Jueves
21.11.2024
13:01
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Marzo » 29 » Հայկական Անկյուն Միսլատայում
    16:11
    Հայկական Անկյուն Միսլատայում
    ՍՓՅՈՒՌՔ 
    29.03.2013

    Հայկական Անկյուն՝ Միսլատայում
    «Մադրիդը՝ Հայաստանի մայրաքաղաք»,- հայտարարեց Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն VI-ը, ում Արագոնի և Կաստիյա լա Մանչայի թագավորները, փրկագին վճարելով Եգիպտոսի սուլթանին, բերում են Իսպանիա և նվիրում նրան Մադրիդի ու Վալյադոլիդի տարածքները:
    Մոտ 700 տարի առաջ տեղի ունեցած այս հետաքրքրաշարժ և գրեթե մոռացության տրված դեպքից հետո ևս մի քանի արժանահիշատակ իրադարձություններ են տեղի ունեցել Իբերիա թերակղզու տարածքում, որոնցում առկա է հայկական հետքը այս արևաշատ երկրում: Արևաշատ և անհասկանալիորեն հայաքիչ երկրում, որտեղ, ի զարմանս հնագիտության, հայտնաբերված ամենահին մարդկային կմախքները պատկանում են արմենոիդների ռասային:
       
    Ահա այսպես, Մեծ գաղթից ի վեր՝ Հայկական լեռնաշխարհից գաղթած մարդկային ցեղերը հաստատվում են թերակղզում՝ իրենց հետ բերելով պղնձաձուլության հնագույն արվեստը, որից ստացած գույնի հետևանքով հնագետները նրանց անվանել են «կանաչ մարդիկ»: Սակայն ո՛չ այս հնագիտական փաստը, ո՛չ բասկերի և բազմաթիվ իսպաներեն բառերի հայկական արմատ ունենալու հենքը, ո՛չ Մադրիդի առաջին և միակ «սենյոր Լևոնի» հանդգնությունը, ո՛չ Կադիսում 16-րդ դարում հիմնված հայկական «Հիսուս Նազովրեցի» եղբայրությունը և ո՛չ էլ ներկայիս հայկական կազմակերպությունները  ի զորու չեղան Իսպանիայում հայկական դասական համայնքի ստեղծմանը:
       
    Սա, թերևս, ժամանակի և քանակի հարց է, որը լուծելու համար, անշուշտ, որակ է հարկավոր: Այնպիսի որակներ, ինչպիսիք են Արա Մալիկյանը, Գեգել Մազմանյանը, Ջիվան Միրզոյանը, Լիլիթ Մանուկյանը կամ հենց ինքը՝ Լևոն արքան: Որակներ, որոնք ի զորու են հանդգնաբար և վստահաբար հայտարարել՝ ովքե՛ր ենք մենք, որտեղի՛ց ենք գալիս և ո՛ւր ենք գնում: Վերջիններս անհատականություններ են, որոնք կարող են հատկանշել իսպանահայության ուղին՝ ի նպաստ հայ ինքնության պահպանմանն ու ճանաչմանը:
       
    Հենց այս նպատակն է հետապնդում «Արարատ» հայկական միությունը, որի հերթական նախաձեռնությունը գումարվեց վերը նշված պատմական իրադարձություններին և վերջին 10-ամյակում Իսպանիայում ի կատար ածված հայապահպան գործունեությանը՝ հայկական միությունների ու դպրոցների հիմնում, հուշարձանների տեղադրում, պարբերականի հրատարակում և այլն: Այսպես են ստեղծվել դասական համայնքները՝ մեծ ու փոքր նախագծերով՝ հավատարիմ ազգապահպան նպատակին: Հենց այս նպատակին պիտի ծառայի նաև Հայկական անկյունը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 27-ին Միսլատայի օտարերկրացիների ինտեգրման կենտրոնում (AMICS): Վիլյամ Սարոյանի անվան այս հայկական կենտրոնը, որն ընդգրկում է 7 լեզուներով 150-ից ավելի հայագիտական գրքեր, ֆիլմադարան և երաժշտացանկ, նվիրվում է մեծանուն գրողի 105-ամյակին: Այն մի կտոր Հայաստան է այս օտար հողի վրա, որտեղ հայությունը կարող է վերագտնել իր ակունքները, հայ մշակույթն ու գրական հարուստ ժառանգությունը, հանդիպման մի կետ, որտեղ մշտապես կիշխեն  հայկականությունն ու անաղարտ հայերենը: Այնպես, ինչպես հենց բացման արարողության ժամանակ, երբ կենտրոնի պատերը գրկել էին հայ պատմագիտության ու գրականագիտության դեմքերին՝ Արտավազդ II թատերագիր արքայից մինչև նույն ինքը՝ Վիլյամ Սարոյանը: Նրանց նկարներն ուղեկցվում էին կենսագրական տվյալներով՝ հայերեն և իսպաներեն լեզուներով:
       
    «Հայկական անկյուն»-ի բացմանը  քաղաքապետարանից ներկա էր Միջազգային հարաբերությունների խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան (José Ramón Boscá), ով կենտրոնի տնօրեն Լուիս Ռեալի (Luis Real) հետ ստանձնեց բացման արարողությունը: Խոսք առնելով՝ Խոսե Ռամոն Բոսկան հայտնեց, որ «ամեն անգամ մի անակնկալ սպասում ես մեր քաղաքի հայերից, որի համար անչափ շնորհակալ եմ «Արարատ» հայկական միությանը և զարմացած նրա անսպառ էներգիայով ու ցանկությամբ, որով մեր քաղաքը դառնում է ավելի գունեղ  ու բազմամշակույթ»: Իսկական անակնկալ տեղի ունեցավ հենց արարողության ժամանակ, երբ կենտրոնի տնօրեն Լուիս Ռեալին նվիրվեց  Աշոտ Արծրունու «Հայ Ժողովրդի պատմություն» («Historia del Pueblo Armenio») գիրքը: 
       
    Բացմանը ներկա էր նաև իսպանահայության և իսպանական հասարակության սիրելին դարձած Լիլիթ Մանուկյանը, ով այդչափ գրքերի մեջ կարծես մի քայլող հանրագիտարան լիներ: Հավաքված հայերը մեծ հպարտությամբ էին ներկայացնում Լիլիթին՝ իսպանագիտության և համաշխարհագիտության ամենագետին, ում նույնպես մրցանակ էր սպասվում «Արարատ» միության կողմից: Ստանալով նվերը՝ Լիլիթը խոստացավ, որ ցանկություն ունի մասնակցելու «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին և վաստակած ողջ գումարը նվիրաբերել հայկական միությանն ու դպրոցին: 
       
    Բացման արարողության վերջում վավերագրական ֆիլմ ցուցադրվեց Հայաստանի մասին և ներկաներին առաջարկվեց ճաշակել հայկական ուտեստներ:
       
    Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Լիլիթ Մանուկյանին, իսկ «Հայկական անկյուն»-ին ցանկանալ, որ շուտով վերածվի հայագիտության խոշոր կենտրոնի:

                
    Արարատ Ղուկասյան, Վալենսիա (Իսպանիա)  

    Visiones: 818 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: