Inicio »
2013 » Marzo » 1 » Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել` ոճրագործ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ
15:15 Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել` ոճրագործ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
01.03.2013
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված մյուս սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել համապատասխան անհատական գանգատ, որով վիճարկում են Հունգարիայի և Ադրբեջանի կողմից իրականացրած ոչ իրավաչափ գործողությունները` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելը, հետագայում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը, արդարացնելն ու հերոսացնելը: Այս մասին մարտի 1-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը: «Այս գանգատը ներկայացվել է կոնվենցիայի 2-րդ` կյանքի իրավունք և 14-րդ` և խտրականությունների արգելք հոդվածների ներքո: Գանգատը ներկայացվել է առաջնահերթության իրավունքով, հետևաբար Հայաստանի Հանրապետությունն այս փուլում անելիք չունի: Սակայն մենք Եվրոպական կոնվենցիայով հստակ ամրագրված իրավունք ունենք` ներգրավվել վարույթին որպես երրորդ կողմ»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Ռուբեն Մելիքյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ներգրավվելուց հետո ջանասիրաբար և արդյունավետ կիրականացվեն ՀՀ շահերի պատշաճ ներկայացումը երրորդ կողմի կարգավիճակում:
Ռամիլ Սաֆարովը 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում էր շնորհել և ազատ արձակել: Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ` Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ:
|
Visiones: 708 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |