29.10.2012
Հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կլոր սեղան: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից: Միջոցառման նպատակն էր Վրաստանի վերջին ժամանակաշրջանի զարգացումներից ելնելով, վեր հանել Վրաստանի համայնքային կյանքի հիմնախնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները:
Կլոր սեղանին մասնակցում էին Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչները: Ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վիրահայոց Թեմի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները:
Բացելով կլոր սեղանը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկաներին ծանոթացրեց կլոր սեղանի նպատակի, ընթացակարգի և որոշ մանրամասների հետ:
Կարևորելով բաց քննարկումների անհրաժեշտությունը համայնքային կյանքում՝ սրբազան հայրը նշեց, որ Հայոց Եկեղեցին այն կառույցն է, որը տալիս է իր շուրջը համախմբվելու, համայնքային կյանքը կենտրոնացնելու հնարավորություն, ինչը նաև վիրահայության, որպես համայնքային կառույց, ձևավորվելու գրավականն է: «Ազգանվեր գործունեություն, հայապահպանություն, հավատարմություն Հայ Առաքելական Եկեղեցուն, նվիրվածություն մայր հայրենիքին և այն երկրին ու նրա պետությանը, որի քաղաքացիներն եք դուք - ահա սա պետք է լինի հայ համայնքի գործունեության նպատակը»,- եզրափակեց իր խոսքը Վիրահայոց թեմի առաջնորդը:
Այնուհետև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Սլավա Մեժդոյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց Վրաստանի անկախացումից հետո վիրահայ համայնքային կյանքում տեղի ունեցած բացասական տեղաշարժերը՝ մեկ առ մեկ վիճակագրական տվալներով ցույց տալով տարբեր բնագավառներում վերջին տասնամյակների ընթացքում ամրագրված փոփոխությունները:
Բովանդակալից զեկույցին հետևեցին ազատ և բաց, անկաշկանդ ելույթները: Ներկաները բարձրացրին այն հիմնախնդիրները, որ այսօր առկա են վիրահայ համայնքում: Դրանք են Վրաստանի քաղաքացիության և ազգային պատկանելության, լեզվի, հավատքի, մշակույթի, եկեղեցիների հարցերը, տեղեկատվության, տարածաշրջանային խնդիրները:
Ունկնդրելով ելույթ ունեցողների առաջարկությունները՝ որոշվեց նման քննարկումները դարձնել շարունակական, քննարկման առանձին առարկա դարձնելով նշված թեմաները, որից հետո խնդիրը ներկայացնել և դրա լուծման ուղիներին մասնակից դարձնել նաև պետական կառույցներին: Վերոհիշյալ կլոր սեղանի ընթացքում ակնհայտորեն դրսևորվեց այն, որ վիրահայ համայնքում ձևավորվում է համատեղ ուժերով գործելու նոր կուլտուրա: Այն է՝ առողջ քննարկումների, փոխադարձ հանդուրժողականության և համագործակցության վրա հիմնված գործնական մոտեցումներով գտնել համայնքային կյանքի հիմնախնդիրների լուծման ուղիները: Ներկաների որոշմամբ հաջորդ կլոր սեղանի քննարկման թեմա նախանշվեց հայեցի դաստիարակությունը, մայրենի լեզվով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
|