15.03.2013
Երբ մեկտեղվում են աշխարհի մշակույթները Երբ աշխարհում գոյություն ունեցող սահմաններն ընկալվում են գեթ զանազան մշակույթները տարանջատող բնագծեր, ակամայից պատկերացնում ես, թե որքա՜ն հարուստ է Երկիր մոլորակը, որի ուղեծրով կողք-կողքի և համաչափ պտտվում են նույն այդ մշակույթները՝ առանց իրար խանգարելու և մեկը մյուսին լրացնելով: Միայն այս դեպքում է, որ համակեցությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն, որից և ծնվում է այդքան բաղձալի խաղաղությունը: Թերևս այս վերջինն անհնարին լինի ձեռք բերել ամբողջ աշխարհում (համենայն դեպս, դեռ ոչ ոքի դա չի հաջողվել), քանզի եթե չեն բախվում գաղափարախոսությունները, ապա դա անում են կրոնները, և եթե չեն բախվում մշակույթները, ապա դա անում են սովորույթները: Իսկ ահա այս փոքրիկ լսարանում ամեն ինչ հնարավոր է: եվ պետք է մենընդմիշտ ընդունել, որ հենց նման փոքրիկ լսարաններից է սկսվում ամեն ինչ՝ սերը կամ ատելությունը, խաղաղությունը կամ պատերազմը, հանդուրժողականությունը կամ վանումը: Այս փոքրիկ լսարանում հնարավոր է մեկտեղել բոլոր մշակույթները, կրոնները, գաղափարախոսություններն ու սովորույթները: Այստեղ հնարավոր է գտնել համակեցության բանաձևը և հաստատել խաղաղություն: Իսկ բանաձևը միակն է՝ լսել և ճանաչել: Դրա համար ընդամենը պետք է մեկ բան՝ համագործակցություն: Իսկ ահա վերջինիս ամենաանհրաժեշտ պայմանը լեզուն է, այս դեպքում՝ իսպաներեն լեզուն: Այս երգեցիկ լեզուն սովորելու անհրաժեշտությունը կողք-կողքի է նստեցրել հրեային ու պաղեստինցուն, հնդիկին ու պակիստանցուն, թուրքին ու քուրդին, ռուսին ու լեհին, պարսիկին ու իրաքցուն... Եվ այդպես, ցայսօր 48 ազգի ներկայացուցիչներ, մոռանալով բոլոր քաղաքական տարաձայնությունները, կրոնական ու ազգային տարբերությունները, միավորվել են մեկ նվիրական գաղափարի շուրջ՝ սովորել այն հյուրընկալ երկրի լեզուն, որն այդքան ջերմորեն իր դռներն է բացել իրենց առջև: Լեզուն սովորելով հանդերձ, կամա թե ակամա, նրանք բոլորն էլ ի ցույց են դնում իրենց տարբերությունները, սակայն ոչ թե եսասիրության ու ազգայնամոլության հարթակից, այլ ծանուցելու նպատակով: Եվ տեսնելուց, լսելուց ու ըմբռնելուց հետո հասկանում ես, որ կողքինիդ տարբերությունը միմիայն հարստացնում է քեզ: Հենց այդ տարբերություններն են, որ ստեղծում են այն գեղեցիկ, գունեղ ու բազմերանգ մշակութային խճանկարը, որը զարմանալիորեն և հաճելիորեն համատեղվում է այս փոքրիկ քաղաքում՝ Միսլատայում, ուր 115 ազգի ներկայացուցիչներ են ապրում կողք-կողքի: Եվ որքան էլ զարմանալի կամ անհավատալի թվա՝ այստեղ բնակվող օտարազարգիներին միավորողը...հայն է: Դասավանդողն այս տողերի հեղինակն է, ով բացի ուսուցանելուց նաև ուսանում է: Եվ, հավատացեք, մեծագույն բավականություն եմ ստանում, երբ հաջողվում է հանդուրժողականություն սերմանել կրոնների ու գաղափարախոսւթյունների միջև, որոնք լեզվի ուսուցանման միջոցով սկսում է հետաքրքրել բոլորին՝ պակիստանցուն հնդիկի մտահոգությունը, թուրքին՝ հայի պահանջը, հրեային՝ պաղեստինցու խնդիրը: Հավատացեք, այս ամենի պատասխանները գտնում ենք այս փոքրիկ լսարանում՝ Միսլատայի Գաղթականների Ինտեգրման և Միջնորդության Կենտրնում (AMICS), ուր նույնիսկ տարիքը սահմանափակում չունի: Այստեղ տեղ ունեն բոլորը՝ և՛ 84-ամյա ղազախուհի Կլավդիա Պոստուշենկոն և 15-ամյա հնդկուհի Մրկիտ Կոտը: Նայելով նրանց՝ հասկանում ես, որ բոլոր խնդիրներն ունեն իրենց պատասխանները, և դրանք կարելի է հայտնաբերել խաղաղորեն: Արարատ Հայկական Միությունը, համագործակցությամբ Միսլատայի քաղաքապետարանի, այս էլ արդեն 6-րդ տարին է, ինչ իսպաներենի անվճար դասընթացներ է անցկացնում օտարերկրացիների համար: Վերջին կուրսի շրջանավարտները լրացրեցին մոտ 700 աշակերտների շարքը, որոնք ժամանակին այցելել են դասընթացներին: Պատվոգրերը հանձնելու համար քաղաքապետարանից ժամանել էին Միջազգային Համագործակցության խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան (José Ramón Boscá), Ձախ Միության խոսնակ Սալվադոր Գարսիա Մոտան (Salvador García Mota) և Ժողովրդական Կուսակցության խորհրդականներ Լիխիա Ռոդրիգոն (Liqia Rodrigo) ու Խուլիո Բալբաստրեն (Julio Balbastre): Հանձնման արարողության վերջում խոսք առավ Խոսե Ռամոն Բոսկան, ով բարձր գնահատեց «Արարատ» միության ծավալած գործունեությունը ո՛չ միայն քաղաքում, այլ նաև մարզում և ամբողջ երկրում: Ինչպես միշտ, այս անգամ ևս պատվոգրերի հանձնման արարողությանը հաջորդեց փոքրիկ ճաշկերույթը, որին բոլոր ազգերը ներկայացրեցին իրենց ազգային ուտեստները:
Արարատ Ղուկասյան, Վալենսիա (Իսպանիա)
|