ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
01.02.2013
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների 9 հասցեում, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել երկու ուսերի հատվածում և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Հայրիկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է: Փետրվարի 1-ի գիշերը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են ժամանել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մի խումբ պատգամավորներ, նախարարներ, Երեւանի քաղաքապետը:
Մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին առաջիկա ժամերին կվիրահատեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի շտաբի պատասխանատու Մանյա Այվազյանը: «Փամփուշտը հեռացնելու համար Պարույր Հայրիկյանի վիրահատությունը կսկսվի րոպեներ անց, մնացած բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն փետրվարի 2-ին հատուկ լրատվամիջոցների համար հիվանդանոցում կազմակերպվող ասուլիսում»,-ասաց Այվազյանը: Գիշերը հիվանդասենյակում Պարույր Հայրիկյանին օրհնել է Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը:
Մահափորձի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):
|