ՔԱՂԱՔԱԿԱ
22.02.2013
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը Ղարաբաղյան շարժման 25 –ամյակի առիթով հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ ասվում է.
«Քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը պետական իշխանության լիազոր մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի միջոցով բարձրացրեց ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցը` փորձելով օրինական ընթացակարգերի միջոցով իրագործել իր ազատ ինքնորոշման իրավունքը:
Ի հակակշիռ իր իսկ հռչակած ժողովրդավարական բարեփոխումների եւ վերակառուցման ուղեգծի, Խորհրդային Միության ղեկավարությունն ընկալունակ չգտնվեց հարցի հանդեպ, իսկ Ադրբեջանը որդեգրեց թշնամական կեցվածք ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի հանդեպ: ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանի ընդունած որոշման պատասխանը եղան հակահայկական հիստերիան ու գործողությունները, որոնց ամենավայրագ դրսեւորումը հանդիսացավ Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության սպանդը եւ բռնի տեղահանությունը:
Այդ պահից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Ադրբեջանական ԽՍՀ տարածքում էթնիկական զտման է ենթարկվել ավելի քան 500 000 հայ, ովքեր ապրում էին իրենց հայրենիքում եւ ունեին սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունք: Միայն բացառիկ ինքնակազմակերպվածության, տոկունության, ողջ հայ ժողովրդի եւ միջազգային հանրության աջակցության շնորհիվ արցախահայությունը կարողացավ դիմագրավել ամենադաժան մարտահրավերները եւ գոյատևել իր սեփական բնօրրանում:
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը, հրաժարվելով խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, դե-յուրե ու նաեւ փաստացի կորցրեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ պետական իշխանություն իրականացնելու իրավունքը, իրեն հայտարարեց 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որի իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի վրա երբևէ ոչ մի ձեւով չի տարածվել։
Փոփոխված աշխարհաքաղաքական միջավայրում հիմք ընդունելով նաեւ այդ իրողությունը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքների ուժով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ պետություն՝ իրեն պարտադրված պատերազմում կասեցնելով Ադրբեջանի զինված նախահարձակումը, դառնալով հակամարտության գոտում հրադադարի հաստատման 1994թ. համաձայնությունների լիիրավ կողմ:
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած անկախ, ինքնիշխան ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, հարեւանների հետ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Այս հիմքի վրա է մեր ժողովուրդը պատկերացնում իր ներկա եւ գալիք սերունդների խաղաղ կյանքը սեփական հայրենիքում:
Հիմնվելով վերոհիշյալի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, որպես երկրի օրենսդիր իշխանության մարմին, հավատարիմ մնալով Ղարաբաղյան շարժման ոգուն եւ որդեգրած արժեքներին, իր պատրաստակամությունն է հայտնում դրանք հետեւողականորեն շարունակելու եւ պաշտպանելու գործին եւ հայտարարում, որ`
- գլուխ է խոնարհում Շարժման երախտավորների անվան ու գործի, հայրենիքի ազատության, ինքնիշխանության համար նահատակվածների անմար հիշատակի առջև,
- հետամուտ է Ադրբեջանի Հանրապետության հետ առկա խնդիրների խաղաղ-բանակցային կարգավորմանն այն իրավական հիմքով, որ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ,
- պատրաստակամ է ծանրակշիռ ավանդ բերել տարածաշրջանում կայուն խաղաղության, պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված բոլոր այն ջանքերում, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի վրա:
|