Միսլատայի Մշակույթի Տանը «Արարատ» Հայկական Միության նախաձեռնությամբ
տեղի ունեցավ Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսություն» (Antologia de
la literatura armenia) իսպանատառ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին
Հայաստանի պատվո հյուպատոս Լուիս Բարբերան, իսպանացի եւ հայ
հանդիսատեսներ: Բացման խոսքը վերապահված էր միության նախագահ Արարատ
Ղուկասյանին, ով շատ կարեւորեց գրքի առկայությունը իսպանական
հասարակության մեջ, քանի որ ընդգրկում է հայ դասականների (Նար-Դոս, Ավետիք
Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Թումանյան) այնպիսի
ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ավելորդը», «Փողի համը» կամ,
նույնիսկ, «Գիքորը»: Ա. Ղուկասյանը նշեց, որ հայերեն շատ քիչ
ստեղծագործություններ են թարգմանված իսպաներենով, եւ սա մի «հիանալի
հնարավորություն է, մեր գրադարաններում ունենալ հայ գրականության նման
գործեր»: Շնորհանդեսին մասնակցող իսպանացի հանդիսատեսը մեծ
հետաքրքրություն ցուցաբերեց՝ ձեռք բերելով իրենց ոչ այդքան ծանոթ հայ
գրական ստեղծագործության նմուշը:
Անի Խաչատրյանի ստեղծագործությունն ընդգրկում է նաեւ Հայոց Պատմությանը եւ Հայ Գրականության պատմությանը վերաբդրող էջեր:
Գրքին, հեղինակին եւ, ընդհանրապես, հայկական միության գործունեությանը
գովեստիքի խոսք ուղղեց հյուպատոս Լուիս Բարբերան, որին հետեւեցին հարցեր
հեղինակին, որոնց նա մեծ սիրով պատասխանեց: |