Jueves
25.04.2024
06:36
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Enero » 4 » «ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ» շնորհավորում է համայն հայության Նոր տարին և Սուրբ Ծնունդը
    10:38
    «ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ» շնորհավորում է համայն հայության Նոր տարին և Սուրբ Ծնունդը

    01.01.2013


    Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
    Թող որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության 2013-րդ տարին երջանկություն բերի բոլորիդ՝ մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի չորս ծագերում:

    Նոր տարվա շեմին մեր սրտերը համակվում են ամանորի ուրախությամբ, սակայն ամեն մեկիս մոտ այն յուրատեսակ արձագանք է գտնում՝ միախառնվելով նախընթաց տարվա հիշողություններին: Իսկ դրանք տարբեր են՝ տխուր և ուրախ, ոգևորիչ և…ոչ այնքան: Եվ ամեն տարեմուտի առավել խորն ենք գիտակցում ժամանակի անդառնալիությունը:                

    «Երբ տեսնում ենք, որ անցյալ տարին բոլորեց եւ անցավ,- գրում է սուրբ Գրիգոր  Տաթևացին,- խորհրդածում ու հասկանում ենք, որ մեր ողջ կյանքն անկայուն է ու փոփոխելի, եւ մնայուն չեն ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ ուրախությունները, ո՛չ հաճույքները, ո՛չ այլ ինչ, այլ ամեն ինչ փոփոխվելու է եւ անցնելու, ինչպես որ հին տարին անցավ»:

    Ամանորի ուրախությունը, սակայն, չի խաթարվում այս տագնապալի մտածումներով, քանզի ուրախության ակունքները բխում են ժամանակների իշխանությունից դուրս այն ճշմարտությունից, ինչը կոչվ ում է  Հավիտենական կյանքի հույս:

    «Քրիստոնյայի համար Նոր տարվա օրը աղոթքի եւ հոգեւոր հաշվետվության օր է՝ Աստծո եւ խղճի առաջ,- ասում է Գարեգին Ա Հովսեփյանց Մեծի տանն Կիլիկիո երջանկահիշատակ  հայրապետը իր խոհագրություններից մեկում:- Տարեվերջին հաստատությունները փակում են իրենց տոմարները եւ հաշիվ տալիս ավելի բարձր հաստատություններին: Այսպես պետք է լինի անհատը. նա հաշիվ պետք է տա Աստուծո եւ իր խղճի առաջ, թե ինչ է ձեռք բերել անցած տարվա մեջ, որ մնայուն է, որ տեւական է եւ ոչ այնպես անցավոր, ինչպես հին տարին էր…  Մենք իրավունք ունենք ուրախանալու միայն այն դեպքում, երբ մեր հոգու հաշվեմատյանները ուղիղ են, երբ անցավոր ժամանակի մեջ այնպիսի բարիք ենք ձեռք բերել, որ մեզ համար եւ մեր ժողովրդի կամ Եկեղեցու համար տեւական նշանակություն ունի»:

    Իսկ  որն է այդ տեւականը, մնայունը, հավիտենականը, որ հնարավոր է ձեռք բերել անցավոր ժամանակի մեջ: Այս հարցի պատասխանը տվեց Քրիստոս Հիսուս՝ ի ծնե կույրին բժշկելուց առաջ. «Եւ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը Նրա, Ով ինձ ուղարկեց. կը գա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել» (Հովհ. Թ 4):

    Նոր տարվա շեմին Ժամանակների Արարիչն է մեզ հուշում ճիշտ օգտագործել մեզ պարգեվված կյանքի ժամանակը, որպեսզի անխռով հոգով ու խաղաղությամբ դիմավորենք Նոր տարին՝ առիթ չունենալով ամաչելու նախորդ տարվա մեր ապրածի համար, եւ Տիրոջ ողորմածությունը հայցենք մեզ եւ մեր մերձավորներին՝  գալիք բոլոր օրերի համար:

    «Եվ արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք երեքը, եւ սրանցից մեծագույնը սերն է»,- ասում է Պողոս առաքյալը իր անզուգական «Սիրո օրհներգ»- ում:

    Ա՛յդ սերն ունենանք մեզ ուղեկից գալիք տարվա  եւ մեր կյանքի բոլոր օրերի համար: Այն սերը, որ, ինչպես առաքլալն է ասում, համբերող է, քաղցրաբարո է, չի նախանձում, իրենը չի փնտրում, չար բան չի խորհում: Այն սերը, որն ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես 
    հույս է տածում, ամեն բանի համբերում է: Այն սերը, որ երբեք չի անհետանում:

    Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր տարվա շեմին մեկ անգամ էլ հիշենք մեր սուրբ հայրերի պատգամը՝ այս անցավոր կյանքը ապրել որպես Հավիտենական կյանքին նախապատրաստվելու ժամանակահատված:  Եկե՛ք, ուրեմն, մենք էլ նոր տարին սկսենք առ Աստված երախտագիտությամբ եւ գոհանանք Տիրոջից այն բոլոր բարիքների համար, որոնցով Նա լցրել է մեր կյանքը: Գոհանանք անգամ մեր ցավերի ու նեղությունների համար, քանզի դրանք մաքրում եւ իմաստնացնում են մեր հոգին՝ մեզ առավել մոտեցնելով  Փրկչին: Նաեւ թոթափենք մեզանից անցյալի բոլոր սխալները՝ զղջալով ու ապաշխարելով մեր մեղքերի համար: Վերջապես՝ ազգովին գոհանանք Աստծուց մեր անկախ երկրի համար, պահենք, փայփայենք ու շենացնենք մեր Հայրենիքը՝  համայն հայության իրականացած Երազը… Նաեւ  ամբողջ սրտով աղոթենք մեր սիրիահայ քույր-եղբայրների համար, որ նոր տարին խաղաղություն պարգեւի նրանց օջախներին, եւ ինչով կարող ենք ՝ նեցուկ լինենք մեր հայրենակիցներին:

    Հին տարվա պես անցնելու են երկինքն ու երկիրը, եւ բոլորս ի վերջո կանգնելու ենք Տիրոջ անաչառ դատաստանի առաջ: Չլինի թե հատուցման օրը լսենք Տիրոջ ահազդու վճիռը՝ «Հեռացե՛ք ինձանից, անիծյալնե՛ր», այլ արժանանանք Նրա բերկրալի հրավերին՝ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»…

    Կրկին ու կրկին շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:

    Հայկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    «Հայերն այսօր»-ի գլխ. խմբագիր
    Visiones: 851 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: