Մինչդեռ Կաթոլիկ աշխարհը, այդ թվում նաև Իսպանիան, նշում է Քրիստոսի Ծնունդը, մինչդեռ եվրոպական ոչ պակաս ցաքուցրիվ ընտանիքներ իրար գլխի են հավաքվում՝ տոնելու այդքան բաղձալի օրը, իսպանահայ համայնքը պատրաստվում էր ընդունել Մայր Ընտանիքի՝ Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվիրակությանը, որն աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Սերվանտեսի հայրենիքում: Պատվիրակության կազմում նախարարության Մամուլի և Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն է և Հայրենադարձության ու Հետազոտությունների վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը: Պատվիրակության առաքելությունն Իսպանիայում հայ համայնքի, նրա խնդիրների, առաջարկների և գործունեության հետ ծանոթությունն է: Այս նպատակով նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 23-ին եղան Մադրիդում, ուր հանդիպում ունեցան տեղի հայերի հետ, լսեցին նրանց խնդիրները և ներկայացրին Սփյուռքի նախարարության կազմակերպած և կազմակերպվելիք համահայկական ծրագրերը: Պատվիրակության հաջորդ կանգառը Վալենսիան էր, ուր նրան դիմավորեց «Արարատ» Հայկական միությունը: Ընդունելությունը տեղի ունեցավ համաձայն հայկական սովորության՝ բարեգալստյան աղ ու հացով, որը հյուրերին հրամցրեց տարազավոր փոքրիկ Հելենան: Հանդիպման բացման խոսքը վերապահված էր «Արարատ» Միության ատենադպիր Նարինե Նավասարդյանին, ով իր ելույթն սկսեց Ամանորյա բարեմաղթանքներով: Բարի գալուստի մաղթանքները լրացրեցին հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր հայերեն և իսպաներեն լեզուներով ասմունք պարգևեցին հյուրերին և ներկաներին: Այնուհետև, օգտվելով պատեհ առիթից, միության տնօրինությունը աշակերտներին հանձնեց մրցանակներ, որոնք շահել էին նրանք «Նոր տարի» խորագիրը կրող մանկական ցուցահանդես-մրցույթի առիթով: Այս մրցույթում Ստեփանյան Հասմիկը (9 տարեկան), Ղուկասյան Հելենան (7 տարեկան) և Մողրովյան Էլենը (13 տարեկան) համապատասխանաբար գրավել էին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Նվերներ ստացան նաև մյուս մասնակիցներն ու մայրենիի ուսուցչուհի Մարինե Արզումանյանը: Անցնելով բուն թեմային՝ Նարինե Նավասարդյանը հակիրճ ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են ընթացիկ և վերջացող տարվա ընթացքում, ինչպես նաև այն նախաձեռնությունները, որոնք ծրագրվել են եկող՝ 2013 թվականի համար: Նա առանձնակի ուշադրության արժանացրեց Սփյուռքի նախարարության և «Արարատ» միության միջև գոյություն ունեցող մշակութային, սոցիալական և, որ ամենակարևորն է, հայապահպանական սերտ հարաբերությունների առկայությունը, որը պայմանավորված է բազմաթիվ նախաձեռնություններով, որոնցում նաև իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում հայկական միությունը: «4-ամյա Սփյուռքի նախարարության ծնունդն էլ ավելի ամրապնդեց իսպանահայության և աշխարհասփյուռ հայության կապը հայրենիքի հետ»,- իր խոսքում նշեց Ն. Նավասարդյանը: Նա Հայաստանի պատվիրակությանը հանձնեց «Արարատ» Միության 2013 թվականի Ծրագիրը, որը պատվիրակության անդամները խոստացան ներկայացնել նախարարությունում և քննարկել ցանկացած աջակցության հնարավորությունը: Այնուհետև խոսք առավ Էվելինա Բաղդասարյանը, ով հանգամանորեն ներկայացրեց Սփյուռքի նախարարության 4-ամյա գործունեությունը, արդեն իրականացված և իրականացվելիք համահայկական, հայապահպանական, մշակութային և կրթական ծրագրերը, որոնք ներկաները կարողացան դիտել նաև ցուցադրված վավերագրական ֆիլմի միջոցով: Է. Բաղդասարյանի ելույթին հետևեց հարց-պատասխանը: Ինչպես և սպասվում էր, տեղի հայության առաջնակարգ մտահոգությունների շարքը գլխավորում էին հետևյալ հարցերը՝ հայկական եկեղեցու հիմնադրում Վալենսիայում, անձնագրերի և վարորդական իրավունքների ստացում և վավերացում, երկքաղաքացիություն և այլն: Այսպես ահա, Սփյուռքի նախարարության պատվիրակությունը Վալենսիայից «հարցերով լի մի մեծ տոպրակով» մեկնեց Բարսելոնա, որտեղ և կավարտվի նրա աշխատանքային այցը Իսպանիայում: Բնականաբար դժվար է կարճ ժամկետներում լուծում գտնել այն բազմաթիվ հարցերին, որոնք առկա են ոչ դասական սփյուռք ունեցող հայաքիչ Իսպանիայում և որոնք նախարարության աշխատակիցներն իրենց հետ կտանեն հայրենիքին որպես «ամանորյա նվեր»: Բայց և այնպես, այդ բազմաթիվ խնդիրները, ինչպես նաև այնպիսիները, որոնք ուծացման ու անտարբերության վտանգ են գուժում, պետք չէ միայն հայրենիքի և առավել ևս նորածին Սփյուռքի նախարարության ուսերին թողնել: Ասել է թե հայապահպանության և հայ ինքնության պահպանության սուրբ գործում, գոնե, աշխարհասփյուռ հայերս պիտի միասնական լինենք: Դե իսկ վերջում մնում է միայն շնորհավորել մեր հայրենիքի, նրա բարեկամների և աշխարհասփյուռ հայերի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալ նորանոր հաջողություններ ու հաղթանակներ մեր ազգանվեր սուրբ գործում:
Արարատ Ղուկասյան, Իսպանիա
|