Վալենսիայի «Պատագոնիա» գրախանութում օրերս տեղի ունեցավ իսպանացի գրող, լրագրող, «Էլ պերիոդիկո» («El periódico») օրաթերթի թղթակից Խավիեր Մորետի (Xavier Moret) «Արարատի հուշը» («La memoria del Ararat») գրքի շնորհանդեսը:
Արարատ Հայկական Միության այս հերթական նախաձեռնությունը, որը համընկավ նաև Հայաստանում գիրք նվիրելու օրվան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքին է պատկանում, որոնց մեկնարկը տրվել էր դեռևս նախորդ տարի:
Շնորհանդեսը սկսվեց հենց գրքի նվիրումով. հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր հեղինակած «Փնտրտուքների ճանապարհին» բանստեղծությունների ժողովածուն նվիրեց Խավիեր Մորետին, ով խոստացավ հաջորդ հանդիպման ժամանակ ստեղծագործություններից մեկն ասմունքել հայերեն: Այնուհետև միջոցառումը վարող Ա. Ղուկասյանն անսպասելի հարց ուղղեց հեղինակին, որը գրքում կարծես թե ինչ-որ չափով անպատասխան էր մնացել. «Դուք եղել եք Հայաստանում և Ադրբեջանում: Ովքե՞ր են Ձեզ ավելի շատ դուր եկել՝ հայե՞րը, թե՞ ադրբեջանցիները»:
Հարցն անսպասելի էր, սակայն Խավիեր Մորետն անակնկալի չեկավ: «Կարծում եմ,- պատասխանեց նա,- իմ այս քայլով արդեն պարզ է իմ պատասխանը. ես սիրում եմ Հայաստանը և հայ ժողովրդին»: Ի պատասխան՝ Արարատ Ղուկասյանն ասաց. «Ես և իսպանահայությունը սիրում ենք Իսպանիան՝ շնորհիվ քո նման բարեկամների և հայի պես ջերմ իսպանացի ժողովրդի»: Այս ինքնատիպ բացումը համեմվեց «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության իսպաներեն ասմունքով՝ 6-ամյա Խաչիկի կատարմամբ:
Այնուհետև Արարատ Ղուկասյանը ներկայացրեց հեղինակին՝ գրող, լրագրող, «Էլ պերիոդիկո» օրաթերթի թղթակից, հայ ժողովրդի բարեկամ Խավիեր Մորետին, ում հետ բոլորովին վերջերս հանդիպել էր Իսպանիայի պետական հեռուստատեսությունում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և միջազգային ճանաչման կապակցությամբ կազմակերպված հարցազրույցի ժամանակ: Հայկական միության նախագահը շնորհակալություն հայտնեց Մորետին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ տածած սիրո և համակրանքի համար և շնորհավորեց հայ-իսպանական հասարակությանը՝ «մեր հայրենի երկրի վերաբերյալ իսպաներեն նոր գրքի» լույս տեսնելու կապակցությամբ:
Այնուհետև խոսք առավ Խավիեր Մորետը, ով հանգամանալից պատմեց գիրքը գրելու դրդապաճառների, Հայաստան կատարած իր շրջագայության և աշխարհի տարբեր երկրներում հայկական հետքը հայտնաբերելու իր աննախադեպ փորձի մասին: Ի պատասխան հեղինակի խոսքի՝ 9-ամյա Հելենան իսպաներեն ասմունքեց Վիլյամ Սարոյանի հանրահայտ խոսքերը՝ աշխարհի ցանկացած ծագում հանդիպած երկու հայի մասին:
Հավաքվածներն ու անձամբ ինքը՝ Մորետը, աննկարագրելի պահեր ապրեցին ողջ շնորհանդեսի ընթացքում: Իսպանացի գրողը ևս մեկ անգամ համոզվեց հայի աննկուն ուժի և ապրելու ու արարելու աննահանջ առաքելության մեջ: «Շնորհակալ եմ նման գեղեցիկ երեկոյի համար, շնորհակալ եմ որ դուք կաք և աշխարհին տվել եք այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Արամ Խաչատրյանը, Սայաթ Նովան կամ Տիգրան Պետրոսյանը»,- անթաքույց նվիրվածությամբ ասաց գրողը:
«Դե քանի որ նշեցիր հայ երաժշտարվեստի դեսպաններին,- լրացրեց նրան Արարատ Ղուկսյանը,- ուրեմն սիրում ես հայկական երաժշտությունը: Ե՛վս մեկ նվեր քե՛զ, հայերիս բարեկամ»,- և անսպասելիորեն դահլիճում սավառնեց հայկական շվիի քաղցր հնչյունների ելևեջները՝ Ռուբեն Հարությունյանի կատարմամբ: Անակնկալի եկած իսպանացի գրողն անթաքույց գոհունակությամբ էր լսում շվիի կենդանի կատարումը հայկական միության ամենաակտիվ անդամներից մեկի՝ Ռուբեն Հարությունյանի կատարմամբ,- ով նախքան նվագելը՝ պատմեց ցեղասպանությունից հրաշքով փրկված իր հոր պատմությունը:
«Եվս մեկ անգամ հորդորում եմ Իսպանիայի, Իսրայելի և այլ երկրների կառավարություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց իր խոսքը Մորետը:
Այնուհետև հերթը հասավ հարց-պատասխաններին, որոնց սպառիչ պատասխաններ տվեցին Արարատ Ղուկասյանն ու Խավիեր Մորետը: Հավաքված իսպանացի հանդիսատեսը խոստացավ հետամուտ լինել Վալենսիայի և Իսպանիայի կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և օգնել դրանում հայ համայնքին: