ՍՓՅՈՒՌՔ
15.03.2013
Մարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ, ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի առաջնորդներ եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանն ելույթով հադես եկավ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով, մասնավորապես, ներկայացրեց Արցախի անկախացման ուղին եւ ներկայումս ընթացող զարգացումները: «Ղարաբաղյան շարժումը խորհրդանշում է հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախահայության պայքարն իր իրավունքների եւ ազատության համար: Այն ինչ սկսվեց 25 տարի առաջ քարտեզի վրա աննշան մի կետում՝ Լեռնային Ղարաբաղում, էական ազդեցություն ունեցավ ոչ միայն տվյալ տարածքի, այլեւ ԽՍՀՄ փլուզման եւ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա»: Նախարար Աղաբալյանի խոսքերով՝ լինելով միջազգայնորեն չճանաչված եւ զրկված՝ համապատասխան օժանդակությունից, Արցախի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին եւ իրեն հաջողվել է ստեղծել ու կառուցել մի պետություն, որտեղ մարդու եւ ժողովրդի իրավունքները բարձրագույն արժեք են: Լեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումների համատեքստում անդրադառնալով Արցախի մեկուսացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող գործողություններին՝ ԼՂՀ նախարարը նշեց, որ այդ ամենը բացատրվում է նրանով, որ «Ադրբեջանը, հակառակ իր պնդումների, շահագրգռված չէ, որպեսզի միջազգային հանրությունն իմանա, թե իրականում ինչ է կատարվում Արցախում: Որովհետեւ իրականությունը բոլորովին տարբեր է այն «ճշմարտությունից», որը նա է մատուցում աշխարհին»:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Կոնգրեսի հայանպաստ հանձնախմբին Արցախի անկախությանը, անվտանգությանը եւ ժողովրդավարական զարգացմանը ցուցաբերած աներեր աջակցության համար: «Արցախի 25-ամյա պատմությունն անհանդուրժողականության, բռնության, պատերազմի եւ շրջափակման դեմ տարած ժողովրդավարական հաղթանակի պատմություն է: Այդ հինավուրց քրիստոնեա երկրի ժողովրդին հաջողվել է դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային եւ, անկախ իր առջեւ կանգնած բոլոր բարդություններից, կառուցել ազատ եւ ժողովրդավար հասարակություն, շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսություն»: Իր խոսքում դեսպան Մարգարյանը կարեւորեց ղարաբաղյան շարժման միջազգային նշանակությունը, դրա ազդեցությունը խորհրդային եւ հետխորհրդային տարածքում սկիզբ առած քաղաքական գործընթացների վրա: «Պատմությունը վերանայելուն եւ հայատյացություն սերմանելուն ուղղված քայլերով Ադրբեջանը փորձում է եւ ներքին եւ միջազգային հարթակում բարոյական հիմք նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում նոր պատերազմի նախապատրաստվելու համար, ինչն էլ ավելի է ընդգծում միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հրատապությունը»,- ընդգծեց Հայաստանի դեսպանը:
ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը միջոցառման բացման խոսքում բարձր գնահատեց Արցախի ժողովրդի քառորդդարյա պայքարն ազատության համար:
Իրենց ուղերձներում եւ մաղթանքներում կոնգրեսականներ Ռոյսը, Ֆրանք Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Ջաքի Սպիյըրը, Աննա Էշուն, Դէյվիդ Սիսիլին եւ այլոք՝ շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատության շարժման 25-ամյակի կապակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին շարունակելու իրենց աջակցությունն Արցախի ղեկավարության եւ ժողովրդի կողմից գործադրվող ջանքերին՝ անկախ եւ ժողովրդավարական պետականության կերտման ուղղությամբ: Իրենց ելույթներում ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները դատապարտեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրադրության լարվածությունը պահպանելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից առայսօր մշտապես իրականացվող քայլերի առնչությամբ:
Արցախի ազատության շարժման 25-ամյակի միջոցառման շրջանակներում ուղերձներով եւ շնորհավորանքներով հանդես են եկել նաեւ կոնգրեսականներ Ջուդի Չուն, Դեյվիդ Նունեսը, Մայքըլ Գրիմը, Դեյվիդ Վալադաոն, Ջիմ Կոստան եւ ուրիշներ:
ԱՄՆ-ում ադրբեջանական դեսպանության, լոբբիստների եւ ադրբեջանամետ մեկ-երկու կոնգրեսականների բազմաթիվ հայտերը եւ ապակողմնորոշող հայտարարությունները միայն փոթորիկ առաջացրեցին մեկ բաժակ ջրում, ինչը առավել ցայտուն է դարձրել միջոցառման հնչեղությունը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
|