Իսպանիայի «Արարատ» հայկական միության
նախաձեռնությամբ Միսլատայի մշակույթի տանը տեղի կունենա հերթական գրքի
շնորհանդեսը, որը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին: Հայի, հայկական
մշակույթի և ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ իսպաներենով հրատարակված
գրքերի քանակն աննախադեպ առաջընթաց է ապրում, և այդ ամենը՝ շնորհիվ
իսպանահայության հայապահպան նպատակասլաց քաղաքականության: Այս ամենը
նպաստում է նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը և, որ ամենակարևորն է,
իսպանացիների՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրության աննախադեպ աճին:
Այս ուղղությամբ տարվող աշխատանքները
հանգեցրին Հայաստանն իսպանախոս աշխարհին ներկայացնելու կարևրոագույն
նպատակին, որը լույս աշխարհ բերեց «Հայաստան. հպարտություն և կիրք»
զբոսաշրջության ձեռնարկը՝ հեղինակությամբ վալենսիացի Խոսե Մարի Կալի: Այս
չափազանց կարևոր ձեռնարկն ավելի մեծ հետաքրքրություն և կիրք է ներշնչում ոչ
միայն նրա համար, որ իսպաներենով հրատարակված առաջին նմանօրինակ գիրքն է,
այլև որ իր կազմի վրա կրում է հետևյալ ենթավերնագիրը՝ «Ընդգրկում է
Լեռնային Ղարաբաղը»: Գիրքը բազմաթիվ համացանցային հարձակումների առիթ է
տվել մեր «զոռբա» հարևաններին, որոնք չեն դադարեցնում հեղինակին ուղղված
հալածանքները:
Ինչևէ, գրքի շնորհանդեսը տեղի կունենա Միսլատայի մշակույթի տանը 2012
թվականի հունիսի 1-ին, որին հրավիրում ենք բոլորին, և որի ընթացքում
կցուցադրվի Հայաստանի վերաբերյալ վավերագրական ֆիլմ, կհնչի հայկական
երգ-երաժշտություն և ասմունք: Սա «Արարատ» հայկական միության կողմից
իրականացված 6-րդ հայաստանաիրազեկ գրքի շնորհանդեսն է, որը թույլ կտա ևս
մեկ գրքով հարստացնել Իսպանիայի գրադարաններն ու գրախանութները և իսպանացի
ընթերցասերների գրապահարանները: Գիրք, որը լավագույնս կներկայացնի մեր
հայրենիքը, քանզի ինքը՝ հեղինակը, ամբողջովին սիրահարված է
Հայաստանին,-հաղորդում են «Արարատ» հայկական միությունից:
|