Miércoles
26.04.2017
10:56
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Abril 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 35
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Abril » 20 » ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՍՆՈՎՍԿՈՒ «ՎՐԱՑԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ» («THE GEORGIA SYNDROME») ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
    20:35
    ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՍՆՈՎՍԿՈՒ «ՎՐԱՑԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ» («THE GEORGIA SYNDROME») ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
    «Արարատ» Հայկական Միության այս հերթական նախաձեռնությունը տեղի ունեցավ ապրիլի 19-ին Միսլատայի Երիտասարդական Կենտրոնում, ուր, բացի հայ, ռուս, իսպանացի, գերմանացի և այլ ազգերի ներկայացուցիչներից, ներկա էր նաև Միսլատայի քաղաքապետարանի Երիտասարդության հարցերով խորհրդական Տոնի Արենասը (Toni Arenas): Շնորհանդեսի բացման խոսքը վերապահված էր միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ում հայտարարությամբ՝ հավաքվածները սկզբնապես մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև, անցնելով բուն թեմային, Ա. Ղուկասյանն իր ելույթում նշեց, որ այս միջոցառումը նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին: «Թեև գիրքը գրվել է անգլերեն և գերմաներեն լեզուներով, այն նշանակալից տեղ է հատկացնում հայաբնակ աշխարհագրական գոտիներից մեկի  անցյալին, ներկային և հնարավոր պայթյունավտանգ ապագային: Այդ իսկ պատճառով այս շնորհանդեսը ցանկանում ենք նվիրել հայ գրքի 500-ամյակին, որի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Որպես չափանիշ, բավական է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ 2012 թվականի գրքի մայրաքաղաք է հայտարարել Երևանը, համայն հայության մայրաքաղաքը»:- իր խոսքում նշեց նախագահը:
       Նախքան խոսքը հեղինակին փոխանցելը, Արարատ Ղուկասյանը հանգամանորեն ներկայացրեց խնդրո առարկա տարածաշրջանի աշխարհագրական, պատմական և ազգագրական իրավիճակը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ: Իսկ խնդրո առարկա տարածաշրջանը Ջավախքն է, պատմական Հայաստանի Գուգարք աշխարհի գավառներից մեկը, ուր այդ անհիշելի ժամանակներից ի վեր հայ ազգաբնակչությունը մշտապես մեծամասնություն է կազմել:
       19-20-րդ դարերի միջազգային հանրության անհեռատես և կողմնապահ քաղաքականության հետևանքով վերագծված արհեստական սահմաններն իրենց մեջ առնում են բազմաթիվ չլուծված ազգամիջյան հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ և առիթից առիթ ջրի երես են ելնում՝ հաճառ խլելով բազում մարդկային կյանքեր: Երբեմն այն կարծիքն է ստեղծվում, որ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի տեղ և ինչ-որ մեկին ձեռնտու է Եռապետական Հյուսիսային Ամերիկայի կարգադրությամբ Բաբելոնյան աշտարակի կառուցումը բազմազգ ու հոգնատանջ Եվրասիայում, որպեսզի նույն հյուսիսից անվտանգ լինի խառնաշփոթության դիտումն ու դրանով հիանալը:
       Եվ կարծես թե ցայսօր այդ վերևներից հաջողվում է այդ ինչ-որ մեկին շարժել տիկնիկայինի պարաննրեն իր օգտին՝ քաջալերելով «հերոսներին»: Պարսկահայքը՝ Իրանին, Արևմտյան Հայաստանը՝ Թուրքիային, Ղարաբաղն ու Նախիջևանը (գրեթե նաև՝ Զանգեզուրը) Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին և այդպես շարունակաբար նաև այլ աշխարհագրական միջավայրերում: Արդյունքում՝ մարդու իրավունքների ոտնահարում, ազգային խնդիրների անտեսում, հակամարտություններ, պատերազմներ, զոհեր... Եվ մինչև ե՞րբ...
       Ահա այս հարցն է տալիս իր աշխատության մեջ Ալեքսանդր Սոսնովսկին. մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ պետք է աչք փակել Վրաստանի կառավարության կողմից ջավախահայության նկատմամբ ճնշումներին: Մինչև ե՞րբ պետք է հանդուրժել Սահակաշվիլու սնափառ հայտարարությունները, համաձայն որոնց, 2008 թվականի հակամարտության ողջ մեղքը բարձվում է Ռուսաստանի վրա: Կարծես թե այդ ինչ-որ մեկը ճշմարտությունը լսելու և տեսնելու համար ոչ աչք ունի և ոչ էլ ականջ:
       Լրագրող Ալեքսանդր Սոսնովսկին ծնվել է Կիևում: Վերջին 30 տարիներին բնակություն է հաստատել Բեռլինում, որտեղ էլ տպագրվել են նրա երկու աշխատությունները՝ «Չեչենական ախտանիշ» (2003) և «Վրացական ախտանիշ» (2012) գրքերը: Այս աշխատությունները լույս աշխարհ հանելու համար հեղինակը հաճախ է վտանգել իր կյանքը՝ հենց տարածաշրջանում հավաքագրելով բազում անհրաժեշտ փաստաթղթեր: «Այս ուսումնասիրությունները լրացուցիչ անգամ ապացուցել են, որ Միխաիլ Սահակաշվիլին ամենևին էլ այն «անմեղ հրեշտակը» չէ, որով նա ցանկանում էր հանդես գալ միջազգային հանրության առջև»,- իր խոսքում ասաց Սոսնովսկին: Ըստ հեղինակի, «Վրացական ախտանիշ» գիրքը մեծ արձագանք ու հետաքրքրություն է առաջացրել Գերմանիայում, իսկ վերջերս, նաև՝ Շվեդիայում, ուր օրերս տեղի էր ունեցել նույն գրքի շնորհանդեսը:
       «Վրացիները հաճախ են իրենց վրդովմունքն ու զայրույթը հայտնել ինձ,- նշեց հեղինակը,- սակայն, որ շատ զարմանալի է, նրանց ոչ մտահոգում է գրքի շապիկի նկարը, որտեղ Սահակաշվիլին կրծում է իր փողկապը (մի բան, որը հենց վրացիները սովորական բան են համարում իրենց նախագահի դեպքում) և ոչ էլ ռուս-վրացական պատերազմի իրական պատճառների արծարծումը: Նրանք առավելապես մտահոգված են ջավախահայության խնդրով, որին մեծ տեղ է հատկացվում գրքում»: Վրաստանը մի կողմից մշակութային ցեղասպանություն է գործում երկրի հայաբնակ վայրերում՝ աշխատելով ջնջել հայկականությունը հաստատող ամենաչնչին հետքն անգամ, մյուս կողմից էլ ձևացնում է, թե ինքը Ջավախքի խնդիր ոչ ունեցել է, ոչ էլ ունի: «Այնինչ, բանը Ջավախքում արդեն հասել է հայաթափության, հայկական դպրոցների փակման ու հայերի ձերբակալման», հավելեց հեղինակը: Մի բան, որը մեզ բոլորիս հիշեցնում է ստալինյան ժամանակները, երբ հայատյացության հետևանքով բուն Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից հասել էր 700.000-ի: Հենց այս միջոցով էր վրացի Ստալինը ցանկանում Հայաստանը միացնել Վրաստանին՝ վերջ դնելով մարդկության քաղաքակրթության օրրանի գոյությանը:
       Ալեքսանդր Սոսնովսկու խոսքին հետևեց խորհրդական Տոնի Արենասի ելույթը, ով իր խորին շնորհակալությունը հայտնեց «Արարատ» Հայկական Միությանը, «որի միջոցառումները, ինչպես բոլորս ենք տեսնում, բազմաբնույթ ու բազմաբովանդակ են»: «Հայկական միության շնորհիվ մենք կարողանում ենք բացահայտել մեզ համար նոր հորիզիններ, ծանոթանալ այն ամենին, ինչը մեզ այդքան հեռու ու գուցեև անհասկանալի է թվում»,- հավելեց Արենասը: Նա շնորհավորեց հեղինակին, ով «իր կյանքը վտանգի տակ է դրել ճշմարտությունը բացահայտելու համար»:
       Արարողությունը եզրափակեց Արարատ Ղուկասյանը, ով նախ բոլորին հրսվիրեց ապրիլի 22-ին «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ կայանալիք ցույցին, որի ժամանակ ծաղկեփունջ պիտի զետեղվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև պահանջեց Միսլատայի կառավարությունից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, որը կնշանակի, որ Միսլատան կդառնա առաջին քաղաքն Իսպանիայում, որը կճանաչի այն:
       Մշակութային օրն ավարտվեց ռադիոյում, ուր բովանդակալից հարցազրույց տեղի ունեցավ նախագահ Արարատ Ղուկասյանի և գրող-լրագրող Ալեքսանդր Սոսնովսկու հետ: 

     


     






    Visiones: 405 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: