ՍՓՅՈՒՌՔ
19.03.2013
Ախալքալաքի շրջանային ժողովի նիստի որոշումը՝ դիմել Վրաստանի խորհրդարանին Եվրոպական խարտիան վավերացնելու և հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու մասին, Վրաստանում մեծ աղմուկ է առաջացրել: Մարտի 17-ին այս հարցի վերաբերյալ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը, և հայերին մեղադրել է ազգայնականության մեջ:
Մարտի 18-ին արդեն հարցին արձագանքել է «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:
Նրա խոսքերով՝ իրենց իշխանությունը 9 տարիների ընթացքում ամեն ինչ անում էր, որ լեզվի հարցը չմտնի օրակարգ: «Դավիթ Ռստակյանը, ով Ախալքալաքի նախկին սակրեբուլոյի անդամ էր, մշտապես փորձում էր բարձրացնել այս հարցը, այդ իսկ պատճառով մենք մնացած քաղաքական ուժերի հետ միասին ամեն ինչ արեցինք, որ նա եւ նրա նման ծայրահեղականները չմտնեն Ախալքալաքի սակրեբուլո»,- նշեց Մերաբիշվիլին:
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Էկա Բեսելիայի խոսքերով՝ այսօր խորհրդարանի օրակարգում չի դրված հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու հարցը: «Տվյալ հարցը դեռ չի դուրս եկել քաղխորհրդի սահմաններից, եւ խորհրդարանը դեռ ոչ մի դիմում չի ստացել, ու այն չի քննարկվում»,- ասաց Էկա Բեսելիան:
Խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը համարվող Թինի Խիդաշելին կարծում է, որ տվյալ հարցը պետք է քննարկի վրաց ժողովուրդը: «Եթե մենք շարժվում ենք Եվրոպայի ուղղությամբ, ապա այս պարտավորությունը պետք է կատարենք, եւ կապ չունի, թե ով է այդ հարցը դրել, քանի որ դրա պարտավորությունը վերցրել ենք 1999 թվականից»,- հայտարարեց Խիդաշելին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին համարում է, որ Եվրոխորհուրդ ինտեգրացվելու համար «Եվրոպական խարտիայի» վավերացումը անպայման չէ: Զալկալիանիի հայտարարությամբ՝ եթե Խորհրդարանը չորոշի խարտիան վավերացնել, դա չի խանգարի Եվրոխորհրդի հետ վիզաների ազատականացմանը: Նրա խոսքերով՝ այս հարցի շուրջ խորհրդարանը պետք է աշխատի. «Խորհրդարանը պետք է որոշում հանի՝ հաշվի առնելով ազգային շահերը»:
Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացման մասին կոչերը հնչել են Ախալքալաքում: Տեղական խորհրդարանի ղեկավար Համլետ Մովսեսյանը հայտարարել է. «Մենք պնդում ենք, որ խորհրդարանը վավերացնի Եվրոպական խարտիան, որին Վրաստանը միացել է 1999 թվականին»: Միևնույն ժամանակ Մովսեսյանը նշել է, որ այս նախաձեռնությունը պատկանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներին:
Վրաստանի նոր կառավարությունում նշում են, որ 1999 թվականին հենց Սաակաշվիլին էր կողմ Եվրոպական խարտիայի ընդունմանը, քանի որ ցանկանում էր արագացնել Եվրոպայի խորհուրդ Վրաստանի անդամագրումը:
|