ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Մի բան, որ Վրաստանի պարտավորությունն է, բայց հիշեցնում են հայերը, «սասանում է» վրաց պետականության հիմքերը Մարտի 25-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գնացել էր Ջավախք` վրացերենի ուսուցման` «Վրացերենը որպես երկրորդ լեզու» ծրագրի իրագործման վիճակին ծանոթանալու, որ իրականացվում է 2009-ից: Իսկ ծրագրի ու վրացերենի մասին Սաակաշվիլին վերջին 4 տարվա ընթացքում այցով պատվելու մակարդակով հիշել էր միայն այն պատճառով, որ այդ մասին հիշել ու անգամ բարձրաձայնել էին ախալքալաքցիները: «Ազգը» ներկայացրել է, որ մարտի 14-ին Ախալքալաքի շրջանային ժողովն իր հերթական նիստում որոշել ու դիմել էր Վրաստանի խորհրդարանին` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիայի վավերացման պահանջով, քանի որ Եվրոպայի խորհրդին միանալուն զուգընթաց Վրաստանը ստորագրել էր նշված խարտիան, սակայն այդպես էլ չի վավերացրել: Սակայն մարտի 24-ի դրությամբ դիմումը դեռ չէր ուղարկվել` վերջնական տեքստի պատրաստման համար: Դիմումը դեռ չուղարկած էլ ամենայն հայկականի հարցում հակահայ կեցվածք դրսեւորելու համար մոմ վառող վրացական որոշ լրատվամիջոցներ անցան գործի: Մամուլի հարայհրոցին էլ անմիջապես արձագանքեցին քաղաքական փոքրամասնություն դարձած սաակաշվիլիականները: Ընդամենը իր իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու կոչ հանդիսացող այս դիմումը մեկնաբանվեց ընդհուպ կոչ Ջավախքի անկախացման ու Վրաստանից անջատվելու: Անգամ սեփական դարդուցավը թողած, որ որոշների դեպքում իրենց դեմ հարուցված դատական գործեր են, սկսեցին դարդ անել, թե հայերն էլի անջատողականությունից են խոսում ու դավեր նյութում Վրաստանի պետականության դեմ: Սաակաշվիլին իր հերթին ռուսական հետքի հետ մեկտեղ վերջին շրջանում հայերից, հայկականից ու ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանից զգացած վախերը ներկայացրեց, նրա ղեկավարած «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին էլ փորձեց Սաակաշվիլու ասածի «պակասը» լրացնել, թե ներկայիս իշխանությունները «չեն վերահսկում իրավիճակը Ջավախքում»: Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, կրկին իր գործերը մաքրագործելու նպատակով, փորձել է իրավիճակը Ջավախքում 1999-ի կտրվածքով, երբ ինքը խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր, ներկայացնել այնպիսին, թե «ոստիկանությունը կամ զինուժն այն ժամանակ Ջավախք մտնել իսկ չէր կարող»: Ընդ որում, ջավախքցիները, Սաակաշվիլու բնութագրմամբ, վռնդել են այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեին, երբ վերջինս փորձ արեց մտնել տարածաշրջան: Թե ասվածը, իրականությունն ու դրա պիտակումը որտեղ են ճշմարտության առումով` բնավ էլ հարցի էական կողմը չէ: Էական է, որ այս ամենում էլ Սաակաշվիլին, հակառուսական իր մոլուցքին տուրք տալով, կրկին հայտարարում է, թե այն ժամանակ էլ ռուսաստանյան բազան Ախալքալաքում դրանում մասնակից էր ու թեեւ հեռացվեց Վրաստանից, «սակայն պետական հետախուզական վարչության գործակալական ցանցը մնաց»: Վրաստանի դեռեւս նախագահ Սաակաշվիլու մատուցմամբՙ 2006-2007-ից իր ղեկավարած իշխանությունը սկսել է աշխատել Ջավախքի ժողովրդի հետ, ոչ թե տեղի հեղինակությունների, սակայն իրականում հենց տեղական հեղինակություն ասվածներն էլ Սաակաշվիլու ռեժիմի վառ պաշտպաններն էին ու հիմնական պաշտոններ զբաղեցնողները, որոնց ջանքերն այնքան ցցուն արդյունքներ էին «ապահովում» Սաակաշվիլու համար կարեւոր ընտրություններում. հունվարի սկզբին, երբ Ջավախքում ձյան ու եղանակի խստության պատճառով մարդիկ լավագույն դեպքում տնից գոմ են գնում ու հակառակը, սաակաշվիլիական ուժերը գրեթե 100 տոկոս կողմ ձայն էին «ստանում»: Արդյունքում էլ Ջավախքի խնդիրները մնում էին չլուծված: Մեկ այլ ապացույց էլ բերել է Մերաբիշվիլին, ներկայիս իշխանություններին նսեմացնելու նպատակով հայտարարելով, թե 3-4 տարի առաջ Ջավախքում իրավիճակը լիովին վերահսկելի էր, ասել է թե ժանդարմերիան լավ էր աշխատում. ակտիվիստները ձերբակալվում էին կամ հայտնվում հետախուզման մեջ, հայերեն գրքերը մնում էին սահմանին, հայ գործիչները` հայտնում «անցանկալի անձանց» սեւ ցուցակում եւ այլն: «Երբ առաջին անգամ էի այցելում Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում», կրկին վերադառնալով լեզվի խնդրին` ներկայացրել է Սաակաշվիլին իր զարմանքը Ախալաքալաքի դպրոցներից մեկում մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպմանը, մոռանալով նշել, որ խորհրդային ասված Վրաստանն այնքան անտարբեր էր Ջավախքի ու այնտեղ ապրող հայերի նկատմամբ, որ անգամ վրացերեն սովորելու խնդիր դրված չէր ու պահանջ էլ չկար: Ավելին, Ջավախքի դպրոցներում վրացերենի այնքան ուսուցիչ կար այդ ժամանակ, որքան, ասենք, հիմա Հայաստանում: Որեւէ երկրում ապրելու նախապայմաններից մեկն էլ այդ երկրի պետական լեզվին տիրապետելն է, բայց դա չի կարող ինքնանպատակ պահանջ լինել, ինչպես ինքնանպատակ չէ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելու պահանջը. այն իր գոյության բոլոր հիմքերն ունի: «Վրաստանում գլխավորը վրացերենն է», հայտարարել է Սաակաշվիլին, թեեւ, որքան կարող ենք դատել, որեւէ մեկը հակառակը չի էլ պնդել: Սաակաշվիլու խոսքերով, «նպատակը հայերենի դուրսմղումը չէ, այլ որ վրացերենը լինի Ջավախքի երիտասարդության հաջողության հասնելու լեզուն»: Այս ամենով հանդերձ, Սաակաշվիլին առաջ, հետո, ներկա ու թերեւս ապագա իր բոլոր զբաղեցրած պաշտոնների համար հայտարարում է, թե միշտ է դեմ եղել խնդրո առարկա խարտիայի վավերացմանը, իբր դա կվնասի Վրաստանին: Մյուս կողմից էլ, Ջավախք այցելությանը Սաակաշվիլին, իրեն հատուկ պոպուլիստական մոտեցմամբ, հայտարարում է, թե էթնիկ հայերը պետք է ինտեգրվեն վրացերենի միջոցով: Ստացվում է, որ եթե խարտիան, ըստ Սաակաշվիլու, չպետք է վավերացվի, հայերին մնում է միայն վրացերենը, որ այդ երկրում «հաջողության» հասնե՞ն: Սաակաշվիլու իրական մտահոգություններն ի հայտ են գալիս ոչ թե այս համատեքստում, այլ Ջավախքում արված մեկ այլ հայտարարությամբ, թե խորհրդային տարիներին Ջավախքը ռուսականացվում էր, իսկ հիմա «լեզվի, համալսարանական կրթության ու երկաթգծի» միջոցով հայերը պետք է ինտեգրվեն Վրաստանում: Այս պարագայում հետաքրքրական կլինի, թե, ասենք, մի 10 տարի հետո քանի հայ Վրաստանում կհայտնվի որեւէ ղեկավար պաշտոնում, ինչպիսի պաշտոնյաներ արդեն տասնամյակներ գոյություն չունեն: Վերջին շրջանի միակ օրինակը ներկայացնող Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի պարագայում էլ, ինչպես ասում են, ավելի լավ է այդ պոստում չլիներ, քանի որ վերջինս ոչ միայն «անցանկալի» է որակում խարտիայի վավերացումը, այլեւ «համոզված է», թե Վրաստանում հայերը վրացիներին հավասար իրավունքներ ունեն: Ամեն դեպքում, որքան էլ աջն ու ձախը ներկայացվեն ու մեկնաբանվեն, հիմնականն այն է, որ Ախալքալաքի շրջանային ժողովի «պատմական» որոշումը խցկվել է Սաակաշվիլու եւ Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «արանքը»` ավելացնելով առանց այդ էլ մեծ ճեղքը երկու կողմերի հարաբերություններում: Այն ժամանակ, երբ Սաակաշվիլին ու իր թիմը ներկա իշխանություններին մեղադրում են «հայ ազգայնականներին ծառայելու» մեջ, Իվանիշվիլին ու իր թիմն էլ հիշեցնում են, որ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու» ցանկությամբ հենց Սաակաշվիլին է 1999-ին նախաձեռնել եվրոպական խարտիային միանալու գործընթացը: Տարբեր ուժերի շահերի բախման խաչմերուկում, սակայն, կարեւոր է, որ հայերի` որպես Վրաստանի քաղաքացիների իրավունքները լինեն պաշտպանված: |