Օրերս Մոսկվայում լույս է տեսել Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի ավելի քան 40 բանաստեղծություններ՝ նրա ստեղծագործությունների մի փոքրիկ ծաղկաքաղ:
1000 տպաքանակով լույս տեսած ժողովածուն Ա. Ղուկասյանի առաջին գիրքն է, որը տպագրվել է Մոսկվայի «Ջավախք» միության ներկայացուցիչ Մարտիկ Գասպարյանի անմիջական հովանավորությամբ:
«Փնտրտուքների ճանապարհին» ժողովածուն ծնունդ է առել բանաստեղծի մտերիմ ընկեր, գրող, լրագրող և բժիշկ Ալեքսանդր Սոսնովսկու բարեկամական հորդորների արդյունքում:
Մասնագիտությամբ պատմաբան Արարատ Ղուկասյանը ներկայումս բնակվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում, ուր շուրջ 10 տարի առաջ հիմնադրել է «Արարատ» հայկական միությունը, կիրակնօրյա հայկական դպրոց և «Հայրենիք» շաբաթաթերթը: Նրա ջանքերով զետեղվեց Իսպանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշակոթողը՝ Ջիվան Միրզոյանի «Կենաց խաչ»-ը: Ի դեպ, վերջինս գրքի նկարների հեղինակն է:
Առաջիկայում «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսներ տեղի կունենան Մոսկվայում, Իսպանիայում և Հայաստանում:
«Արարատ» միություն, Վալենսիա