Inicio »
2013 » Marzo » 15 » Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին, ԼՂ-ին և Ջավախքին հատկացվող օգնությունը
16:02 Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին, ԼՂ-ին և Ջավախքին հատկացվող օգնությունը |
ՍՓՅՈՒՌՔ
15.03.2013
Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովին կոչ է արել մեծացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ջավախքին հատկացվող օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանձնաժողովում Քարաքաշյանը հանդես է եկել արտաքին օգնությանը և քաղաքականությանը վերաբերող զեկույցով: Զեկույցի յոթ դրույթները վերաբերում են ԱՄՆ-ի` Արցախին, Հայաստանին, Ջավախքին և Սիրիային հատկացվելիք օգնությանը:
Քարաքաշյանը մասնավորապես կոչ է արել նախորդ տարվա նման առնվազն 5 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանն աջակցելու համար, նաեւ` հետամուտ լինել Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի միջև առանց խոչընդոտների հարաբերությունների հաստատմանն ու աջակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ինտեսիվացմանը: Ելնելով 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից, որ վկայակոչում է ԱՄՆ-ի դեմ լինելը ադրբեջանական շրջափակման և ագրեսիվ գործողություններին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:
Հայաստանի մասով առաջարկվում է առնվազն 50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման համար: «Այս տարի Հայաստանը տնտեսական զարգացման ցուցանիշով 38-րդն է աշխարհում` առաջ անցնելով Բելգիային և Ֆրանսիային»,- ասված է զեկույցում:
Կոչ է արվում Վրաստանին հատկացվող օգնության 10 տոկոսն ուղղել Ջավախքի զարգացմանը`այդ կերպ խթանելով աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանն այդ տարածքում:
Քարաքաշյանն առաջարկում է նաեւ Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների արդարացի բաշխում Սիրիայի կարիքավոր բնակչությանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Քարաքաշյանը բացատրեց, որ ֆինանսավորման և արտաքին քաղաքականությանը վերաբերող այս յոթ դրույթները ռազմավարական նշանակություն կունենան Միացյալ Նահանգների դիվանագիտության և ազգային շահերի ամրապնդման, կովկասյան տարածաշրջանում ամերիկյան արժեքների տարածման հարցում:
|
Visiones: 752 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |