ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
14.03.2013
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ 77 տարեկան հասակում, Երեւանի թիվ 8 հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
Արամայիս Ադամի Սահակյան ծնվել է 1936 թվականին Արծվաշեն գյուղում: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում, «Գարուն» գրական ամսագրում ՀԼԿԵՄ Կենտկոմում, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։
Նա մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից են «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Աստղիկներ», «Ապրել եւ սիրել», «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» եւ այլն: Արամայիս Սահակյանը նաեւ երգերի տեքստերի հեղինակ է, որի համար արժանացել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկրի կոչման: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ եւ արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։
Արամայիս Սահակյանը լայն հանրությանը հայտնի է իր խմբագրած «Ոզնի» երգիծական շաբաթաթերթով, որը շարունակել է հրատարակել նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո: Նա նաեւ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավոր։
|