Inicio »
2012 » Diciembre » 14 » Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ
20:29 Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ |
14.12.2012
Դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 14-ին Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվեց վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ նշվեց բարձրաստիճան այցերի ու փոխշփումների դինամիկան հետագա տարիներին եւս շարունակաբար ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Լավ հիմք համարելով ավելի քան 20 տարի ի վեր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ՀՀ մի շարք գերատեսչությունների միջեւ արդյունավետ գործընկերությունը` ընդգծվեց հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցության, մասնավորապես` տնտեսական ծրագրերի խթանման, մշակութային եւ կրթական փոխանակումների, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում աշխատանքների ակտիվացման կարեւորությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու դրույթների բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Կողմերը քննարկեցին ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության եւ ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Փոխադարձաբար ներկայացվեցին տարածաշրջանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունները:
|
Visiones: 740 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |