Հունվարի 23-ին "Նեզավիսիմայա գազետայում” տպագրված` "Ռուսաստան. ազգային հարց” հոդվածում Վլադիմիր Պուտինը գրում է. "Ռուսաստանի համար ազգային հարցը` մշակույթների, էթնոսների, ավանդույթների, լեզուների իր բազմազանությամբ, առանց չափազանցության, հիմնարար բնույթ ունի: Ցանկացած պատասխանատու քաղաքական, հասարակական գործիչ պետք է իրեն հաշիվ տա, որ մեր երկրի գոյության ամենագլխավոր պայմաններից մեկը քաղաքացիական և ազգամիջյան համաձայնությունն է”: Հատկապես քաղաքացիական և ազգամիջյան համաձայնությունն է Ռուսաստանի գոյության անկյունաքարը, բազմազգ, բազմամշակութային երկրի, յուրօրինակ քաղաքակրթության լինել չլինելու հարցը, երկիր, որտեղ միահյուսվել են հարյուրավոր ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի ճակատագիրն ու պատմությունը: Հենց դա էլ ստիպել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Վ.Պուտինին, նախագահական ընտրությունների /մարտի 4-ին/ նախաշեմին հանգամանորեն և հիմնավորապես կանգ առնել ազգային հարցի վրա: Վերը նշված հոդվածում Վ. Պուտինը շարունակում է. ""Ազգային հարցի” սրման հետ սերտորեն բախվել են ամենազարգացած ու բարեկեցիկ երկրները, որոնք մինչ այդ հպարտանում էին իրենց հանդուրժողականությամբ: Իսկ այսօր իրար ետևից հայտարարում են հասարակության մեջ այլ մշակութային տարրերի ինտեգրման, տարբեր մշակույթների, դավանանքների, էթնիկական խմբերի ներդաշնակ, անկոնֆլիկտ փոխազդեցության փորձերի ձախողման մասին: Ասիմիլյացիայի "խառնարանը” ի զորու չէ կլանել անընդհատ ահագնացող ներգաղթի մեծ հոսքը: Քաղաքականության մեջ այդ գործընթացի արտացոլումը բազմամշակութայնությունն է, որը ժխտում է ինտեգրումը ասիմիլյացիայի միջոցով: Այն բացարձակության աստիճանի է բարձրացնում "փոքրամասնության տարբերվելու իրավունքը”, և բավականաչափ չի հավասարակշռում այդ իրավունքը` հասարակության և բնիկ ժողովրդի հանդեպ քաղաքացիական, վարքագծային ու մշակութային պարտավորություններով… …Մարդիկ ցնցված են իրենց ավանդույթների, ապրելակերպի վրա ագրեսիվ ճնշումից և լրջորեն վախենում են կորցնել ազգային-պետական ինքնությունը: Պուտինը, ոչ առանց հիմքի համոզված է. ազգային հարցը Արևմուտքում չէր կարող հաջողությամբ պսակվել, քանի որ պատճառը արմատական է: Այլ է բազմազգ Ռուսաստանի դարավոր պատմությունը. "… Պետությունը, որտեղ անընդհատ տեղի է ունենում ռուսների հետ միևնույն հողի վրա բնակվող հարյուրավոր ազգությունների` ընտանեկան, ընկերական, ծառայողական մակարդակներում փոխադարձ ընտելացման, թափանցման գործընթաց: Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում հսկայական տարածքների իրացումը շատ ժողովրդների համատեղ ձեռքբերումն է: Պուտինը մեջբերում է նաև ռուսական պետականության բնույթի մասին` Իվան Իլյինի խոսքերը. "Անկարելի է արմատախիլ անել, ճնշել, ստրկացնել օտար արյունը, խեղդել այլացեղ, այլադավան կյանքը, այլ պետք է բոլորին ու մեծ Ռուսաստանին շունչ տալ, բոլորին հաշտեցնել, թույլ տալ աղոթել յուրովի, աշխատել յուրովի, և ամեն տեղից լավագույններին ներգրավել պետական ու մշակութային շինարարության մեջ”: Հենց ժամանակակից քաղաքական գործիչների, այդ թվում, Պուտինի այդ համոզվածությունը, որ "անկարելի է արմատախիլ անել, ճնշել, ստրկացնել օտար արյունը…” պետք է հույս ներշնչի Ռուսաստանի փոքր ժողովուրդներին, որ կկարողանան պահպանել մայրենի լեզուն, իրենց ինքնությունը, սեփական պատմությունը` Ռուսաստանի պատմության համատեքստում: Եվ շարունակում է. "Այդ ինքնատիպ քաղաքակրթությունն ամրացնող առանցքը ռուս ժողովուրդն է, ռուսական մշակույթը: Հենց այդ առանցքն էլ տարբեր տեսակի հրահրողները և մեր հակառակորդները ամբողջ ուժով փորձում են պոկել Ռուսաստանից` ռուսների ինքնորոշման, "ռասսայական մաքրության”, "1991 թ. գործն ավարտելու և ռուս ժողովրդի վզին նստած կայսրությունը վերջնականապես վերացնելու” մասին ստահոդ խոսակցություններով, որպեսզի արդյունքում, մարդկանց ստիպեն իրենց ձեռքերով ոչնչացնել սեփական Հայրենիքը”: Խորապես համոզված եմ. ռուսական "ազգային”, մոնոէթնիկ պետություն կառուցելու գաղափարի քարոզման փորձերը հակասում են մեր հազարամյա ողջ պատմությանը: Ավելին, դա ռուս ժողովուրդը և ռուսական պետականությունը ոչնչացնելու ամենակարճ ճանապարհն է: Ու մոլորակի ցանկացած գործունակ, անկախ պետականության: … Ռուս ժողովրդի ինքնորոշումը` ռուսական մշակութային միջուկով ամրացված բազմաէթնիկ քաղաքակրթություն է: Այդ ընտրությունը ռուս ժողովուրդը հաստատել է բազում անգամներ` և ոչ թե հանրաքվեներով, այլ արյունով: Իր ողջ հազարամյա պատմությամբ: Ահա թե ինչ է ասում Վ. Պուտինը ռուսների միասնական մշակութային կոդի մասին. "Պետական զարգացման ռուսական փորձը եզակի է: Մենք բազմազգ հասարակություն ենք, բայց միասնական ժողովուրդ ենք: Դա մեր երկիրը դարձնում է բարդ ու բազմանշանակ: Շատ ասպարեզներում զարգացման հսկայական հնարավորություններ է տալիս: Բայց, երբ բազմազգ հասարակությունը վարակվում է ազգայնականության մանրէներով, նա կորցնում է ուժն ու ամրությունը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հեռահար հետևանքներ կարող է ունենալ այլ մշակույթի ու դավանանքի մարդկանց նկատմամբ ատելության և ազգային թշնամանքի հրահրման փորձերի թողտվությունը: … Չի կարելի ստիպել միասին ապրել հաշվարկով` կշռելով օգուտն ու վնասը: Այդպիսի "հաշվարկները” գործում են մինչև ճգնաժամի պահը: Իսկ ճգնաժամի պահին գործում են մեկ ուղղությամբ: … Ռուս ժողովուրդը պետականաստեղծ է հենց Ռուսաստանի գոյության իսկ փաստով: Ռուսների մեծագույն առաքելությունը քաղաքակրթության միավորումն ու ամրապնդումն է: Լեզվով, մշակույթով, ինչպես ասել է Ֆյոդոր Դոստոևսկին. "համաշխարհային կարեկցությամբ” միավորել ռուսաստանցի հայերին, ռուսաստանցի ադրբեջանցիներին, ռուսաստանցի գերմանացիներին, ռուսաստանցի թաթարներին … Ամրացնել պետություն-քաղաքակրթության այնպիսի տեսակ, որտեղ չկան ազգային փոքրամասնություններ, իսկ "մերոնք- ձերոնք” տարբերակման սկզբունքը որոշվում է ընդհանուր մշակույթով և ընդհանուր արժեքներով: Այդպիսի քաղաքակրթության ինքնությունը հիմնված է ռուսական մշակույթի գերիշխանության վրա, որի կրողներն են ոչ միայն էթնիկ ռուսները, այլև այդ ինքնության բոլոր կրողները` անկախ ազգությունից: Դա այն մշակութային կոդն է, որը վերջին տարիներին ենթարկվել է լուրջ փորձությունների, որը փորձել և փորձում են կոտրել: Եվ այնուամենայնիվ, այն, անկասկած, պահպանվել է: Այդուհանդերձ, այն պետք է սնել, ամրացնել ու պահպանել: … Անհրաժեշտ է… մշակութային քաղաքականություն, որը բոլոր մակարդակներում` դպրոցական դասագրքերից մինչև պատմության վավերագրում, կձևավորի պատմական գործընթացի միասնականության այնպիսի հասկացողություն, որտեղ յուրաքանչյուր էթնոսի ներկայացուցիչ, այնպես, ինչես նաև "կարմիր կոմիսարի” կամ "սպիտակ սպայի” ժառանգ տեսնի իր տեղը: Զգա իրեն Ռուսաստանի հակասական, ողբերգական, "բոլորի համար միակ”, բայց մեծ պատմության ժառանգորդը: Մեզ անհրաժեշտ է քաղաքացիական հայրենասիրության վրա հիմնված ազգային քաղաքականության ռազմավարություն: Մեր երկրում ապրող յուրաքանչյուր ոք չպետք է մոռանա իր հավատի ու էթնիկական պատկանելության մասին: Բայց նա պարտավոր է առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացի լինել և հպարտանալ դրանով: Ոչ ոք իրավունք չունի ազգային և կրոնական յուրահատկությունները պետության օրենքներից վեր դասել: Բայց պետական օրենքները ևս պետք է հաշվի առնեն ազգային և կրոնական յուրահատկությունները: Այսուհետ մենք մեջբերումներ կանենք Պուտինի հոդվածից, որոնց մեկնաբանություններն ավելորդ ենք համարում: Ռուսաստանի վարչապետի խոսքերը լիարժեք արտահայտում են այն ազգային քաղաքականության էությունն ու իմաստը, որը նա պատրաստվում է իրականացնել: Ազգային քաղաքականությունը չի կարող գրվել և իրականացվել բացառապես պաշտոնյաների գրասենյակներում: Նրա քննարկմանն ու ձևավորմանը պետք է անմիջականորեն մասնակցեն ազգային, հասարակական միավորումները: Եվ իհարկե, մենք ակնկալում ենք Ռուսաստանի ավանդական կրոնների ակտիվ մասնակցությունը այդ երկխոսությանը: Հասարակության համակարգային խնդիրները շատ հաճախ ելք են գտնում ազգամիջյան լարվածության ձևով: Պետք է միշտ հիշել, որ գոյություն ունի ուղիղ կապ` չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրների, իրավական համակարգի թերությունների, իշխանության անարդյունավետության, կոռուպցիայի և ազգային հողի վրա տեղի ունեցող կռիվների միջև: Երբ խոսվում է, որ Ռուսաստանում, հատկապես նրա պատմական ռուսական տարածքներում խախտվում են ռուսների իրավունքները, դա վկայում է այն մասին, որ պետական կառույցները չեն կատարում իրենց ուղղակի պարտականությունները` չեն պաշտպանում քաղաքացիների կյանքը, իրավունքները և անվտանգությունը: Եվ քանի որ այդ քաղաքացիների մեծամասնությունը ռուսներ են, առաջանում է "ռուսների ազգային ճնշում” թեման շահարկելու և հիմնավորված հասարակական բողոքը ազգամիջյան անկարգությունների պրիմիտիվ և գռեհիկ ձևերով փոխարինելու հնարավորություն: Ու միաժամանակ ամեն առիթով բղավել "ռուսական ֆաշիզմի " մասին: Այսօր քաղաքացիներին լրջորեն հուզում են, ավելի անկեղծ ասած, նյարդայնացնում են ինչպես արտաքին, այնպես էլ ներռուսական մասսայական ներգաղթի հետ կապված խնդիրները: Հնչում է նաև հարց` Եվրասիական միության ստեղծումը չի հանգեցնի՞ արդյոք միգրացիոն հոսքերի ուժեղացմանը, նշանակում է, նաև այդ բնագավառում առկա համապատասխան խնդիրների ավելացմանը: Կարծում եմ, պետք է հստակ նախանշել մեր դիրքորոշումը: Նախ և առաջ, ակնհայտ է, որ մենք պետք է որակապես բարձրացնենք պետության միգրացիոն քաղաքականության մակարդակը: Եվ պետք է լուծենք այդ խնդիրը: Երբեք և ոչ մի տեղ պետք չէ լիովին բացառել անօրինական ներգաղթը, բայց այն անհրաժեշտ է և հնարավոր է մինիմալիզացնել: Եվ այդ առումով, պետք է ուժեղացնել միգրացիոն ծառայությունների ոստիկանական գործառույթներն ու լիազորությունները: Պետք է հստակ տարբերակվի նաև քաղաքականությունը` ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր օրինական ներգաղթի նկատմամբ: Ինչն իր հերթին ենթադրում է հստակ գերակայություններ և արտոնյալ վերաբերմունք ներգաղթի քաղաքականության մեջ` հօգուտ բարձր որակավորման, իրավասության, մրցունակության, մշակութային և վարքագծային համատեղելիության: Այդպիսի "դրական ընտրությունը” և մրցակցությունը` ներգաղթի որակի համար, գոյություն ունի ամբողջ աշխարհում: Ավելորդ է ասել և այն մասին, որ այդ ներգաղթողները անհամեմատ ավելի հեշտ և ավելի լավ են ինտեգրվում ընդունող հասարակության մեջ: … Նրանք, ովքեր ներգաղթում են այլ մշակութային, պատմական ավանդույթներով, պետք է հարգանքով վերաբերվեն տեղական սովորույթներին: Ռուս, և Ռուսաստանի մյուս բոլոր ժողովուրդների սովորույթներին: Ցանկացած այլ` անհամապատասխան, ագրեսիվ, արհամարհական, անհարգալից վարքագիծը պետք է արժանանա համապատասխան օրինական, բայց կոշտ պատասխանի, և առաջին հերթին, իշխանության մարմինների կողմից, որոնք այսօր հաճախ անգործության են մատնված: Չպետք է թույլ տալ, որպեսզի մեզ մոտ փակ, մեկուսացված, ազգային անկլավներ առաջանան, որտեղ հաճախ գործում են ոչ թե օրենքները, այլ տարբեր "հասկացություններ”: Եվ առաջին հերթին խախտվում են հենց ներգաղթողների իրավունքները` ինչպես սեփական քրեական "հեղինակությունների”, այնպես էլ, կոռումպացված իշխանավորների կողմից: … Ներգաղթողների քաղաքակիրթ ինտեգրման և սոցիալիզացիայի խնդիրը: Այստեղ կրկին անհրաժեշտ է վերադառնալ կրթության խնդիրներին: Խոսքը պետք է վերաբերի ոչ այնքան կրթական համակարգին ուղղված միգրացիոն քաղաքականության հարցերի լուծմանը, այլ առաջին հերթին հայրենական կրթության բարձր չափանիշներին: Կրթության գրավչությունը և արժեքը, միգրանտների ինտեգրացիոն վարքագծի համար` հասարակությանը ինտեգրվելու հզոր լծակ է: Կրթության ցածր որակը առաջացնում է միգրացիոն ընկերակցությունների փակվածություն, ավելի մեծ մեկուսացում, բայց այս անգամ արդեն երկարատև, սերունդների կտրվածքով: Մեզ համար կարևոր է, որ միգրանտները կարողանան նորմալ ինտեգրվել հասարակության մեջ: Ռուսաստանում ապրել և աշխատել ցանկացող մարդկանց ներկայացվող մեր միակ պահանջը` մեր լեզուն և մշակույթը յուրացնելու նրանց պատրաստակամությունն է: Հաջորդ տարվանից անհրաժեշտ է մտցնել քննություն` ռուսերեն լեզու և գրականություն, Ռուսաստանի պատմություն, պետության հիմքեր առարկաներից` ներգաղթողի կարգավիճակ ստանալու կամ այն երկարացնելու համար: Մեր պետությունը, ինչպես և մյուս քաղաքակիրթ պետությունները, պատրաստ է կազմել և միգրանտներին ներկայացնել համապատասխան կրթական ծրագրեր: Առանձին դեպքերում անհրաժեշտ է լինում պարտադիր լրացուցիչ մասնագիտական ուսուցում` գործատուների հաշվին: Մենք գիտակցում ենք, որ լավ կյանքից չէ, որ մարդիկ մեկնում են հեռավոր երկրներ և հաճախ ոչ քաղաքակիրթ պայմաններում վաստակում են իրենց և իրենց ընտանիքի ապրուստը: Այս խնդրի, որի լուծումը անհրաժեշտ է նաև երկրի ներսում (նոր տնտեսության ստեղծում` արդյունավետ զբաղվածությամբ, մասնագիտական ընկերակցությունների ստեղծում, արտադրական ուժերի և սոցիալական ենթակառուցվածքի հավասարաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում), ինչպես նաև եվրազիական ինտեգրման խնդիրների տեսանկյունից, դա առանցքային գործիք է, որի շնորհիվ միգրացիոն հոսքերը կարելի է նորմալ հուն մտցնել: Ազգային քաղաքականության մեջ չկան և չեն կարող լինել հասարակ լուծումներ: Նրա տարրերը սփռված են պետության և հասարակության բոլոր ասպարեզներում` տնտեսության, կրթության, քաղաքական համակարգում և արտաքին քաղաքականության մեջ: Մենք պետք է կառուցենք պետության, քաղաքակիրթ հասարակության այնպիսի մոդել, այնպիսի կառույցներով, որը հավասարապես գայթակղիչ և ներդաշնակ լինի բոլորի համար, ովքեր Ռուսաստանը իրենց Հայրենիքն են համարում: Մենք տեսնում ենք առաջիկա աշխատանքի ուղղությունները: Հասկանում ենք, որ մենք ունենք պատմական փորձ, որը ոչ ոք չունի: Մենք ունենք ազգամտածողության, մշակույթի, ինքնության հզոր հենարան, որ չունի ոչ ոք: Մենք պետք է ամրացնենք մեր "պատմական պետությունը”, որ մեզ ժառանգություն է հասել մեր նախնիներից: Պետություն-քաղաքակրթություն, որն ի զորու է ներդաշնակորեն լուծել զանազան ազգությունների և դավանանքների ինտեգրման խնդիրը: Մենք դարերով միասին ենք ապրել: Միասին հաղթել ենք ամենասարսափելի պատերազմում: Եվ պետք է միասին ապրենք և հետագայում: Եվ նրանց, ովքեր փորձում են բաժանել մեզ, կարող եմ մի բան ասել միայն` չի ստացվի … Մանրամասն` http://www.ng.ru/politics/2012-01-23/1_national.html
|