Martes
03.12.2024
19:44
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2011  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2011 » Octubre » 22 » ԵՐԳՙ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐԹՆԱՑՈՒՄԻ
    14:42
    ԵՐԳՙ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐԹՆԱՑՈՒՄԻ

    ԵՐԳՙ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐԹՆԱՑՈՒՄԻ

    Լոս Անջելեսում ապրող հայ երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց) առայժմ անծանոթ անուն է Հայաստանում: Արմատներով Լեռնային Ղարաբաղից (Մարտակերտի շրջան)` մանկությունն ու պատանությունը անց է կացրել Բաքվում: Հայրը մասնագիտությամբ բժիշկ, հայոց պատմության լավատեղյակ անձ, 1988-ի Սումգայիթի հայկական ջարդերից հետո շատ արագ կանխազգաց դրանց տարածման անխուսափելիությունը նաեւ Բաքվում եւ մի քանի օրվա ընթացքում թողնելով ամեն ինչ, ընտանիքի հետ եկավ Հայաստան:

    «Սումգայիթյան իրադարձություններից մենք սարսափահար էինք, որովհետեւ այդ նույն օրերին Բաքվի կենտրոնական փողոցներով հակահայկական լոզունգներով եւ կոչերով հանրային երթեր էին կազմակերպվում: Մենք ապրում էինք մի փողոցում, որ կարծես հեգնորեն անվանված էր «Երիտասարդների բարեկամություն»: Մեր դուռը թակեցին անհասկանալի մտադրությամբ ադրբեջանցիներ, բայց, փառք Աստծո, նրանք շատ համառ չէին, եւ մենք չբացեցինք դուռը»:

    Բոլորը չէ, որ կանխազգալով վերահաս վտանգը, թողեցին իրենց տները, նրանց մի մասը մնացՙ ականատեսը կամ զոհը դառնալով Բաքվի արյունոտ ջարդերի, նրանց մեջ նաեւ իր 2 տատիկները. «Նրանք երբեք կենդանի չէին մնա, եթե հարեւանները չօգնեին: Ազգությամբ ադրբեջանցիներ, որոնց հետ վաղուց լավ հարաբերություններ ունեին եւ որոնք արցունքներն աչքերին կատարեցին իրենց բարեկամական վերջին պարտքը: Իմ ընտանիքի մի քանի անդամների կյանքը ընդմիշտ ջարդուփշուր եղավ, ովքեր, այնուամենայնիվ, Սումգայիթից անմիջապես հետո չհեռացան: Նրանցից մենք բաժանվեցինք մեծ տագնապով, որ շատ երկար հետապնդեց մեզ»:

    Հայաստանում ընտանիքը տեղավորվեց Էջմիածնում, մի քանի տարի անց Մոսկվա մեկնելու որոշում ընդունեց, ապա 1992-ի նոյեմբերի 16-ինՙ Լուսիայի ծննդյան օրը, նրանք փոխադրվեցին Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես: Այստեղ Լուսիան հիմնավոր կրթություն ստացավ Կալիֆոռնիայի համալսարանում, ապա մագիստրոսական աստիճանըՙ Չիկագոյի Հոգեբանության պրոֆեսիոնալ դպրոցում: Թեկնածուական թեզ պատրաստվում է պաշտպանել «Փախստականների հոգեբանական զարգացումները հակամարտող երկրներում» թեմայով:

    1988-ի դեպքերը, սումգայիթյան հայկական ողբերգությունը, առհասարակ Ադրբեջանում հայերի ծանր վիճակը, վախերն ու սարսափները շատ երկար հետեւում էին փախստականներին. պատահական չէ Լուսիան ընտրում հոգեբանի մասնագիտություն: Միաժամանակ օժտված երաժշտական տվյալներովՙ Լոս Անջելեսում տարիներ նա երգել է «Երեւան» երգչախմբում (1-ին սոպրանո)ՙ Արթուր Վերոնյանի ղեկավարությամբ, հնարավորություն է ստացել ծանոթանալու հայ եւ եվրոպացի դասականների ստեղծագործություններին: Մասնակցել է երաժշտական բազմաթիվ ծրագրերի եւ հաղորդաշարերի: 2005-ին թողարկել է առաջին ալբոմը («Lvitsa») եւ նույն տարում «Armenian Music Awards» մրցույթում ճանաչվել որպես «The Best International Albom»: Հաջորդ ալբոմը երգչուհին կթողարկի այս տարվա նոյեմբերին: Իր վերջին երգը (տեքստը, երաժշտությունը եւ կատարումըՙ Լուսիա Մունի) «Դեր էլ Զոր» (անգլերեն, հայերեն) նվիրված է 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Այս երգը ես գրել եմ եկեղեցումՙ արցունքներից խեղդված, որով նա ինձ համար շատ թանկ է, եւ պատմությունը երգի բացառիկ է, այստեղ նույնիսկ վավերագրական փոքրիկ ֆիլմ էին փորձում նկարահանել», էլեկտրոնային նամակագրությամբ հայտնում է երգչուհին:

    Իմ երեւանյան զրուցակիցը Լուսիա Մունի հայաստանյան պրոդյուսեր Դավիթ Իոնդեմն է: Նա պատմում է, որ Լուսիան կուրսային աշխատանքի թեմա պրոֆեսորներից մեկի խորհրդով ընտրում է հայոց պատմության ծանրագույնՙ 1915-ի եղերական շրջանը, արխիվների ուսումնասիրության ժամանակ խորապես տպավորվում է գերմանացի իրավագետ, Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական բանակի սանիտար-սպա Արմին Թ. Վեգների վկայություններից: Դեր Զորի անապատներում հայերի համար պահված դժոխքը, դաժանագույն պատկերների նկարագրությունները խորապես ազդում են նրա զգայուն ներաշխարհի վրա, ասոցացվում Բաքվի` պատանության տարիների իր վախերին ու տագնապներին: Վկայություններում հանդիպած խելակորույս մի հայ կնոջՙ հայ մորՙ որդուն ուղղված «թուրքին չտաս իմ դին, կեր մարմինս, որ ապրես» խոսքերը դառնում են իր նորՙ «Դեր էլ Զոր» երգի լեյտմոտիվը եւ օգտագործվում տեքստում: Նրա մեջ զգացմունքային նոր խռովք է առաջացնում անցած տարի Դեր Զորում ՀՀ նախագահի այն միտքը, թե «Դեր Զորը հայերի համար նույնն է, ինչ հրեաների համար Օսվենցիմը, իսկ ե՞րբ է գալու հայերի Նյուրնբերգի ժամանակը»...

    Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում արվեստի բացառիկ ազդեցությունը եւ զորեղ ներգործուն ուժը այս տասնամյակներում բազում դրսեւորումներ է ունեցել, գեղարվեստի համամարդկային լեզվով շատ ավելի արագ հասանելի եւ ընկալելի եղել աշխարհի շատ ժողովուրդների: «Մեր պետական քաղաքականության մեջ Ցեղասպանության ճանաչման հարցն առաջնային է: Ես կարծում եմՙ հայոց հիմնախնդիրներով պետք է զբաղվել ոչ թե մեկ, այլ տարվա մեջ ամեն օրՙ յուրաքանչյուրս մեր տեղում: Այս երգը Լուսիան նվիրել է հայ ժողովրդինՙ Ցեղասպանության ճանաչման գործընթացներում օգտագործելու նպատակով, անգլերեն հնչողությունը մատչելի է դարձնում 1915-ի պատմական եղելությունը երգի լեզվով միջազգային հանրությանը իրազեկ դարձնելուն», ասում է Դավիթ Իոնդեմը, մասնագիտությամբ իրավաբան, բարեկիրթ, հայ երիտասարդ: Լուսիա Մունը որպես երգչուհի իր արվեստով է մասնակից այս խնդրին: Սակայն նպատակին ծառայելու համար երգը, բնականաբար, հանրային հնչեղություն պիտի ստանա, ինչն առայժմ չի կայանում:

    Դավիթ Իոնդեմի ջանքերն այս ուղղությամբ դեռեւս անարդյունք են: Նա դիմել է Հանրային հեռուստաընկերությունՙ այս տարվա ապրիլի 24-ին երգը եթեր հնչեցնելու խնդրանքով, բայց մերժվել է: Մերժվել է նաեւ այն որպես լրատվություն ներկայացնելու խնդրանքը: Հակառակՙ առանց որեւէ խոչընդոտի, նույն օրը երգը հնչել է Ստեփանակերտի հանրային հեռուստատեսությամբ: Էլեկտրոնային հասցեով երգն ուղարկել է նաեւ հայկական բոլոր ռադիոկայաններին եւ դարձյալ անարձագանք մնացել: Երգի լազերային սկավառակը ուղարկել է վարչապետին, այն փոխանցվել է մշակույթի նախարարություն, ստացվել դրվատական պատասխանՙ «...երգի բովանդակությունը եւ կատարումը անկասկած կնպաստեն նաեւ երգի միջոցով ցեղասպանության փաստը ի լուր աշխարհի ճանաչելի դարձնելուն», միաժամանակ նշելով, որ երգը լայն լսարանին հասանելի դարձնելու միջոցըՙ հեռուստատեսությունն ու ռադիոն, «ծրագրերի ընտրության հարցում անկախ են, եւ նախարարությունը երգի հեռարձակման հարցում օգտակար լինել չի կարող»:

    Սփյուռքի նախարարությունում հուսադրել են, որ երգը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրերի մեջ կօգտագործվի, իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում Արտաշես Ալեքսանյանի «Հայերի դատը մարդկության դատն է» բեմականացման մեջ հետաքրքական լուծումներ է ստացել:

    Լուսիա Մունի «Դեր էլ Զոր» երգը երիտասարդ հայ մարդուՙ անցած դարասկզբին իր ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության նորովի վերապրում էՙ զգայուն եւ ազդեցիկ, երաժշտական նյութի եւ կատարման ձեւի արդիական լուծումներով եւ թարմություն է: Անշուշտ, լայն լսարանին հասանելի դառնալու արժանի:

    Լուսիան այս տարի հունվարին առաջին անգամ վերադարձավ հայրենիք. «Սիրահարվեցի իմ երկրին, ինչպես երբեք, նույնիսկ երգ գրեցի: Ընտելացած «փախստական» կարգավիճակինՙ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել վազքերում եւ տան զգացողություն ունեցա միայն Հայաստանում: Ինձ թվաց, որ այստեղ ոչ ոք ինձ չի վիրավորի, չի հեռացնի, եւ որ բոլորը սիրում են: Զարմանալի զգացում»:

    ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

    Հ. Գ.- Դավիթ Իոնդեմի առաջարկով Լուսիա Մունը սիրով համաձայնել է Հայաստանը ներկայացնել «Եվրոտեսիլ-2012» միջազգային մրցույթին, որը կկայանա Բաքվում: Այս առիթով հայկական էլեկտրոնային թերթերից մեկի անստույգ հրապարակումը ադրբեջանական կայքէջերում աղմուկ է բարձրացրելՙ թյուր մեկնաբանություններով: Լուսիա Մունը «Եվրոտեսիլ»-ին մասնակցելու է ոչ թե «Դեր էլ Զոր» երգով, ինչպես իրենք են կարծել, այլ բոլորովին նորՙ «Եվրոտեսիլ»-ի չափանիշերին համապատասխան, սիրային բովանդակության երգով եւ պատրաստվում է նախընտրական փուլում այն ներկայացնել:

    Visiones: 1062 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 1
    1 Sachin  
    0
    Apparlnety this is what the esteemed Willis was talkin' 'bout.

    Nombre *:
    Email *:
    Código *: