Հայոց ցեղասպանության
97-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Իսպանիայում մեկնարկեց
ապրիլի 22-ին Մադրիդում և Բարսելոնայում: Կիրակի օրը Իսպանիայի մայրաքաղաքի
Iglesia de las Carmelitas եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի
հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հաջորդեց մադրիդահայության
ծխական խորհուրդի ուժերով կազմակերպված սգո հանդիսություն: Ինչպես
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը Բարսելոնայի Մարե դե
Դեու դելս Անխելս եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված
սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն, որը կատարեց Իսպանիայում
հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Հոգևոր
քարոզով և զորակցության խոսքով ելույթ ունեցավ Բարսելոնայի կաթոլիկ
եկեղեցու ներկայացուցիչ հայր Ռաֆայել Մենդես Էլինը: Եկեղեցական
հանդիսությանը հետևեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի
տեղադրման արարողությունը, որին ներկա էին Կատալոնիայում ՀՀ պատվո
հյուպատոս Խուան Սանմարտինը, Կատալոնիայի ծխական խորհրդի նախագահ Գրիգոր
Մաղաքյանը, հայկական մշակութային կազմակերպությունների և ասոցիացիաների
ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ապրիլի 22-ին
Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ վալենսահայությունը
համախամբվել էր Միսլատայի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանի մոտ, ուր ծաղիկներ զետեղվեցին, մոմեր
վառվեցին և խունկ ծխվեց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկա էր
նաև Միսլատայի հեռուստատեսությունը, որը տեսանյութը հեռարձակեց ապրիլի
24-ին: «Արարատ» միությունը նաև նախաձեռնել էր ստորագրահավաք` կոչ անելով
Վալենսիայի Խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ստորագրահավաքին
միացել են ավելի քան 2000 վալենսիացիներ: Ապրիլի 24-ին
Իսպանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվեց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված
ոգեկոչման արարողություն: Հիշատակման խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ
գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Քահանա Տեր Մասիս Գույումջյանը
կատարեց հոգեհանգստի պաշտոն: Տեղի ունեցավ իսպանացի ականավոր գրող և
լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի Հայկական հարցին նվիրված «Ռումբը» գրքի
հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հեղինակը հանդես եկավ շնորհակալական
խոսքով, արտահայտեց իր խորին համակրանքը Հայաստանի և հայ ազգի նկատմամբ,
վերահաստատեց իր անվերապահ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին`
հասնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, համոզմունք հայտնեց,
որ համադրված ջանքերով և նպատակասլաց աշխատանքով մոտ ապագայում հնարավոր
կլինի հասնել այդ նպատակին: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Ալիկանտե քաղաքի
հայությունը և մեծ թվով իսպանացիներ, որոնք հավաքվել էին քաղաքի Պալմերա
զբոսայգում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Տեղի ունեցավ սգո
արարողություն, տեղադրվեցին ծաղկեպսակներ:
|