ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
06.02.2013
Ադրբեջանում բռնաճնշումներ են սկսվել հայերի ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» գրքի հեղինակ, ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gunxeber.az լրատվական կայքը, Աքրամ Այլիսլին հայտարարել է, որ ստեղծված բարոյահոգեբանական տհաճ միջավայրի պատճառով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել իր կինը` Գալինա Ալեքսանդրովնան, ով զբաղեցնում է Բաքվի Կենտրոնացված գրադարանների համակարգի թիվ 3 գրադարանի տնօրենի պաշտոնը:
Բացի դրանից, Ադրբեջանի իշխանությունները գրողին ստիպել են հեռանալ պետության կողմից նրան հատկացված ամառանոցից: Աքրամ Այլիսլին հաստատել է, որ աշխատանքից ազատել են նաեւ իր որդուն` Նաջաֆ Այլիսլիին, ով զբաղեցնում էր Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ֆինանսատարիֆային եւ արտարժույթի վերահսկողության գլխավոր վարչության Աքցիզային բաժնի պետի պաշտոնը եւ ուներ գնդապետի կոչում:
Գալինա Ալեքսանդրովնան աշխատակիցներին ասել է, որ ամուսնու գրած վեպի պատճառով Բաքվում իրենց համար անտանելի վիճակ է ստեղծվել, եւ իրենք արդեն մտածում են Ադրբեջանից հեռանալու մասին:
«Քարե երազներ» գրքում, որն անցած տարվա դեկտեմբերին լույս է տեսել ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների վկայությունների հիման վրա հանգամանորեն նկարագրում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-90-ական թվականներին Սումգայիթում եւ Բաքվում հայ խաղաղ բնակիչների դեմ ադրբեջանցիների իրագործած գազանությունների ու սպանությունների մասին:
Վեպում ակնարկվում է, որ իրադարձությունները Սումգայիթում կարող էր կազմակերպած լինել Ադրբեջանի նախկին առաջնորդը, որը նման կերպ ցանկացել էր վնասել Գորբաչովին:
Վերջին օրերին, «Քարե երազներ» գրքի հետ կապված,Բաքվում մի շարք բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները վեպը որակել են որպես «ադրբեջանցիներին եւ թուրքերին խայտառակող», իսկ գրողին մեղադրել «դավաճանության» մեջ: Ադրբեջանի խորհրդարանում քննարկումների ժամանակ պատգամավորների մեծամասնությունը պահանջել է Այլիսլիին զրկել քաղաքացիությունից, «Ժողովրդական գրող» կոչումից, պետական մյուս պարգեւներից եւ վտարել երկրից: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն Աքրամ Այլիսլիին մեղադրել է ազգային պատկանելություն չունենալու մեջ եւ նշել, որ նա իրավունք չունի խոսելու համամարդկային արժեքների մասին: «Մենք պետք է հասարակական ատելություն դրսեւորենք նման մարդկանց նկատմամբ», -հայտարարել է նա:
Ադրբեջանի գրողների միությունը դատապարտել է «Քարե երազներ» գիրքը եւ այդ մասին այսօր տարածած հայտարարության մեջ նշել, որ այնտեղ փաստերն «աղավաղված» են, եւ որ գեղարվեստական առումով այն «շատ թույլ» վեպ է:
|