Միսլատայի Սոցիալական Ծառայությունների
սրահի պատերը ջերմորեն գրկել էին հայ մանուկների ձեռքի աշխատանքները, որոնք
իրենց վառ երանգներով արտացոլում էին գարնան ու կյանքի զարթոնքը: «Արարատ»
հայկական միության այս հերթական նախաձեռնությունը նպատակ ունիարթնացնել
սերը նկարչական արվեստի հանդեպ, որին հայկական դպրոցի սաներն ամենայն
պատասխանատվությամբ պատասխանեցին: Նրանք կտավին հանձնեցին գարնան
վերաբերյալ իրենց պատկերացումները՝ ցուցաբերելով հայ մանչուկին հատուկ
տաղանդ և ունակություն:
Ինչպես «Հայերն այսօրին» հայտնեցին
«Արարատ» հայկական միությունից, «Գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսն
ուներ նաև մրցութային մաս: Կառոլինա Գևորգյանը (14 տարեկան), Աննա
Չանախչյանը (14տարեկան) և Էլեն Գասպարյանը (10 տարեկան) համապատասխանաբար
գրավեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Հաղթողները, ինչպես նաև մյուս բոլոր
մասնակիցները ստացան նվերներ և մրցանակներ:
Արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսների այս շարքը կհամալրվի մայիսի 28-ին
կայանալիք «Հայաստանը ես եմ» մանկական ցուցահանդեսով, որին հայ սաներն
արդեն իսկ ակտիվորեն պատրաստվում են: