Ստամբուլահայերի շրջանում սիրիահայերին ուղղված օգնության նախաձեռնություններն ավելի լայն թափ են ստանում։ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայ համայնքին՝ հնարավորության սահմաններում օգնել սիրիահայերին։
Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ Պետրոս Շիրինօղլուն, Արեթ Էրգանը, Տիգրան Գյուլմեզգիլը, Իսքենդեև Շահինգյոզը եւ Տիգրան Ալթունը սիրիահայերին օգնություն փոխանցելու հարցով հանդիպել են թուրքական իշխանությունների հետ։ Թուրք պաշտոնյաները երաշխավորել են, որ հայ համայնքի հավաքած օգնությունը Կարմիր Մահիկի օգնությամբ կհասնի Սիրիայի հայ համայնքին։ Այս հանդիպումից հետո հայ համայնքի ներսում օգնության կազմակերպման համար հանձնաժողով է կազմավորվել, որի կազմում են ստամբուլահայ հայտնի անձինք, այդ թվում՝ «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը։
Դրամական օգնության համար բացվել են 3 արժույթով հաշվեհամարներ, իսկ հագուստ եւ այլ պարագաները կհավաքվեն եկեղեցիների միջոցով։