ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
01.03.2013
Ռուսաստանի օդադեսանտային զորքերը` որպես արագ արձագանքման ուժեր, անհրաժեշտության դեպքում մարտական առաջադրանքներ կատարելու համար կարող են ուղարկվել ՌԴ-ի սահմաններից դուրս, մասնավորապես, Հարավային Օսիա, Աբխազիա, ՀԱՊԿ-ի երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը:
ՌԴ-ի ռազմական գերատեսչության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած ընդլայնված նիստում երկրի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել Էր «ճգնաժամերի կասեցման նպատակով առաջադրանքների կատարման օպերատիվության մեծանալու դեպքում» նախատեսել օդադեսանտային զորքերի՝ որպես արագ արձագանքման ուժերի կիրառումը:
«Այն խնդիրների լուծման հետ մեկտեղ, որոնք կարող են ծագել Ռուսաստանի տարածքում, կան Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանության ճանաչման հետ կապված որոշ պահեր, ինչպես նաեւ դաշնակցային պարտավորություններ ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի գործընկեր երկրների հետ մեր հարաբերությունների շրջանակներում»,-ասել Է Շամանովը: Նա այդպես Է պատասխանել այն հարցին, թե ուր կարող են ուղարկվել օդադեսանտային զորքերը՝ որպես արագ արձագանքման ուժեր:
«Խոսքը Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի մասին Է»,-ճշտել Է օդադեսանտային զորքերի հրամանատարը:
Այս երկրներից եւ Ռուսաստանից բացի, ՀԱՊԿ-ի մեջ մտնում են նաեւ Բելառուսը եւ Ղազախստանը:
|