Վալենսիայի «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնությունը նպատակաուղղված է ստեղծել իսպանական անկյուններ Հայաստանի տարբեր շրջաններում և մարզերում: Եվ ահա, այս նպատակով, օրերս հանդիպում տեղի ունեցավ միության նախագահ Արարատ Ղուկասյանի և Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանի միջև:
Հանդիպման ընթացքում, որը հնարավոր դարձավ Արարատ Ղուկասյանի մանկության ընկեր Վարազդատ Հովհաննիսյանի միջոցով, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ անկյունը բացել հենց այդ գրադարանում, որը գտնվում է Հրազդան քաղաքում՝ Ղուկասյանի ծննդավայրում: Հենց այս գրադարանից է, այժմ արդեն իսպանաբնակ հյուրը, ուսանողական տարիներին հաճախակի օգտվել, գտել պատասխանները բազմաթիվ հարցերի:
Գրադարանի աշխատակիցները, Անահիտ Խեչոյանի գլխավորությամբ, ջերմորեն և խանդավառությամբ ընդունեցին իսպանաբնակ հյուրին, ով կենտրոնին նվիրեց իր վերջին աշխատությունը՝ «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսն առաջիկայում տեղի կունենա նաև հենց այդտեղ: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց խթանել գրադարանի գործունեությունը՝ բազմաբնույթ ու բազմանովանդակ նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երիտասարդության ներգրավվածությանը՝ գրադարանի միջոցառումներին և հետաքրքրասիրությանն՝ ընթերցանությանը:
Արարատ Ղուկասյանի այս այցով հիմք է դրվում Հայաստանում իսպանական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Վերջինս իր հետ բերել էր նաև իսպաներեն գրականություն, որը նվիրաբերվեց կենտրոնին: Այստեղ մի անկյուն է հատկացվել, որտեղ կտեղադրվեն գրքերը: Հետագայում անկյունը կվերածվի մի ընդարձակ սենյակի, որտեղ տեղ կգտնեն իսպանական մշակույթն ու Իսպանիան հիշեցնող ամեն ինչ:
«Սերվանտեսի անկյուն»… Այսպես կանվանվեն այն կենտրոնները, որոնք կբացվեն Հայաստանի տարբեր շրջաններում ու գյուղերում և որոնց հիմքը դրվեց Հրազդանում՝ Կոտայքի մարզային գրադարանում: Կենտրոններում ոչ միայն կիրականացվեն իսպանական մշակույթին վերաբերող միջոցառումներ, այլ նաև կկազմակերպվեն հայ-իսպանական միջմշակութային նախաձեռնություններ, որոնցով հնարավոր կլինի խթանել փոխհարաբերությունները երկու երկրների միջև: Կենտրոններում նաև հնարավորություն կընձեռնվի ուսանել իսպաներեն՝ ամենամյա դասընթացների միջոցով: Եվ, ի վերջո, դրանք լավ առիթ կհանդիսանան իսպանական տուրիզմը մեր հայրենիքում զարգացնելու համար:
Դե ինչ, հաջող ընթացք մաղթենք «Արարատ» հայկական միության նոր նախաձեռնությանը և սպասենք այլ նորարարությունների: