29.10.2012
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են 2012թ.ի մրցույթի պայմանները հետևյալ անվանակարգերում` «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան»: Հայտարարվում է նաև «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» խորագրով շարադրությունների մրցույթ: Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ: Ա. «Հայկական կրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող մեկօրյա հայկական կրթօջախներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը: Մրցույթը կանցկացվի հետևյալ ենթաանվանակարգերում`
1. «Նորաբաց մեկօրյա», որին կարող են մասնակցել վերջին երեք տարիների ընթացքում ստեղծված մեկօրյա դպրոցները: 2. «Մեկօրյա դպրոց», որին կարող են մասնակցել երեք և ավելի տարի գործող մեկօրյա` շաբաթօրյա, կիրակնօրյա, նաև երկօրյա կրթօջախները: Մրցույթին չեն կարող մասնակցել այն մեկօրյա դպրոցները, որոնք դարձել են նախորդ` 2010թ. «Լավագույն կրթօջախ» - ի մրցանակակիր:
Մրցանակաբաշխությանը մասնակցող դպրոցները պետք է գրանցված լինեն որպես մեկօրյա դպրոց կամ գործեն որպես մասնագիտացված կրթական հաստատություն՝ տեղի հայկական համայնքային կազմակերպությանը, հայկական կառույցին կամ եկեղեցուն կից կամ տեղական իշխանությունների ենթակայության տակ գտնվող կրթամշակութային հաստատություններում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. նոյեմբերի 15-ը: Բ. «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում: «Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. նոյեմբերի 15-ը:
Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև -լուսանկար, -կրթության մասին փաստաթուղթ (պատճենը), -համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր, -որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:
Գ. «Ցեղասպանության 100-ամյակը» խորագրով շարադրությունների մրցույթի նպատակն է`
-նպաստել սփյուռքահայ սերունդների կողմից հայոց Մեծ եղեռնի ու դրա հետևանքների ընկալմանը, Ցեղասպանության` որպես կոլեկտիվ հիշողության ամրապնդմանը,
-խրախուսել սփյուռքահայ երիտասարդության կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշելու ժամանակակից գաղափարների առաջքաշումը, միջոցառումների, շարժումների կազմակերպումը, դրանցում երիտասարդ սերնդի ներգրավումը,
-նպաստել սփյուռքահայ երիտասարդ սերնդի ներգրավմանը Հայ դատի, Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, պահանջատիրության և հատուցման գործընթացներում:
Մրցութային աշխատանքներում հստակորեն պետք է արտացոլված լինեն մասնակցի պատկերացումներն առաջադրված թեմայի վերաբերյալ: Մրցույթին կարող են մասնակցել սփյուռքահայ աշակերտներ և ուսանողներ: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ` շարադրություն, էսսե, ակնարկ:
Մրցութային աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2012 թվականի նոյեմբերի 15-ը:Ներկայացվող աշխատանքները չպետք է գերազանցեն համակարգչային 5 էջը։
Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Տիտղոսաթերթի վրա նշվում է՝ - Ազգանուն, անուն, հայրանուն - Ծննդյան թիվը - Հասցե, հեռախոս - Էլեկտրոնային փոստի հասցեն - Ուսումնական հաստատության անվանումը, վայրը, հասցեն և հեռախոսահամարը - Համայնքը /տարածաշրջանը/: «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան» և «Ցեղասպանության 100-ամյակը» խորագրով շարադրությունների մրցույթների արդյունքները կամփոփվեն ս.թ. դեկտեմբերին:
Յուրաքանչյուր անվանակարգի համար գործում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ: Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկի տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով կամ էլ.փոստով`
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 Էլ. հասցե` ministry@mindiaspora.am; allarmenian@mindiaspora.am; press@mindiaspora.am; կայքեր` www.mindiaspora.am; www.spyurq.am; Պատասխանատու՝ Ս. Համբարյան Հեռախոս՝ (+37410) 58 56 01 (1-17)
«Հայապահպանության գործում ունեցած ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2012թ. հայտարարությունը, հայտերը, հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվում են ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում` www.hayernaysor.am: Համահայկական ծրագրերի վարչություն +37410585601(03)-117, allarmenian@mindiaspora.am
|