Jueves
21.11.2024
12:49
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 30 » ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ. ՆՐԱՆ ՀԱՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
    13:01
    ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ. ՆՐԱՆ ՀԱՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

    ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-10-2012



    Գրադատություն

    Տեղադրվել է` 2012-10-19 22:53:42 (GMT +04:00)

    ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ. ՆՐԱՆ ՀԱՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

    ԼՈՒՍԻՆԵ ՄՅՈՒԼԼԵՐ, Գրականագետ

    Մեր օրերում ստեղծվող պոեզիան, որը սկիզբ է առել 90-ականների անկախացումից անմիջապես հետո, շրջում է ավանդական պոեզիայի ազգային կաղապարված պատկերացումները: Մեր ժամանակակից բանաստեղծների գրեթե մեծամասնությունը այսօր մերժում է անցյալի գրական կոթողների բովանդակային, տաղաչափական կողմերը: Ներկայիս բանաստեղծությունը հակվածություն ունի ընդօրինակելու արտերկրյա ազատ, անկաշկանդ պոետական խոհանոցին բնորոշ առանձնահատկություններըՙ իրենց որդեգրած բանաստեղծական նորմերով ու չափորոշիչներով: Ուսումնասիրելով համաշխարահային գրական փորձըՙ կարող ենք հետեւություն անել, որ պոեզիանՙ որպես աշխարհի հնագույն ստեղծագործության ձեւ, տեղի է տալիս իր ավանդույթները: Այն հանդես է գալիս մերթ որպես չափածո արձակ, մերթ էլ որպես անռիթմ ու անչափ, ցաքուցրիվ բառերի կույտ: Եթե անտիկ գրական աշխարհից սկսած մինչեւ նոր ժամանակաշրջանը ավանդույթի համաձայն բանաստեղծին «երգիչ» էին անվանում, ապա նույն «երգիչ»-ը, մեղմ ասած, խորթ կլինի մերօրյա բանաստեղծներին կոչել: Արժե այստեղ խորությամբ ընկալել ներկայիս պոեզիայով մտահոգ երիտասարդ բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանի ահազանգը «Ազգ» օրաթերթի էջերում.

    «Եթե գրողը այն տեսակին է պատկանում, որ այս կամ այն շուկայական թելադրանքին հարմարվելով ձեւափոխվում է, ապա նա իր գրականության մեջ սկսում է էժանագին ներկայացման տարրեր ներմուծելՙ պոեզիան վերածելով «շոու»-ի, հնարավոր բոլոր միջոցներով ընթերցողի հետաքրքրությունը գրավելու համար: Ոմանց բանաստեղծություններում հանդիպում ես պոռնոգրաֆիկ «հանդուգն» պատկերների, մեկ ուրիշի մոտ հայհոյանքով համեմված բառերի շարանի, շատերի մոտ էլ հայոց լեզուն ստորացնելը ու պոեզիան փողոցային էժանագին աղջկա նմանեցնելը, որին ո՛վ ասես կարող է մոտենալ, դա էլ «տարբերվելու» մի ա՛յլ ձեւ է դառնում, որին հիմնականում հանդիպում ենք արվեստագետ հորջորջվող այն խղճուկների մոտ, ովքեր մտքով ու ասելիքով տարբերվելու շնորհքի իսպառ բացակայության պայմաններում, փորձում են գոնե շպարով` երեւույթով տարբերվել... Իսկ դաշտը կարծես թե ավելի քան նպաստավոր է դրա համար» («Ազգ» օրաթերթ, Մշակույթ-Հավելված, 2011, 24 սեպտեմբեր):

    Շատ ստեղծագործողներ այսօր գրականության մեջ կնոջ եւ սիրո բարոյական նոր չափորոշիչներ են սկսել որդեգրելՙ թվացյալ նորարարական ընկալումներով: Պոեզիան ու պոռնոգրաֆիան միաձուլելու անհաջող փորձերին ականատես ենք լինում գրեթե բոլոր «նորարարների» գործերում. դրանցից նշենք բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի «Տաղ անավարտՙ ի վերայ կլիտորիսոյ» ստեղծագործությունը, որտեղ կանացի մարմնի գեղեցկության գովերգությունը իջնում է գեղեցկության բարձունքներիցՙ դառնալով պոռնոգրաֆիկ բանաստեղծություն: Բոլորովին հակված չենք անհարիր համարել, որ մերօրյա բանաստեղծը պիտի խոսի կանանց նուրբ զգացմունքների, վայելքների եւ կնոջ սեքսուալականության մասին եւ դառնա կանանց հոգեվիճակների թարգմանը: Այստեղ հարկ ենք համարում հիշել անգլիական գրականության մեծ լսարան նվաճած բանաստեղծուհիներ Քրիստինա Ջեորջինա Ռոզեթթիի (Christina Georgina Rossetti) եւ Էլիզաբեթ Բարրեթթ Բրոունինգիի (Elizabeth Barrett Browning) բաց ու անկաշկանդ քնարերգությունը, որը ընթերցողին մատուցում է վերը նշված թեմաների շուրջ բարձրաճաշակ, արժեքավոր, մնայուն պոեզիա (նշում ենք միայն կին գրողներին):

    Այսօր մեր կողքինՙ հայ իրականության մեջ ստեղծվում է պոեզիա եւ կարելի է ասելՙ մեծ թափով: Սակայն կա ինտելեկտուլ ընթերցողների մի զանգված, որի բարձրաճաշակ քիմքին հաճելի չէ այդ նորը, այդ ընթերցողը կարծում է, որ արդի բանաստեղծությունը այլեւս կորցրել է իր գրավչությունը, ընթեցողին դադարել է բավարարել իր ներկա որակներով: Ասվածը վկայում է բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի «Գրողն ու իր իրականությունը» հաղորդաշարի հեղինակ Գայանե Դանիելյանի վարած օգոստոսյան հարցազրույցի ընթացքում: Բանաստեղծը նշում է իր խոսքում. «...Իսկ այսօր մարդիկ գրում են. շատերը կանՙ գիտեմ, որ գրում են, եւ ո՛չ միայն Հայաստանումՙ շատ օտար գրողներ, եվրոպացի գրողներ գրում են ասենք պոեզիա, որը ես կարդում եմ: Կամ ե՛ս չեմ հասկանում պոեզիա, կամ էլ երեւի իրե՛նք պոեզիա չեն գրում... Դա բոլորովին ուրիշ բան է, որը արմատ չունեցող պոեզիա է, որը ակունք չունեցող պոեզիա է, որը մեռնող պոեզիա է...»: Իսկ թե ի՞նչը այդ պեզիայի չի ընդունվում հասարակության լայն շերտերի կողմից, կարող ենք միայն հետեւություններ անել մի քանի դիտարկումներից հետո: Ներկայացնենք մեր օրերում առավել հայտնի գրողների գործերից.

    Տարեգիրք

    Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը փոխել է շենգենի մերժումով իր անձնագիրը:

    Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը միացել է Չտեսություն խմբին:

    Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ին դուր է գալիս Տավարի Ցավ-ը

    Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը մեկնաբանել է Հովհաննես Դրասխանակերտցի-ի վերջին գրառումները:

    Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը նշվել է սեքսուալ եւ քաղաքական նախապաշարումներով, մարդատյացության տարրեր պարունակող այս գրառման մեջ:

    Կարեն Անտաշյան բանաստեղծի ստեղծագործություններից է սա: Ընթերցողին պարզ չէՙ արձա՞կ է սա, թե՞ պոեզիա: Ընդունենք, որ պոեզիա է, որը մեզ հուշում է հարակրկնություն (անաֆոր) բանաստեղծական հնարանքըՙ հայտնի դեռ ժողովրդական բանահյուսությունից: Այստեղ գրողը փորձում է բանաստեղծությունը նմանեցնել ֆեյսբուքյան անիմաստ ծանուցումներին: Բացահայտում է 21-րդ դարի ձեռքբերումներից մեկիՙ Ֆեյսբուքիՙ ժամանակի առումով կործանարար կողմերը: Այսինքնՙ առկա է նյութըՙ իր սարկաստիկ դրսեւորումներով, սակայն ձեւը ի սպառ բացակայում է: Տողերի ոչ բնականոն ձգվածությունը խաթարում է ռիթմական ընթացքը: Դրանցից յուրաքանչյուրն իր ձեւով հիշեցնում է նախադասությունների շարան, որոնք էլ իրենց հերթին ընթերցողին են հրամցնում տեղեկությունների շարք: Հարց է ծագում. ո՞րն է բանաստեղծի նորարարությունը: Եվ արդյո՞ք այն կա:

    Դիտարկենք նույն հեղինակի մեկ այլ բանաստեղծություն.

    Վերջերգ

    Աստղերից անզգուշորեն վար կաթած խելառ ջուր.

    վերադառնալուդ պարույրըՙ հետթռիչք.

    թռչել սովորելու վրա լուռ մաշեցրած հավերժի կեսն անցավ այստեղ,

    ուր սովորական ու միամիտ բաների կասկածելի զուգակցումից կյանք հունցեցիր

    քեզնից գեղեցիկ ու ինքնագոհ...

    հեռանալուց առաջ չմոռանաս

    անջատել լույսը

    եւ իմ երգով ծածկել ինձ իմ հողին,

    քանի որ ես մնում եմ:

    Ընթերցողին անհայտ է, թե ու՞մ է դիմում հեղինակը: «Խելառ ջրի՞ն», թե՞ խորհրդավոր կնոջը, որը հեռանում է «գեղեցիկ ու ինքնագոհ»: Անհավանական պատկերներերով լի տողերի ենթախորքում չկա տրամաբանական լուծում ու բանաստեղծի կողմից խնամքով քողարկած ենթիմաստ: Ի՞նչ է «աստղերից անզգուշորեն կաթած խելառ ջուրը»: Չկա տրամաբանական կապվածություն նաեւ բանաստեղծության սկզբի ու ավարտի միջեւ: Բանաստեղծական հնարանք թվացող թնջուկը մնում է չբացահայտված:

    Դիտարկենք վերը հիշատակած բանաստեղծուհուՙ Վիոլետ Գրիգորյանի «Ինքնակոչ» բանաստեղծությունը.

    - Եգիպտացորենի հատիկներ,

    ես ձեզ կսովորեցնեմ ճանաչել ցավը

    եւ ատամներս մխրճելով ձեր պիրկ կողերի մեջ`

    կապսպրեմ չտնքալ:

    - Ագռավներ,

    ես յուրաքանչյուրիդ մի բարդի կտամ,

    միայն թե չկռռաք պոետի գլխին` այլեւս երբեք:

    - Համապատասխան հայացքով ուղեկցվող

    համապատասխան ժպիտներ կանացի,

    եթե չեք կարող քմծիծաղ դառնալ,

    ապա կփշրվեք բախվելով օդի ցինիկ կեղեւին,

    եւ ձեր մանրոնը կսնի

    սենտիմենտալ արուների բորբոսնած երեւակայությունը:

    - Ցող, վարդաերազների գլխավոր դերակատար,

    ես քեզ ավելի հարմար պաշտոն կառաջարկեմ,

    իսկ վարդերը պոկոտելով բանաստեղծությունների միջից

    պարտեզներին կվերադարձնեմ:

    - Քամի,

    քեզ լիազորում եմ մտրակել

    տառապանքով լի սայլերին լծված բանաստեղծներին:

    - Հայելի,

    ծածկիր քո ավելորդ ճշմարտասիրությունը,

    ես անգիր գիտեի դեմքս քեզանից էլ առաջ:

    - Ածելի,

    արյամբ սրբագործիր քո ամենօրյա ծիսամարտը

    օսլայած գրասենյակայինների դեմքին:

    - Լուցկու նիհարիկ հատիկներ, մխիթարվեք,

    ձեր մեջ ուժն է պարփակված հրաբուխների:

    - Բառ,

    շալակիր հագեցած պահը (եթե կարող ես)

    ու ճամփորդիր ճերմակ թղթերի համրության վրայով:

    - Բանաստեղծություն,

    ավարտվիր (եթե կարող ես):

    Հեղինակը կարծես հավատարիմ է մնացել բանաստեղծական ավանդներին: Այն ունի որոշակի ռիթմ ու չափ: Բանաստեղծուհին դիմում է եգիպտացորենի հատիկներին, ագռավներին, կանացի ժպիտներին, ցողին, քամուն, հայելուն, ածելուն, լուցկուն, բառին եւ վերջապես բանաստեղծությանըՙ տարատեսակ խոստումներով ու հրամաններով: Սա է ստեղծագործության ողջ շաղախը: Չկա ընդհանրական մի նյութ, որի շուրջ ստեղծագործությունը ունենա «կպչունություն»: Այն թափթփված է. բանաստեղծուհու մտքերը ճախրում են մի կոնցեպտից մյուսըՙ առանց որեւէ ուղղվածության: Եվ հենց ի՛նքըՙ բանաստեղծուհին, շտապում է ավարտին հասցնել ստեղծագործությունը, քանզի այլեւս չկա որեւէ նոր բան, որի շուրջ կառուցի նյութը: Ընթերցողին այդպես էլ անհայտ է մնում, թե ո՞րն է ստեղծագործության կիզակետը: Այսինքնՙ կա սեւակյան «ինչպեսը», բայց ոչՙ «ինչը» (իմաՙ ստեղծագործության ատաղձը):

    Ինչպես վերը նշեցինք, մեր կողքին շատերն են գրիչ վերցրելՙ ընթերցողի հետ կիսելու իրենց ներքին խմորումները: Հաջո՞ղ, թե՞ անհաջողՙ դատելու իրավունքը պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ ընթերցողինն է: Միգուցեեւ առաջին հայացքից գրավիչ բանաստեղծությունը թվում է խորքային, սակայն գրականագիտական խոր քննության ենթարկելուց հետո մասնագետ աչքը շատ հաճախ չի կարողանում հայտնաբերել գրողի կողմից խնամքով թաքցրած որեւէ էական միտք, գաղափարՙ ստեղծագործության ենթատեքստի ծալքերում: Զուտ բառեր են ու բառերի զուգակցումից ստացված պատկերներ: Շատ դեպքերում թվարկածից անդին չկան առաջադրված պրոբլեմներ ու լուծումներ: Այսինքն, այլ կերպ ասած, պոետը չունի հետապնդած գաղափարներ եւ իր առջեւ որեւէ նպատակադրվածություն:

    Ցավալի է, բայց նշենք, որ տնավարի, ցաքուցրիվ բանաստեղծությունները ոչ միայն եկան ու գրավեցին այսօրվա չափածո գրական դաշտը, այլեւ իրենց հետ բերեցին ստեղծագործության մեկ այլ տեսակ, որը լի է ժարգոնային ու փողոցային բառամթերքով: Իսկ նրանց մուտքը գրական աշխարհ ապահովեց ներկայիս գրականագիտության ո՛չ քննադատական դիրքորոշումը, ինչու չէ նաեւ ինչ-ինչ չափով անտարբերությունը հատկապես մերօրյա մշակույթի հանդեպ: Նույնն է բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանի մտահոգությունը այս առիթովՙ վերը նշված հոդվածում.«Գրող-ընթերցող-քննադատ կապը խզված է: Չկա՛... Իսկ կապը վերականգնելու կամ ստեղծելու համար նախ պետք է լինեն գրողը, ընթերցողն ու քննադատը»: Կամՙ «Մինչդեռ մեզանում քննադատները շարունակում են պեղել հինը, կամ պարզապես գլուխները ջայլամի նման թաքցնելՙ ընթերցողին թողնելով գրական խայտաբղետ դաշտում կողմնորոշվելու «մենաշնորհը»: «Մի երկրում, որտեղ օրաթերթերն ու ամսագրերը տպագրում են ամեն ինչ, բացի պոեզիայից, որտեղ գրաքննադատները վախենում են առաջինը լինելու պատվին արժանանալ ու մատնանշել նրանՙ ով միգուցե մեր վաղվա մեծությունն է լինելու կամ քննադատել մյուսին, ով պոեզիայի անվան տակ գրում է ինչ խելքին փչի» :

    Գրաքննադատի «հանդուրժողականությունը»ՙ արդի շատ գրողների կողմից բազմիցս բարձրաձայնած գրականության սուվերեն տարածք լինելու նրանց ընկալումներին, հանգրվան է ապահովում անարժեք գրականությանը: Եկե՛ք անկեղծանանք. իսկ արդյո՞ք այս «ինչ խելքին փչող» գրողները նվաճել են մեծ լսարան, արդյո՞ք մեր օրերում ստեղծվող պոեզիան հնչում է ընթերցասեր հասարակության շուրթերին եւ վերջապեսՙ նրանց ստեղծած գրականությունը դառնու՞մ է ընթերցողի գեղարվեստական ճաշակը զարգացնող ազդակ: Դժվա՛ր թե: Այո՛, գրող-ընթերցող-գրաքննադատ կապը խզված է: Այն չվերականգնելու դեպքում կորցնելու ենք մեր մշակույթին ծառայելու եւ այն հարստացնելու մեր բազմադարյան փորձը: Մեզ տրված չէ սխալվելու իրավունք, քանզի վաղ թե ուշ ենթարկվելու ենք պատմության քննությանն ու դատավճռինՙ մեր թողած մշակութային արժեքներով:

    Փենսիլվանիա, Մերիլենդ, Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

    Visiones: 1045 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: