ՆՈՐ ՏԱՐՎԱ ԻՂՁԵՐ
Արարատ Ղուկասյան
Տասներկու քաղցրահամ խաղողի հատիկ Պիտի համտեսեմ Նոր տարվա գիշեր, Ամեն զանգի հետ տասներկու իղձ Պիտի փափագեմ մարդկությանը մեր: Առաջին զանգը թող հնչի հանուն Խաղաղ աշխարհի ու անդորր կյանքի: Թող որ արևը շողա երկնքում Ու մարդկանց միայն բարիք պարգևի: Թող անձրևները, մե՜ղմ կամ հորդառա՜տ, Մեր հոգիները մաքրեն մեղքերից... Ու մեր արտերը դառնան բերքառատ Նրանց բարեբե՜ր, զուլա՜լ ջրերից: Երկրորդ ղողանջը թող որ ավետի Բարության լույսը երկրի ու երկնի, Թող երազները, հին թե դեռատի, Դառնան իրական՝ լույսի պես լուսնի: Երրորդ զանգի հետ թող մարդկանց հոգին Լցվի անաղարտ ու անկեղծ սիրով, Թող չարը առմիշտ լքի ամենքին, Եվ սե՜րը իշխի աշխարհին փառքով: Թող արարածը մարդկային ցեղի Զիջե՛լ գիտենա, ընդունե՜լ, հարգե՜լ: Ու չդևանա՝ տեղի-անտեղի Ու չձևանա սուտ ու անվայել: Երբ չորրո՛րդ անգամ զանգը ղողանջի, Թող ազդարարի վախճանը ստի, Թող երակներով ամենային գոյի Լոկ ազնվության արյունը հոսի: Հինգերորդ զանգը կա՜նչն է գիտության, Որ պիտ սերմանի խելք ու գաղափար Եվ վանի ա՛խտը մութ տգիտության, Ցրի խավարը մտքի գյուտարար: Իսկ առողջ մտքին ու՜ժ, կորո՜վ է պետք, Որով օժտված է մարմինը առողջ... Ուրեմն վեցերորդ ղողանջն էլ իր հետ Թող առողջություն հասցնի մարդոց: Թող մարմինները տկար ու հիվանդ Ազատվեն բազում ախտերից անբուժ, Ու թող բժշկվեն մանուկներ թուլատ Նորեն ժրանան ու խաղան աշխույժ: Յոթերորդ զանգը իր հետ թող բերի Սե՜ր՝ աշխատելու, ստեղծագործելու, Ու թող ձեռքերը միմիայն բարի Մտքեր արարեն՝ գովաբանելու: Ութերորդ զանգով, երկնքից անամպ, Թող բարի՜ք տեղա, ոսկի՜, մանանա՜ Չունևորները թող հարստանան, Իսկ հարուստները՝ հույժ բարիանան: Ու թող կիսելու ոչինչ չունենան, Ուրախությունից ու լավից բացի Առատաձե՛ռն, կամեցո՜ղ դառնան Ծանո՜թ, անծանո՜թ, օտա՜ր, դրացի՜... Իսկ ահա հաջորդ՝ իններորդ զանգը Բարությամբ զինված մարդ-արարածին Թող բա՜խտ ընծայի, որ յուր երազը Դառնա իրական, դառնա մարդկային: Տասերորդ զանգը երջանկալից է՝ Օծված բուրմունքով վերը նշվածի: Նրա ղողանջը բերկրան ալիք է, Որ պիտ պարուրի հոգին ամենքի: Եվ ի՞նչ է մնում Երկրին ու մարդուն, Փոխադարձ սիրո՜ւց, հարգանքից բացի, Որպեսզի հասնենք կատարելության, Որ տասնմեկերորդ զանգը կբերի: Այնժամ, այլևս, ի՞նչ պիտ ունենանք Մեկս մյուսին տալու-ստանալու... Ուրեմն, սրտանց ե՛կ ուրախանա՜նք՝ Չարիքից ու մութ փորձանքից հեռու: Ե՛կ իրար սիրե՜նք, գոհանա՜նք, հարգե՜նք, Մեկս մյուսի լա՜վը ցանկանանք, Մեծամտունքը մեզանից վանե՜նք, Իրարու գրկենք ու եղբայրանանք: Ե՛կ առո՜ք-փառո՜ք ճանապարհ դնենք Անցած օրերը, վերքե՜րը մոռնա՛նք Եվ տասներկուերորդ ղողանջով մտնենք Նոր արքայություն, նոր Երկիր,նոր կյանք: Եահա՛ իղձերս հանապազօրյա, Որ փայփայել եմ ո՜ղջ անցած տարում... Հիմա հրա՜շքը այս Ամանօրյա Թող կատա՛ր ածի դրանք Նոր տարում: Վալենսիա, 21-12-2012
|