ՍՓՅՈՒՌՔ
29.03.2013
Հայկական Անկյուն՝ Միսլատայում «Մադրիդը՝ Հայաստանի մայրաքաղաք»,- հայտարարեց Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն VI-ը, ում Արագոնի և Կաստիյա լա Մանչայի թագավորները, փրկագին վճարելով Եգիպտոսի սուլթանին, բերում են Իսպանիա և նվիրում նրան Մադրիդի ու Վալյադոլիդի տարածքները: Մոտ 700 տարի առաջ տեղի ունեցած այս հետաքրքրաշարժ և գրեթե մոռացության տրված դեպքից հետո ևս մի քանի արժանահիշատակ իրադարձություններ են տեղի ունեցել Իբերիա թերակղզու տարածքում, որոնցում առկա է հայկական հետքը այս արևաշատ երկրում: Արևաշատ և անհասկանալիորեն հայաքիչ երկրում, որտեղ, ի զարմանս հնագիտության, հայտնաբերված ամենահին մարդկային կմախքները պատկանում են արմենոիդների ռասային: Ահա այսպես, Մեծ գաղթից ի վեր՝ Հայկական լեռնաշխարհից գաղթած մարդկային ցեղերը հաստատվում են թերակղզում՝ իրենց հետ բերելով պղնձաձուլության հնագույն արվեստը, որից ստացած գույնի հետևանքով հնագետները նրանց անվանել են «կանաչ մարդիկ»: Սակայն ո՛չ այս հնագիտական փաստը, ո՛չ բասկերի և բազմաթիվ իսպաներեն բառերի հայկական արմատ ունենալու հենքը, ո՛չ Մադրիդի առաջին և միակ «սենյոր Լևոնի» հանդգնությունը, ո՛չ Կադիսում 16-րդ դարում հիմնված հայկական «Հիսուս Նազովրեցի» եղբայրությունը և ո՛չ էլ ներկայիս հայկական կազմակերպությունները ի զորու չեղան Իսպանիայում հայկական դասական համայնքի ստեղծմանը: Սա, թերևս, ժամանակի և քանակի հարց է, որը լուծելու համար, անշուշտ, որակ է հարկավոր: Այնպիսի որակներ, ինչպիսիք են Արա Մալիկյանը, Գեգել Մազմանյանը, Ջիվան Միրզոյանը, Լիլիթ Մանուկյանը կամ հենց ինքը՝ Լևոն արքան: Որակներ, որոնք ի զորու են հանդգնաբար և վստահաբար հայտարարել՝ ովքե՛ր ենք մենք, որտեղի՛ց ենք գալիս և ո՛ւր ենք գնում: Վերջիններս անհատականություններ են, որոնք կարող են հատկանշել իսպանահայության ուղին՝ ի նպաստ հայ ինքնության պահպանմանն ու ճանաչմանը: Հենց այս նպատակն է հետապնդում «Արարատ» հայկական միությունը, որի հերթական նախաձեռնությունը գումարվեց վերը նշված պատմական իրադարձություններին և վերջին 10-ամյակում Իսպանիայում ի կատար ածված հայապահպան գործունեությանը՝ հայկական միությունների ու դպրոցների հիմնում, հուշարձանների տեղադրում, պարբերականի հրատարակում և այլն: Այսպես են ստեղծվել դասական համայնքները՝ մեծ ու փոքր նախագծերով՝ հավատարիմ ազգապահպան նպատակին: Հենց այս նպատակին պիտի ծառայի նաև Հայկական անկյունը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 27-ին Միսլատայի օտարերկրացիների ինտեգրման կենտրոնում (AMICS): Վիլյամ Սարոյանի անվան այս հայկական կենտրոնը, որն ընդգրկում է 7 լեզուներով 150-ից ավելի հայագիտական գրքեր, ֆիլմադարան և երաժշտացանկ, նվիրվում է մեծանուն գրողի 105-ամյակին: Այն մի կտոր Հայաստան է այս օտար հողի վրա, որտեղ հայությունը կարող է վերագտնել իր ակունքները, հայ մշակույթն ու գրական հարուստ ժառանգությունը, հանդիպման մի կետ, որտեղ մշտապես կիշխեն հայկականությունն ու անաղարտ հայերենը: Այնպես, ինչպես հենց բացման արարողության ժամանակ, երբ կենտրոնի պատերը գրկել էին հայ պատմագիտության ու գրականագիտության դեմքերին՝ Արտավազդ II թատերագիր արքայից մինչև նույն ինքը՝ Վիլյամ Սարոյանը: Նրանց նկարներն ուղեկցվում էին կենսագրական տվյալներով՝ հայերեն և իսպաներեն լեզուներով: «Հայկական անկյուն»-ի բացմանը քաղաքապետարանից ներկա էր Միջազգային հարաբերությունների խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան (José Ramón Boscá), ով կենտրոնի տնօրեն Լուիս Ռեալի (Luis Real) հետ ստանձնեց բացման արարողությունը: Խոսք առնելով՝ Խոսե Ռամոն Բոսկան հայտնեց, որ «ամեն անգամ մի անակնկալ սպասում ես մեր քաղաքի հայերից, որի համար անչափ շնորհակալ եմ «Արարատ» հայկական միությանը և զարմացած նրա անսպառ էներգիայով ու ցանկությամբ, որով մեր քաղաքը դառնում է ավելի գունեղ ու բազմամշակույթ»: Իսկական անակնկալ տեղի ունեցավ հենց արարողության ժամանակ, երբ կենտրոնի տնօրեն Լուիս Ռեալին նվիրվեց Աշոտ Արծրունու «Հայ Ժողովրդի պատմություն» («Historia del Pueblo Armenio») գիրքը: Բացմանը ներկա էր նաև իսպանահայության և իսպանական հասարակության սիրելին դարձած Լիլիթ Մանուկյանը, ով այդչափ գրքերի մեջ կարծես մի քայլող հանրագիտարան լիներ: Հավաքված հայերը մեծ հպարտությամբ էին ներկայացնում Լիլիթին՝ իսպանագիտության և համաշխարհագիտության ամենագետին, ում նույնպես մրցանակ էր սպասվում «Արարատ» միության կողմից: Ստանալով նվերը՝ Լիլիթը խոստացավ, որ ցանկություն ունի մասնակցելու «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին և վաստակած ողջ գումարը նվիրաբերել հայկական միությանն ու դպրոցին: Բացման արարողության վերջում վավերագրական ֆիլմ ցուցադրվեց Հայաստանի մասին և ներկաներին առաջարկվեց ճաշակել հայկական ուտեստներ: Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Լիլիթ Մանուկյանին, իսկ «Հայկական անկյուն»-ին ցանկանալ, որ շուտով վերածվի հայագիտության խոշոր կենտրոնի:
Արարատ Ղուկասյան, Վալենսիա (Իսպանիա)
|