ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, «Արարատ» հայկական միության նախագահ, Իսպանիա Այս խորագիրն է կրում այն հրաշալի աշխատանքը, որը ծնունդ է առել վալենսիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Խոսե Մարիա Կալի
գրչից, մի իսպանացի, որը անթաքույց հպարտությամբ ու կրքոտ սիրով է գրում
մեր երկրի, նրա հնագույն պատմության, անօրինակ մշակույթի ու նրա ամենաջերմ
բնակիչների մասին: Նրա հետ հանդիպումից ես հասկացա, որ նա սիրահարված է մեր
երկրին, նրա բարքերին, այն ամենին, ինչ ասել է Հայաստան: Եվ որոշումըՙ
գրել գիրք Հայաստանի մասին, նրան բերել է մինչեւ մեր ափերըՙ տեղում
ցուցադրելու այն, ինչը շատերն արդեն ժամանակին համարել են «թանգարանՙ բաց
երկնքի տակ»: Նրա հետ հանդիպման վերջին օրերի մեր
զրույցի թեման եղել է Հայաստանը, եւ, չգիտես ինչու, ինձ թվացել է, թե նա մի
զինվոր է, որ պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները: Խոսեն ամեն օր
ուշի-ուշով հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող
իրադարձություններին եւ ցավով է տանում այնտեղ արձանագրված հայկական
յուրաքանչյուր կորուստ: Նա արդեն իսկ կարոտում է հայկական խոհանոցը, որտեղ
համտեսել է հայերի ամենահայտնի ուտեստներից մեկըՙ խորովածը: Նրա համար
անհասկանալի է, երբ իսրայելական բանակի մեկ զոհի համար արձագանքում է ողջ
աշխարհը եւ դատապարտում այն, իսկ հայ զինվորի կորստի մասին միայն
տարածաշրջանում են իմանում: Այս ողջ զգացմունքները
Խոսե Մարիա Կալը ներդրել է «Հայաստան. հպարտություն եւ կիրք» աշխատության
մեջ, որն իսպաներեն գրված առաջին տուրիստական ձեռնարկն է եւ ընդգրկում է
Հայաստանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունՙ պատմություն,
աշխարհագրություն, մշակույթ, զբոսաշրջություն, խոհանոց... Ինքն էլ
հպարտանում է նրանով, որ լրացրել է իսպանալեզու հրատարակչությունների եւ
գրադարանների այս չափազանց կարեւոր բացըՙ Հայաստանի զբոսաշրջությանը
վերաբերող տպագրությունը: Գրքի շնորհանդեսը տեղի
ունեցավ հունիսի 1-ին, Միսլատայի մշակույթի տանը, «Արարատ» հայկական
միության նախաձեռնությամբ: Միությունը մի փոքրիկ ներկայացում էր պատրաստել
հայկական դպրոցի սաների մասնակցությամբ, ովքեր հարյուրից ավելի
հանդիսատեսներին հրամցրեցին հայկական երգն ու պոեզիան: Երեխաների ելույթին
հետեւեց փաստավավերագրական ֆիլմ Հայաստանի մասին, որը հայերենից ինքս էի
թարգմանել իսպաներեն եւ ձայնագրել Միսլատայի հեռուստատեսությունում: Իմ
հակիրճ ելույթին հաջորդեց հեղինակի խոսքը, որում եւս մեկ անգամ զգացվեց
նրա անսահման սերը մեր հայրենիքի նկատմամբ: «Ես անչափ ուրախ եմ, որ եղել եմ
Հայաստանում եւ խորհուրդ եմ տալիս բոլորին գոնե մեկ անգամ այցելել այդ
չքնաղ ու առասպելական երկիրը»,- իր խոսքում նշեց Խոսեն: Շնորհանդեսին
ներկա էին նաեւ Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային Հարաբերությունների,
Մշակույթի եւ Տոների խորհրդականներ Խոսե Ռամոն Բոսկան (Josռ Ramցn Boscո),
Պեպի Մարտինեսը (Pepi Martines) եւ Խոսե Միգել Վերան (Josռ Miguel Vera):
Իր ելույթում Խոսե Ռամոն Բոսկան նախ շնորհավորեց հեղինակին գրքի տպագրման
կապակցությամբ եւ անսահամն շնորհակալություն հայտնեց «Արարատ» հայկական
միությանըՙ «նրա վարած չափազանց կարեւոր աշխատանքի համար, որում առաջնակարգ
տեղ է գրավում ո՛չ միայն այլ մշակույթների ուսուցանումն ու ցուցադրումը
իսպանական շրջանակներում, այլ նաեւ ինտեգրման ոլորտում նրա անկրկնելի
ջանքերը»: Մենք եւս հայ ժողովրդի անունից
շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում մեր բարեկամ Խոսե Մարիա
Կալին եւ մաղթում հետագա բեղմնավոր աշխատանքային գործունեություն: |