26.12.2012
Միջազգային փառքի արժանացած դուդուկահար Ջիվան Գասպարյանի համար անցնող 2012 թվականը ձեռքբերումներով լի էր: Դուդուկի վարպետը երաժշտություն է ձայնագրել նաեւ հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ արդեն երեք տարի ընթացող եւ բավականին մեծ բյուջե ունեցող ֆիլմի նկարահանումները կշարունակվեն նաեւ 2013-ի ընթացքում:
«Դեռ հստակեցված չեն ֆիլմի ավարտի հետ կապված ժամկետներն ու այլ մանրամասներ, որոնք, կարծում եմ, հայտնի կդառնան եկող տարում»,- ասաց Գասպարյանը: Ամերիկյան լավագույն ֆիլմերի երաժշտական ձեւավորումը հաճախ վստահվում է հենց Գասպարյանին: Նա երաժշտություն է գրել 40-ից ավելի արտասահմանյան ֆիլմերի համար, որոնց թվում են «Ռուսական տուն», «Եվգենի Օնեգին», «Դոկտոր Ժիվագո», «Գլադիատոր» ֆիլմերը:
Լեգենդար երաժիտը հաճախ է նշել, որ ֆիլմերի համար նվագելիս հեղինակներն իրենից ակնկալում են այն երաժշտությունը, որն առաջին հերթին ինքն է զգում:
Սուրբ Ծնունդին եւ Ամանորին ընդառաջ Գասպարյանը մաղթեց հայ ժողովրդին խաղաղություն եւ նորանոր հաջողություններ:
«Անցնող տարին լավ, ուրախ տարի էր հայության համար չնայած եւ կորուստներին»,- ասաց երաժիշտը: Նա նշեց, որ իր ստեղծագործական գործունեության մեջ առանձնացել են իր համերգային շրջագայությունները Ռուսաստանում, Փարիզում, Գերմանիայում, այլուր, որոնք կշարունակվեն նաեւ հաջորդ տարի:
Դուդուկահարը տեղեկացրեց, որ գալիք տարում մեծ մասշտաբի բազմաթիվ նախագծերի մանսակցություն է ծրագրվում, որոնց մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում: «Այժմ ամեն ինչ կարծես իրար է խառնվել աշխարհում, բազմաթիվ իրադարձություններ են կատարվում, բայց շատ կարեւոր է, որ մարդիկ չտխրեն, չնեղվեն եւ շարունակեն ապրել իրենց կյանքով»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի քառակի ոսկե մեդալակիր է:
Ջիվան Գասպարյանը աշխարհին հայտնի դարձավ մասնավորապես «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքից հետո, որտեղ հնչում է հայկական ազգային դուդուկը դասական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
|