30 հոկտեմբերի 2012 - 10:40 AMT
PanARMENIAN.Net - Հանրահայտ թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հոկտեմբերի 26-ին Կոպենհագենի համալսարանում արժանացել է Դանիայի Սոնինգ մրցանակին: Այն շնորհվում է երկու տարին մեկ Կոպենհագենի համալսարանի ռեկտորի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ, իսկ թեկնածուներին առաջադրում են եվրոպական համալսարանները: Մրցանակը շնորհվում է եվրոպական մշակույթի մեջ ներդրած զգալի ավանդի համար և կազմում է մոտ 135 հազ. եվրո, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Իսկ երկուշաբթի օրը` հոկտեմբերի 29-ին, Փարիզում Օրհան Փամուկն արժանացավ Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանին: Շքանշանը Փամուկին հանձնեց Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին` նշելով Փամուկի «նորարարական ոճն ու ավանգարդ հայացքները» և հաղորդելով, որ այսօր աշխարհում վաճառվել է թուրք գրողի գրքերի ավելի քան 11 մլն նմուշ: «Դուք չվախեցաք ելույթ ունենալ պատմության մասին լռելու դեմ, չվախեցաք մենության մեջ հայտնվել` բարձրացնելով ձայնն ի պաշտպանություն մոռացության մատնվածների»,- ասաց Ֆիլիպետին, տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Այնուհետև գրողն իր ընթերցողների հետ հանդիպում կունենա Լուվրում բացված Իսլամական արվեստի ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև մի շարք գիտաժողովների կմասնակցի իր գրքերի առնչությամբ:
2005թ. շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, որ 1915 թվականին թուրքերը 1 միլիոն հայ և 30 հազ. քուրդ են սպանել:
«Թուրքիայում այս մասին ոչ ոք չի համարձակվում խոսել, և ինձ ատում են այն բանի համար, որ ես խոսում եմ այդ մասին»,- ասել է Օրհան Փամուկը: Դրանից հետո նրա նկատմամբ հետապնդում էր սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրք ինքնությունը վիրավորելու համար): Ներկայումս գրողն ապրում է ԱՄՆ-ում: