ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
29.03.2013
Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական Le Monde-ը, այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով այց է կատարել Փարիզ: «Մենք ավարտել ենք օդանավակայանի շինարարությունը: Սակայն չվերթների ամսաթիվը դեռևս հստակեցված չէ: Բացի դրանից, կան որոշակի տեխնիկական հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի մարդկային տեսանկյունից և ոչ թե քաղաքական, քանզի մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով»,-ասել է Հարությունյանը:
Le Monde-ը գրել է, որ Հայաստանում փետրվարին կայացած ընտրություններում նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը, ով ծագումով Արցախից է, հայտարարել է, որ Ստեփանակերտ-Երևան քաղաքացիական չվերթներ իրականացվելու են: Ադրբեջանն իր հերթին համառորեն ընդդիմանում է օդային տարածքով հաղորդակցության իրականացմանը` սպառնալով հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին: «Եթե Ադրբեջանը կրակ բացի, դա նոր պատերազմ կլինի»,-ասել է Հարությունյանը` շեշտելով, որ Ադրբեջանի կողմից օդուժի կիրառումը համարժեք պատասխան կստանա, քանի որ ԼՂՀ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր ունի:
Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտել է նաեւ միջազգային հանրությունը:
|