարին, ոչ 100 դարը և ոչ էլ ներկա մշակութային ցեղասպանությունը
ի վիճակի չեն ջնջել խոր արմատներ ձգած բնիկ քաղաքակրթությունը:
Այս ամենով հանդերձ, կցանկանայի անդրադառնալ հարցին
մեկ այլ տեսանկյունից, որը, կարծում եմ, պակաս կարևոր չէ ճանաչման համար պայքարի այս
դժվարին ճանապարհին: Այսօր գրեթե չի խոսվում կամ նույն ուժգնությամբ չի հնչեցվում հույների,
ասորիների կամ արաբների ցեղասպանության մասին: Սակայն համամարդկային մշակույթը հեղեղված
է հին հունական գրականության ու պատմագրության գոհարներով, ասորեստանյան ու արաբական
հնագույն արվեստի նմուշներով. Համմուրաբի, Հոմերոս, Պլատոն, Արիստոտել, Սոկրատես,
Հերոդոտ, Իբն Սինա... Ո՞վ չգիտի նրանց մասին: Այդ հեղինակների աշխատություններով ուսում
է առել և առնում է մարդկությունը: Մենք, ուսյալ հայերս, ջանասիրաբար թարգմանել ենք
այդ համաշխարհային գանձերը, կրթվել ու կրթել ենք մեր սերունդներին, զինվել գիտելիքներով:
Սակայն մոռացել ենք ամենակարևորի մասին՝ համաշխարհային մշակույթի Պանթեոնից նույնքան
ուժգնորեն հնչեցնել մեր մեծերի անունները՝ Ագաթանգեղոս, Բուզանդ, Մաշտոց, Խորենացի,
Անհաղթ, Կողբացի, Շիրակացի, Նարեկացի, Հերացի... Եկեք հարցնենք մեր օտարազգի ծանոթներին
ու ընկերներին՝ ճանաչո՞ւմ են, արդյոք, նրանց:
Աշխարհի ուսումնական հաստատությունները զինված
են Շեքսպիրի, Գյոթեի, Սերվանտեսի, Բայրոնի, Կանտի, Նիցշեի, Տոլստոյի, Դոստոևսկու ստեղծագործու-թյուններով,
Կեպլերի, Էնշտեյնի, Նյուտոնի գյուտերով, Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Բեթհովենի երաժշտացանկով...
Կցանկանայի տարբեր երկրների դպրոցական գրականության էջերում տեսնել մեր դասականների
անունները՝ Րաֆֆի, Նար-Դոս, Բակունց, Թումանյան, Իսահակյան, Սևակ, Էմին... Կուզենայի
ֆիզիկայի ու աստղագիտության դասագրքերում կարդալ Վիկտոր Համբարձումյանի կյանքի ու գործունեության,
նրա գյուտերի մասին: Փափագս է, որ Արամ Խաչատրյանի գլուխ-գործոցների կողքին նաև Սպենդիարյան,
Բաբաջանյան ու Մանսուրյան հնչեր: Կարծում եմ, որ մեր թարգմանիչները, երգահանները, արվեստագետները,
պետու-թյունը, ի վերջո, ողջ ազգը դեռ ահռելի առաքելություն ունի իր առջև:
Այս առումով, առաջարկում եմ հայապահպանության այս
և նմանատիպ բազում փայլուն նախաձեռնությունների կողքին, որոնք իրականացնում է մեր պետությունը
և, մասնավորապես, Սփյուռքի, Գիտության, Կրթության ու Մշակույթի նախարարու-թյունները,
ստեղծել և հզորացնել հայ մշակույթը, գլխավորապես՝ հայ գրականությու-նը միջազգային հարթակներում
ներկայացնող կառույցներ, հետամուտ լինել, որպես-զի արտասահմանում գործող հայագիտական
կենտրոններն ու ֆակուլտետները պատշաճ կերպով ընդլայնեն իրենց գործունեությունը, որպեսզի
հայ հեղինակների ստեղծագործություններն ընդգրկվեն դպրոցական ծրագրերի մեջ: Համոզված
եմ, որ անցյալի սերունդները շատ բան են կորցրել՝ չկարդալով հայ գրականություն: Ուրեմն,
եկեք ներկա և եկող սերունդներին չզրկենք այդ հնարավորությունից, նույն ջանասիրությամբ,
որով թարգմանել ենք օտար գրականությունը, մեր աշակերտներին ուսուցանելու համար, թարգմանենք
նաև մեր գրական հարստությունը և հրամցնենք այն օտար աշխակերտներին: Դրանով Հայոց Հարցն
այլ ընթացք կստանա, ճիշտ ուղու վա կկանգնի՝ հասնելով իր հանգուցակետին:
Մի վտանգավոր տենդենց եմ նկատել Սփյուռքի մեր հայրենակիցների
մոտ, համե-նայն դեպս՝ Իսպանիայում, որտեղի նորաստեղծ համայնքի շատ ներկայացուցիչներ
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրքեր են նվիրում օտարներին՝ հպարտորեն ասելով՝ «ահա՛,
տեսե՛ք, թե ովքեր ենք մենք»: Սա ամենևին էլ հարցի լուծում չէ և, ընդհակառակը, կարող
է շատ լուրջ վնասել մեր ինքնության հաստատման և պայքարի գործընթացին: Չի կարելի ցեղասպանության
թեման որպես մշակույթ ներկայացնել, այլապես մեր իրական մշակույթը վերջնականապես կմնա
անճանաչ: Եկեք Րաֆֆի ու Նար-Դոս թարգմանենք, Իսահակյան ու Տերյան, Խորենացի ու Էմին,
և նվիրենք մեր մեծերի միտքը օտարներին: Եկեք թարգմանենք մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները.
ո՛վ իմանա, միգուցե մի քանի տարի հետո վերջապես գրականության Նոբելյան հայ մրցանակակիր
ունենանք: Ի վերջո եկեք մեր ընդհանուր նպատակին հասնելու համար, հավուր պատշաճի ներկայացնենք
հայ մշակույթը և, ըստ այդմ, ճիշտ ուղղությամբ տանենք ճանաչման գործընթացը:
Կարծում եմ, Հայաստանը, ի տարբերություն մեր հարևանների,
որոնք ցանկանում են խեղաթյուրանքով և ապատեղեկատվությամբ հանդես գալ որպես հնագույն
քաղա-քակրթություններ, ներկայացնելու և, հետևաբար, համաշխարհային մշակութային ժառանգությունը
հարստացնելու դեռ բազմաթիվ արժեքներ ունի, որոնք արժանի են միջազգայնացման ու պատշաճ
ճանաչման:
Վալենսիայում ադրբեջանական միություն կա, որը վերջերս
միջոցառում էր կազմակերպել՝ «Ազգային մեծ տոն» խորագրով: Հետաքրքրվեցի բովանդակության
մասին՝ պարզվեց, որ նրանք նշում են Հեյդար Ալիևի չգիտեմ որ ամյակը: Ահա այսպես, մենք
նշում ենք երևանի գրեթե 3000, քրիստոնեության 1700, այբուբենի 1600, հայ գրատպության
500, Կոմիտասի 140-ամյակները, սակայն չեմ հիշում որևէ մի հայ արքայի կամ նախագահի ամյակի
տոնակատարություն:
Ցանկալի կլիներ նաև, որ Հայաստանը ներկայացնող
ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և ռեժիսորների ֆիլմերը լրացնեն աշխարհի
տարբեր քաղաքների գրադարաններն ու ֆիլմադարանները, գործեր, որոնք կարծարծեն նաև միջազգային
նշանակություն ունեցող մեծ ու փոքր այլ թեմաներ, որոնք հավասարապես կարող են հուզել
ու հետաքրքրել ո՛չ միայն մեզ՝ հայերիս, այլ նաև չինացիներին, ամերիկացիներին կամ եվրոպացիներին:
Վերջացնելով խոսքս, ևս մեկ անգամ կոչ եմ անում
Թուրքիայի կառավարությանը և ժողովրդավարական երկրներին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը,
զերծ մնալ ժխտողականությունից և չօգտագործել ցեղասպանության փաստը, որպես քաղաքա-կան
սանձ՝ անձնական շահերին հագուրդ տալու համար: Իսկ աշխարհասփյուռ հայերիս՝ ցուցաբերել
զգոնություն և կամքի ուժ, այս նվիրական պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար:
Արարատ
Ղուկասյան
«Հայրենիք»
շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր
«Արարատ»
Հայկական Միության նախագահ
|