Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ Ալլահամն այսօր կայացած նիստի ընթացքում հայտարարել է. «Մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, Սիրիայում ապրող մեր հայ հարազատներին, ովքեր 100 տարի առաջ հավաքական ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան կայսրության կողմից»։ Այս մասին հայտնում է Սիրիայի խորհրդարանի կայքը:
Խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է. «Օրեր անց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որն իրականացրեց Օսմանյան կայսրությունը բարեկամ հայ ժողովրդի և Սիրիայում ապրող մեր հարազատների նկատմամբ, ովքեր 100 տարի առաջ ենթարկվեցին զազրելի ցեղասպանության: Այսօր մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում` նրանց կողքին կանգնելու, երբ ոգեկոչում ենք ցավալի մի իրադարձության 100-րդ տարելիցը, որը պատմությունը արձանագրեց ամենազազրելի պատկերներով: Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին` միասնաբար կանգնելու կյանքեր վերջ դնողների, գլուխներ հատողների ու ահաբեկիչների դեմ , որոնք հարվածում են Միջին Արեւելքին, որպեսզի կանխենք մարդկության պատմության և քաղաքակրթության հանդեպ իրագործվող նոր ջարդերը:
Ընկերներ եւ ընկերուհիներ հրավիրում եմ ձեզ մեկ վայրկյան լռությամբ հարգելու հիշատակը ցավալի իրադարձութուններին զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի, իրադարձությունների, որ պատճառ դարձավ մեկուկես միլիոն հայ փախստական դառնա եւ ցրվի աշխարհով մեկ»։