ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍՊԱՆԻՈՅ ՀԱՅ ՆՈՐԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԷՆ ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆԻ ՀԵՏ
Իսպանիայում Լոյս Է Տեսել Հայոց Ցեղասպանութեան Մասին Առաջին Իսպանալեզու Վէպը
Հարցազրոյց Իսպանիայի Միսլատայ քաղաքի «Արարատ» հայկական միութեան նախագահ եւ «Հայրենիք» պարբերականի գլխաւոր խմբագիր Արարատ Ղուկասեանի հետ:
ՀԱՐՑ.- Եր՞բ է ստեղծուել միութիւնը եւ ի՞նչ գործունէութիւն է ծաւալում:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- «Արարատ» հայկական միութիւնը ստեղծուել է 2004 թուականի Սեպտեմբերի 1ին, երբ պահանջ առաջացաւ ստեղծելու հայկական դպրոց, որպէսզի հայ երեխաները սովորեն հայերէն եւ ստանան հայեցի դաստիարակութիւն: Դպրոցի աշխատանքները սկել ենք ռեստորանում, 2 աշակերտով: Այսօր արդէն Միսլատայի կիրակնօրեայ հայկական դպրոցի աշակերտների թիւ 42ն է, իսկ դպրոցի տարածքի հարցում մեզ օգնեց քաղաքապետարանը:
6 տարուայ ընթացքում դպրոցը 343 շրջանաւարտ է տուել, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ ներգրաւուած են իսպանական հանրային կեանքում կամ քաղաքանութեան մէջ: Նրանք, ուսանելով իսպանական համալսարաններում կամ աշխատանքի անցնելով իսպանական ընկերութիւններում, իսպանական շրջանակներում ներկայացնում են Հայաստանը եւ հայկական մշակոյթը, որպէսզի մեզ չշփոթեն արաբների հետ եւ իմանան, որ մենք առաջին պետութիւնն ենք, որ ընդունել ենք քրիստոնէութիւնն՝ իբրեւ պետական կրօն:
Մեր հրատարակած «Հայրենիք» թերթում բերում ենք բազմաթիւ փաստեր, որ Հայաստանը եղել է մարդկութեան բնօրրանը: Մենք չենք դադարում ապացուցելուց, որ թուրքական քաղաքակրթութիւն ասուածը գոյութիւն չունի, իսկ մերօրեայ Թուրքիան սոսկ կեղծիքի, ապատեղեկատուութեան վրայ հիմնուած պետութիւն է, որն անընդհատ խոչընդոտում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին: Այսօր Միսլատայում եւ ամբողջ Վալենսիայի մարզում կատարւում է ստորագրահաւաք, որպէսզի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը ներկայացնենք Վալենսիայի խորհրդարանին:
ՀԱՐՑ.- Հայկական համայանքը Միսլատայում ակտի՞ւ է, թէ՞ նախընտրում է չառանձնանալ իր ազգային պատկանելիութեամբ:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- 45.000 բնակչութիւն ունեցող Միսլատան, որն ունի ընդամէնը 2 քառ. կմ տարածք, համարւում է Եւրոպայի ամենախիտ բնակեցուած քաղաքներից մէկը: 107 ազգութիւն է ապրում այս քաղաքում եւ 107 ազգութիւնների մէջ մեր միութիւնը միակ օտարազգի միութիւնն է, որի հետ հաւասարի ուժով հաշուի են նստում բոլոր իսպանական միութիւնները եւս, իսկ դրանք 120ից աւելին են:
Այս տարուայ Սեպտեմբերին մենք ճանաչուեցինք՝ որպէս միջազգային միութիւն: Իսկ 2007 թուականին առաջին անգամ մասնակցեցինք Միութիւնների տօնավաճառ- ցուցահանդէսին, որտեղ ներկայացրել էինք Հայաստանը՝ սկսած խոհանոցից մինչեւ մշակոյթ: Երբ Միսլատայի քաղաքապետը մօտեցաւ մեր տաղաւարին ու նրան դիմաւորեցինք աղուհացով, շատ զարմացաւ…յետոյ բացատրեցինք, որ այս կերպ մենք մարդկանց «բարի գալուստ ենք ասում Հայաստան»:
Ակտիւ գործունէութիւն է ծաւալում նաեւ կիրակնօրայ դպրոցը, որտեղ կարողացանք ստեղծել պարի խումբ ու թատերախումբ: 6 տարուայ ընթացքում 6 ներկայացում ենք բեմադրել: Պէտք է ասել, որ շատ դժուար է աշխատել թատերական ասպարէզում փորձ չունեցող երեխաների հետ, բայց մենք ամէն բան անում ենք, ու դա վարձատրւում է…այս կարճ ժամանակամիջոցում կարողացել ենք շահել ոչ միայն հայ ազգաբնակչութեան սէրը, այլ նաեւ տեղացիների:
ՀԱՐՑ.- Այդ ծաւալի աշխատանքների համար հաւանաբար նաեւ մեծ հայրենասիրութիւն ու կամք է պահանջւում:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Շատ յաճախ մարդիկ ինձ համարում են ազգայնամոլ, իսկ ես պատասխանում եմ, որ եթէ մենք լիենինք 40 միլիոն, ես ազգայնամոլ չէի լինի, բայց մենք 10 միլիոն ենք, որից 7ը դրսում է:
ՀԱՐՑ.- Ի՞նչ կարեւոր իրադարձութիւններ են եղել վերջին շրջանում, որոնց մասին կուզենայիք բարձրաձայնել:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Վերջերս Իսպանիայում հրատարակուեց առաջին իսպանալեզու գիրքը Հայկական Ցեղասպանութեան մասին. կոչւում է «Արարատի զաւակները»: Վէպի հեղինակը կատալոնացի հանճարեղ մի գրող է՝ Մարի Մորտեն անունով, ով ապրում է Բարսելոնում, ունի տուն Ստամբուլում, եւ մի քանի անգամ եղել է Հայաստանում: Հէնց Հայաստանում էլ նա գտել է իր գրքի հերոսուհուն, լսել Ցեղասպանութիւնը վերապրած կնոջ պատմութիւնը, եւ գրել այդ վէպը:
2010 թուականի Մայիսի 28ին Իսպանիայում տեղադրուեց առաջին՝ «Կենաց խա»չ կոչուող յուշարձանը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեանը, որի հեղինակը æիւան Միրզոյեանն է: Յուշարձանի մի երեսին ներկայացուած է ողջ Հայոց պատմութիւնը, միւս երեսին իսպանական մոտիւներ են, իսկ իսկ խաչի կենտրում յաւէրժութեան նշանն է: Սա նաեւ հայ-իսպանական բարեկամութեան յուշարձան է, եւ շատ կարեւոր նշանակութիւն կ՛ունենայ համայնքի կեանում, քանի որ յուշարձանն իր տարածքով կը դառնայ փոքրիկ Հայաստան, ուր մենք կը հաւաքուենք մեր պետութեան համար կարեւոր օրերին:
ՀԱՐՑ.- Լրագրողների համահայկական 5րդ համաժողովին դուք ներկայացնում էք «Հայրենիք» պարբերականը: Խնդրում եմ, ներկայացրէք նաեւ Ձեր այս նախաձեռնութիւնը:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Միսլատայում հայ երիտասարդութեան շրջանում հայախօսութիւնը շատ թոյլ է: Դրանից ելնելով էլ երկու տարի առաջ ստեղծուեց «Հայրենիք» թերթը, որպէսզի ամէն մի հայ օջախ մուտք գործի հայերեն գիրը: Թերթում ունենք լրաքաղ, Միութեան նորութիւնների էջ, «Հայերն Իսպանիայում» շարքը, գրական էջ, հայոց պատմութեան եւ ժամանցի էջեր: Պէտք է ընդգծեմ, որ մէր գործում շատ մեծ է «Հայերն Այսօր» կայքէջի դերը, որն անմիջական կամուրջ է հանդիսանում Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ: