01.01.2013
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտվում է 2012 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կյանքի տարի էր:
2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգևի:
Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ: 40 հազար փոքրիկների հայացքներ զարմանքով ու ժպիտով առաջին անգամ նայեցին հայոց արևին ու ջերմացրեցին արևն իրենց խինդով: Հայաստանի Հանրապետության ավելի քան 40 հազար քաղաքացի: Մե՛ր սերունդը: Մեր բոլորի՛ ուրախությունը: Թող 2013-ն անամպ երկինք բերի մեր բոլոր զավակներին: Թող հայաստանցու տունը բերկրանք ապրի մանկան ճիչով: Ու թող խաղաղվի մայրերի երջանկությամբ:
2012 թվականին մեր մեծ ընտանիքի 36 հազար մանուկ առաջին անգամ մտավ դպրության տաճար: Դասագիրք բացեց ու նստեց դպրոցականի նստարանին: Թող 2013-ը նոր հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու համար անհրաժեշտ գիտելիքներ պարգևի: Մեր երկրի ապագան, մեր ապագան ամենից առավել կախված է հենց երեխաների կրթությունից: Մեր վաղվա քաղաքացուց: Արարելու նրա կամքից և ունակությունից:
2012-ը զինվորագրեց մեր տասնյակ հազարավոր զավակներին: Բանակ զորակոչեց, որ դարձնի տղամարդ, հայրենքի պաշտպան ու ընտանիքի հենարան: 2012 թվականը մեր զավակների բազկի ուժին ու կարգապահությանը, մտքի զորությանն ու աչալրջությանը հենված՝ անխախտ պահեց մեր սահմաններն ու անվտանգ՝ մեր Հայրենիքը: Թող 2013-ն ու 2014-ը ապահով ծառայություն պարգևեն նրանց, պահպանեն վտանգներից: Թո՛ղ անվնաս ու ամրացած տուն բերեն մեր տղաներին: Խաղաղություն պարգևեն մեր հողին:
2012 թվականին հազարավոր հայաստանցիներ աշխատանք գտան կամ նոր գործ սկսեցին: Մեր երկիրը մի քիչ էլ առաջ գնաց իր զավակների ջանքերով: Գյուղացու չարչարանքով ու արվեստագետի ստեղծագործ պոռթկումով, գիտնականի մտքի թռիչքով ու ձեռնարկատիրոջ քաջությամբ: Թող 2013-ը նոր աշխատանք, նոր եռանդ ու նոր երազանք պարգևի բոլորին: Նոր ձեռքբերումներով պսակի յուրաքանչյուրիս ջանքերը:
Թող Ամանորի թարմ շունչը մտնի մեր մեծ ընտանիք, որտեղ տքնել գիտեն հանուն զավակների: Որտեղ հարգել գիտեն ու մեծարել: Որտեղ գիտեն նվիրվել ու պահանջել: Որտեղ կարողանում են սահման ու Հայրենիք պաշտպանել: Որտեղ գիտեն ու կարողանում են սիրել:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարին նաև փորձության տարի էր հատկապես սիրիահայ մեր եղբայրների և քույրերի համար: Ես ոգու կորով և արիություն եմ մաղթում նրանց, ովքեր ապաստանել են հայրենիքում և նրանց, ովքեր Սիրիայում են: Տա Աստված, որ շատ շուտով դադարեցվի արյունահեղությունը, խաղաղություն հաստատվի մեր բարեկամ երկրում, և Սիրիայի ժողովրդի, այդ թվում՝ մեր հայրենակիցների կյանքը մտնի բնականոն հուն:
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական և տնտեսական ուղեգիծը ճիշտ է և բխում է մեր ժողովրդի շահերից: Իհարկե, սրբագրելու շատ բան կա: Միասի՛ն ենք անելու:
Ու թող գա 2013-ը: Մտնի մեր հարյուր հազարավոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկություն: Ապահովություն ու խաղաղություն: Եռանդ ու հոգու ջերմություն: Նաև աշխատանք, արդար վաստակ: Ու անսպառ սեր: Մեր մեծ ընտանիքին: Յուրաքանչյուրիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
|