Martes
03.12.2024
19:47
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Junio 2014  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2014 » Junio » 19 » Արարատ Ղուկասյանը փնտրտուքների ճանապարհին
    03:35
    Արարատ Ղուկասյանը փնտրտուքների ճանապարհին


    $IMAGE1$
    Արարատ Ղուկասյանը՝ փնտրտուքների ճանապարհին

       Վալենսահայության սեղանին ևս մեկ հայատառ գիրք ավելացավ: Բանաստեղծությունների մի ժողովածու, որն ընդգրկում է բավականին մեծ աշխարհագրություն՝ հեղինակի ծննդավայր Հրազդան քաղաքից ճամփորդելով հայրենի բազմաթիվ քաղաքներով, հասնելով Եվրոպա և կրկին վերադառնալով «արևաողող Հայաստան»: Այս սահմաններ չճանաչող ճամփորդության ընթացքում գիրքն իր առաջին «հանգիստն առավ» Մոսկվայում, որտեղ բարերար Մարտիկ Գասպարյանի անմեկին հովանավորությամբ լույս տեսավ ժողովածուի 1000 օրինակ: Ի վերջո «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն իր վերջին (և նաև՝ առաջին) հանգրվանն առավ Իսպանիայի Վալենսիա քաղաքում, որտեղ բնակվում է հեղինակը՝ Արարատ Ղուկասյանը և որտեղ տեղի ունեցավ նրա առաջին գրքի առաջին շնորհանդեսը:
       «Փնտրտուքների ճանապարհին» ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի ավելի քան 40 ստեղծագործություններ, նաև բավականին ընդգրկուն ժամանակագրություն ունի՝ իր ստեղծագործական ուղին սկսելով 1988 թ. և հասնելով մինչև մեր օրերը: Ղուկասյանը 14 տարեկան էր, երբ գրեց իր առաջին բանաստեղծությունը՝ «Երազը», որը նրա սիրերգության գլուխգործոցներից մեկը հանդիսացավ: Հետագա դպրոցական, համալսարանական և զինվորական տարիները անհամեմատ մեծ դեր են խաղացել նրա ստեղծագործական կյանքում՝ իրենց անջնջելի հետքը թողնելով նրա բազմաժանր աշխատությունների վրա: Ծնողական խորհուրդ, մանկություն, հայրենասիրություն, սեր, բնություն, ժամանակ, կյանք, մարդ... երևույթներ և արժեքներ, որոնք մշտապես նրա ստեղծագործությունների էպիկենտրոնում են՝ իրենց յուրովի ու նորօրյա հնչեղությամբ:
       Բավականին վաղ տարիքում ծնողներին կորցրած Արարատը ճաշակել է դժվարին պատանեկան ու երիտասարդական տարիներ, որոնք անխուսափելիորեն անդրադարձել են նրա բանաստեղծությունների գույների ու բույրի վրա՝ ստեղծելով հայրական խորհրդի ու մայրական սիրո վեհ արժեքները:

    Դեռ մանուկ էի, երբ որ հասկացա,
    Որ կորցրել եմ ես մանկությունս:
    Բայց թե խորհելու առիթ չունեցա,
    Քանզի չէր ներում սուղ ժամանակս:

    Եվ ես բռնեցի որոնումների
    Մշուշով պատված իմ մոլոր ճամփան
    Ու քայլում եմ դեռ՝ միտքս հուշերին,
    Երազը կորցրած մանուկի նման:

    Եվ ես չեմ փնտրում ո՛չ փառք, ո՛չ անուն,
    Քանզի դրա՛նք չէ, որ կորցրել եմ:
    Ես մանկությո՛ւնն եմ հիմա որոնում, 
    Որ մի օր կորավ, երբ մանուկ էի դեռ:

    «Կորցրած մանկություն» խորագիրը կրող այս բանաստեղծությունը Արարատ Ղուկասյանը գրել է 1996 թվականին Երևանում, ուսանողական տարիներին, այն ժամանակ, երբ նրա ծնողներն անժամանակ լքել էին նրան՝ թողնելով որբ:

    Եվ դեռ մի կարգին հայրական խրատ իրապես չառած՝
    Ահա՛ դարձա հայր:
    Դարձա հայր, երբ հայրս դեռ տարիք չառած՝
    Գնաց սրբավայր...

    Քառատողը մեջբերվում է «Հայրս կողքիս է» ստեղծագործությունից, որը Ղուկասյանը գրել է 1998 թվականին, երբ ծնվեց նրա առաջնեկը՝ Հայկը:
       Հատկապես մոր անժամանակ մահը անհերքելի հետք է թողել նրա ներքնաշխարհի վրա: Կարծես մայրը նախազգացել է իր վաղաժամ հեռանալը, և դեռ կենդանության օրոք փոքրիկ Արարատին որբ է անվանել: Իսկ վերջինս չհասկանալով խոսքի իմաստը և կարծելով թե դա փաղաքշական բառ է՝ հրճվել ու փարվել է մոր գրկին:

    Ինձ որբ էիր դու անվանում՝
    Ոչ թե անձդ ափսոսալով, այլ կյանքը իմ,
    Որի խռիվ կածաններում
    Դեռ պիտ քարշ տամ տխրադալուկ օրերը իմ...
    գրել է հեղինակը դեռևս 1995 թվականին՝ մոր մահվանից երեք տարի անց:
       «Փնտրտուքների ճանապարհին» ժողովածուն բաղկացած է հինգ գլխից՝ «Լինում է, չի լինում...», «Մայր իմ աստված», «Մայր Հայաստան՝ Երկրի մայր», «Սիրո անուրջներում» և «Սև ու սպիտակ»: Այն մի ամբողջական ճանապարհորդություն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, որի ընթացքում հեղինակն անդադար փնտրում է բազում հարցերի պատասխաններ: որոշ դեպքերում դա նրան հաջողվում է, իսկ մեծամասամբ այդ հարցերը մնում են անպատասխան:
        Ղուկասյանի որոնումների ճանապարհին գլխավոր հերոսը ժամանակն է, որից նա միաժամանակ և՛ վախենում է և՛ ոչ: Նա վախենում է կորցնել ամենաթանկ բանը՝ ժամանակը, որն այլևս ոչ մի կերպ չի կարող վերականգնել: Միևնույն ժամանակ, նա աշխատում է չվախենալ ժամանակից և համառ լինել նպատակին հասնելու համար: «Արի... խոսենք անցյալից ու ապագայից, որոնք իրենց ընդարձակ տարածությամբ խեղդում են նեղլիկ ներկային՝ չթողնելով նրան շունչ առնել արագավազ ժամանակի ճիրաններում»,- գրում է Ղուկասյանը հեղինակի խոսքում:

    Աչքերդ փակի՛ր...
    Այո՛, դո՛ւ, հենց դո՛ւ, իմ խենթ ընթերցող...
    Դո՛ւ, որ հենց այնպես ձեռքդ վերցրիր
    Գրքույկն այս փոքրիկ՝ խավարում մեռնող,
    Եվ պատահաբար 
    Էջն այս բացեցիր՝
    Ինչ-որ մի գրվածք կարդալու համար...

    Իր իսկ հեղինակած այս տողերով բացեց Արարատ Ղուկասյանը շնորհանդեսի արարողությունը, որին ներկա էին մոտ 100 վալենսահայեր: Մոսկվայից ժամանել էին ակադեմիկոս, Աշխարհի Ժողովուրդների Հոգևոր Միասնության ակադեմիայի փոխնախագահ, պրոֆեսոր, հայ ժողովրդի բարերար Մարտիկ Գասպարյանը և նրա դուստրը՝ ՌԴ կից Ֆինանսական համալսարանի շրջանավարտ, Մոսկվայի Պետական Համալսարանի Ֆրանկոֆոնիայի մագիստրոս, Երիտասարդական Միության Մշակութային հարցերով պատասխանատու Լուսինե Գասպարյանը: Ա. Ղուկասյանը մանրամասն ներկայացրեց ժողովածուի լույս տեսնելու հանգամանքները, որում մեծ դեր է ունեցել գրող Ալեքսանդր Սոսնովսկին: Երբ 2011 թվականին նրա «Վրացական սինդրոմ» վերնագրով գիրքը ներկայացվում էր Միսլատայի Երիտասարդական կենտրոնում, վերջինս հորդորեց Ղուկասյանին՝ ի մի բերել բոլոր ստեղծագործությունները և մի ժողովածու հրատարակել: Եվ այդպես էլ եղավ. Սոսնովսկին ո՛չ միայն խորհուրդ տվեց, այլև հետամուտ եղավ գրքի լույս ընծայմանը:
       Խոսելով գրքի վերնագրի մասին՝ Արարատ Ղուկասյանը նշանավորեց մարդկային տեսակի արժեքը, որը մշտապես որոնումների մեջ է: «Նա ով չի փնտրում, դադարում է ապրելուց:- նշեց հեղինակը՝ հավելելով,- Կյանքը պահերի ամբողջականություն է, որը զարգանում է ըստ փնտրտուքների թիրախի և դրանց արդյունքի»:
       Յուրաքանչյուր գլուխը ներկայացնելու ընթացքը համեմվում էր գրքի ստեղծագործությունների ասմունքներով, որոնք հրամցրեցին Աշոտ Թիթըզյանը, Արևիկ Սողոմոնյանը և Հայկական Կիրակնօրյա դպրոցի սաները՝ Դիանան, Հելենան և Խաչիկը: Իսկ ահա հեղինակին ամենամեծ անակնկալը պարգևեցին նրա բարեկամները՝ երգահան-երգիչ Էդվարդ Պետրոսյանն ու նրա որդին՝ Արեգը, ովքեր Ղուկասյանի «Երազ» և «Մոմը» բանաստեղծությունները ներկայացրեցին երգերի տեսքով:
       Հեղինակի խոսքին հետևեց Լուսինե Գասպարյանի խոսքը, ով Մոսկվայի Երիտասարդական միության անունից իր շնորհակալությունը հայտնեց Արարատ Ղուկասյանին՝ նշելով, որ գիրքը մեծ արձագանք է գտել Մոսկվայում: Նա միության անունից բանաստեղծին հրավիրեց Մոսկվա՝ այնտեղ ևս շնորհանդես կազմակերպելու համար:
       Նախքան խոսքը կտրվեր Մարտիկ Գասպարյանին՝ Արարատ Ղուկասյանը, ով նաև նախագահում է տեղի «Արաարտ» հայկական միությունը, իրենց կազմակերպության անունից ակադեմիկոսին շնորհեց Միության Պատվո Անդամի պատվոգիրը: «Անսահման սիրո ու հոգեհարազատության խորը զգացում ապրեցի՝ ընթերցելով սեղանիս գիրքը դարձած «Փնտրտուքների ճանապարհին» ժողովածուն»,- իր խոսքը սկսեց ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը: «Կարդալով գիրքը,- շարունակեց Գասպարյանը,- ընկնում ես իր իսկ կողմից նշված փնտրտուքների ճանապարհը՝ քարքարոտ, ժայռեղեն, քայլում ու խորհում, որ հեղինակը շոշափել է մեր քարեղեն Հայաստանի դժարին կյանքի բոլոր ոլորտները: Նրա ամեն մի երկը մի կենաց երգ է, մի ձոն, մի օրհներգ, կարոտի պայծառ կանթեղ»:
       Ահա այսպիսի գրական մթոլորտում անցավ Արարատ Ղուկասյանի առաջնեկ գրքի շնորհանդեսը, որը, գուցե և հեղինակի խոսքերով ասած, դառնա ընթերցողի այն աշխարհը, 
    Ուր երազները չեն մեռնում բնավ,
    Ուր հույսը մարած ծնվում է կրկին՝
    Վառ աստղերի պես այն հրածարավ...

    «Արարատ» հայկական միություն
    Միսլատա (Վալենսիա, Իսպանիա) 

    տեսանյութ
    http://www.youtube.com/watch?v=AUprjJ6jhd0 

    Visiones: 739 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: